Որն է Արմեն Աշոտյանի մեղքը, ինչ կապ ունի Իշխան Սաղաթելյանը

Որն է Արմեն Աշոտյանի մեղքը, ինչ կապ ունի Իշխան Սաղաթելյանը

Երեկ ընդդիմության հանրահավաքին զուգահեռ իշխանությունը կրկին ռեպրեսիաների գործիքն է գործի դրել, որպեսզի լռեցնի ընդդիմադիրներին։ Այս անգամ թիրախում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է, ով մեծ լսարան ունի եւ բավականին ծանրակշիռ խոսք։ Հանրահավաքից անմիջապես հետո Արմեն Աշոտյանը լայվ մտավ եւ տեղեկացրեց իր հետեւորդներին, որ ձերբակալվել է Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, 70-ամյա վաստակաշատ բժիշկ Միքայել Նարիմանյանը, ում մարդիկ գիտեն որպես Կաթողիկոսի բժիշկ։ 

Աշոտյանը ներկայացրեց, որ դեռ 2018 թվականից իշխանությունը փորձել է իր դեմ քրեական հետապնդում սկսել՝ Պետական վերահսկողական ծառայությունը՝ Դավիթ Սանասարյանի ղեկավարությամբ Բժշկական համալսարանում ստուգումներ են իրականացվել, մի ծավալուն տեղեկանք են սարքել, որը 4 տարի պտտվել է իրավապահ մարմիններով եւ ոչ մեկը չի կարողացել դրանով գործ հարուցել ու մեղադրանք առաջադրել Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Արմեն Աշոտյանին։ Սակայն ժամանակ է անցել՝ իրավապահ համակարգում որակական փոփոխություններ են տեղի ունեցել՝ գլխավոր դատախազ է նշանակվել Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը, Քննչական կոմիտեի նախագահ է դարձել «անհայտ ծագման» Արգիշտի Քյարամյանը, ԲԴԽ նախագահ է կարգվել նախկիններից «աբիժնիկ» Կարեն Անդրեասյանը, նոր դատավորներ են նշանակվել, մասնավորապես՝ կալանք տվող կամակատար դատավորների խումբ են ձեւավորել։ Եւ քանի որ այս բոլոր մարդիկ պատրաստ են հլուհնազանդ կատարել Նիկոլ Փաշինյանի ամենաապօրինի հրահանգները, ուստի հեշտացել է քաղաքական հակառակորդների դեմ գործեր սարքելը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը չի փոխվում՝ նրա գլխավոր գործիքը 2018-ից սկսած եղել եւ մնում է քրեական-քաղաքական հետապնդումները իր ընդդիմախոսների, իրեն քննադատողների դեմ։ Ուստի այն, ինչ անհնարին էր 2018-19-20-21 թվերին, 2022 թվականին միանգամայն հնարավոր է դարձել։

Հիմա գանք մեղադրանքին․ Մեզ մանրամասներ են հայտնել այս քրեական գործի մասին։ 2015 թվականին Երեւանի պետական բժշկական համալսարանը որոշել է իր աշխատակիցների համար Սեւանի ափին գտնվող հանգստյան տնից գույք ձեռք բերել։ Այդ գույքը եղել է հյուրանոցային 6 սենյակը եւ կոնֆերանս-դահլիճը, որը համալսարանը պատրաստվում էր օգտագործել իր նպատակների համար։ Մոտ 200 միլիոն դրամ են վճարել «Ծովասար» հանգստյան տան տնօրինությանը, իսկ այս հանգստյան տունը պատկանում է Իշխան Սաղաթելյանի ընտանիքին, որպեսզի իրենց աշխատակիցներին ամռան 4-5 ամիսներին ուղարկեն այնտեղ հանգստանալու, կոնֆերանսներ կազմակերպեն եւ այլն։ 2017 թվականից սկսած ԵՊԲՀ աշխատակիցներն իսկապես էլ օգտվել են այս հնարավորությունից՝ յուրաքանչյուր ամառ մեկնել են Սեւան, հանգստացել են։ Իսկ 2018 թվականին Փաշինյանին կից ՊՎԾ-ն գտել է, որ այս գույքը ձեռք է բերվել կադաստրային արժեքից թանկ գնով եւ ձեռք բերողները վատնում են արել, որը պետք է պատժվի։ Այդ ժամանակ համալսարանի ռեկտորը եղել է Նարիմանյանը, Հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Արմեն Աշոտյանը։ Եւ քանի որ հոգաբարձուների խորհրդով այս որոշումը չի հաստատվել՝ ԵՊԲՀ ռեկտորի եւ արհմիության նախագահի ստորագրությամբ է իրականացվել գնումը, գործող իշխանությունը գտել է, որ սա լավ առիթ է ՀՀԿ փոխնախագահին հետապնդելու։ Նմանատիպ հազարավոր գործարքներ, շատ ավելի ծանր վատնումներ են իրականացվել այս ընթացքում, բայց Աշոտյանը «համեղ» պատառ է եւ վրեժի զգացումով լի ՔՊ-ականները որոշել են այս թեման բարձրացնել։ Այսինքն, իրենք կարող են ամբողջ կուսակցությամբ Աղվերաններում հանգստանալ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին ծառայող տունն ու Սեւանի դաչան կարող են միլիոնավոր դրամների նորոգում եւ կահավորում ձեռք բերել, հարյուրավոր միլիոնների մեքենաներ, թիկնապահներ ունենալ, իսկ բժշկականի աշխատողները չեն կարող տարվա մեջ մի քանի օր Սեւանի ափին հանգստանալ։

ՊՎԾ-ն ստուգումներն սկսվել են 2018-ին, ավարտել՝ 2019-ին։ Ստուգման եզրափակիչ ակտը ուղարկվել է Բժշկական համալսարան, որը պատասխան նամակով իր փաստարկներն է ներկայացրել, որ այս գործարքում վատնում չկա, որ գույքը ծառայել է իր բուն նպատակին եւ ամեն տարի ԵՊԲՀ աշխատակիցներն օգտվում են դրանից։ Բայց դա դեր չի խաղացել, փաստորեն։ Դեր չի խաղացել նաեւ այն, որ ոչ ԱԱԾ-ն, ոչ նախկին Քննչականը, ոչ ՀՔԾ-ն այստեղ քրեորեն հետապնդելի արարք չեն տեսել։ Իսկ 2022 թվականի նոյեմբերին արդեն տեսնում են։

Պարզ է, որ այս ընթացքում ահռելի ժամանակ ու պետական ռեսուրս են վատնել այս գործի քննության վրա՝ երեւի 200 միլիոն դրամը բազմապատիկ գերազանցող, բայց դա վատնում չի համարվում, դա համարվում է բարձր իշխանություններին ծառայություն մատուցելու ազնիվ ձգտում։ Հրավիրվել եւ հարցաքննվել են ԵՊԲՀ բազմաթիվ աշխատակիցներ, որոնք այս տարիներին օգտվել են «Ծովասարում» հանգստանալու հնարավորությունից, հարցաքննվել են ռեկտորատի եւ հոգաբարձուների խորհրդի անդամները։ Բնական է, որ գնումը Աշոտյանն անձամբ չի իրականացրել եւ այս գործը հորով-մորով անելու մի ձեւ կա՝ եթե ռեկտոր Նարիմանյանն ու արհմիության նախագահը, որը երիտասարդ կին է, ցուցմունք տան Աշոտյանի դեմ։ Ինչին էլ փորձում է հասնել Քյարամյանի հիմնարկը։ 

Երեկ երեկոյան Մ․Նարիմանյանին ազատ են արձակել եւ ոմանք ենթադրում են, որ նա պահանջվող ցուցմունքը տվել է։ Դե, 70-ամյա, ինսուլտ տարած մտավորականին կարող էին վախեցնել եւ իրենց ուզած ցուցմունքը կորզել։ Բայց այս մեթոդներով մինչեւ ուր եւ ինչի են հասնելու, պարզ չէ։