Պայքարի պահանջ կա

Պայքարի պահանջ կա

Վերջին հանրահավաքը, որը նվիրված էր Ղարաբաղյան շարժման 36-ամյակին եւ կայացավ փետրվարի 21-ին, ցույց տվեց, որ մարդկանց մոտ պայքարի կամքը չի մեռել, մարդիկ անտարբեր չեն, անհաղորդ չեն: Չնայած հանրահավաքը կազմակերպող արտախորհրդարանական ուժերը մեծ աշխատանք չէին տարել մարդկանց իրազեկելու համար եւ առանձնապես շատ համակիրներ էլ չունեն, որ ողջ հրապարակը լցնեին, իսկ պաշտոնական ընդդիմությունն էլ խանդով է վերաբերվում եւ գրեթե չի մասնակցում մյուս ուժերի կազմակերպած ակցիաներին, բայց պետք է արձանագրել, որ բավական մարդ էր հավաքվել Ազատության հրապարակում:

Եվ առավել շատ մարդ հանրահավաքին հետեւում էր օնլայն, ինչը եւս հետաքրքրվածության ցուցիչ է: Ասել կուզի` մարդիկ պայքարի, ընդվզելու, ինչ-որ բան անելու կարիքը տեսնում են, ցավոք սրտի` կազմակերպողները, նախաձեռնողները չկան կամ պասիվ են: Կարող է անգամ թվալ, որ եթե սեպտեմբերին մարդիկ համատարած դուրս չեկան փողոց` Արցախի համար պայքարելու, ապա հիմա ի՞նչը կարող է նրանց ստիպել: Բայց դա էլ իր բացատրությունն ունի:

Արցախյան խնդրի փակուղի մտնելը, արցախյան ողբերգությունը, որքան էլ որ այս իշխանությունների մեղքը մեծ է, հասկանալի է, որ շատ ավելի բարդ, գրեթե անլուծելի խնդիր էր: Եվ հանրային գիտակցության մեջ մեխված են Ղրիմի, Աբխազիայի եւ մյուս «վատ օրինակները», որ մեզնից ավելի ուժեղ պետություններ չկարողացան իրենց հողը պահել-պահպանել: Եվ եթե մարդիկ ինչ-որ ձեւով փորձում են արդարացնել Նիկոլ Փաշինյանին, ում ժամանակ Արցախի կորստի ցավը զգացինք, ապա նրա արած մյուս քայլերը ոչնչով արդարացնել չեն կարողանում: Ի՞նչ է նշանակում` տրանսպորտի գինը բարձրացնել, ինչո՞ւ պետք է արտագնա աշխատանքի մեկնողները մեծ հարկեր վճարեն, ինչպե՞ս կարելի է մարդուն զրկել օրվա հացից: