Գնդակը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դաշտում է

Գնդակը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դաշտում է

«Սիներջիի» աշխատակիցների կալանավորումից հինգ օր անց իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշել է ընկերության աշխատակիցների նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու հարցով երաշխավորություն ներկայացնել դատախազին։ 

Հիշեցնենք, որ պետական պաշտոնյաների կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու մեղադրանքով փետրվարի 1-ից ազատազրկված են ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, ով մեկ տարի առաջ ազատվել է «Սիներջի» ընկերությունից։ Գործով անցնում են նաեւ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ, այդ թվում փոխնախարար Անի Իսպիրյանը, որը տնային կալանքի տակ է: 

Երաշխավորագրով իշխող խմբակցության անդամները, թվով մոտ 65 հոգի, դիմել են գլխավոր դատախազին՝ երաշխավորելով մեղադրյալների պաշտաճ վարքագիծը՝ ազատության մեջ գտնվելու պարագայում։ Խնդրել են փոխել խափանման միջոցը` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:
ՔՊ-ականների այս որոշումը, ըստ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, չի համաձայնեցվել Նիկոլ Փաշինյանի հետ, ՔՊ-ականները նաեւ պնդում են, որ երաշխավորագիր ներկայացնելու որոշումը քննարկվել է երեկ` խմբակցության նիստում, որին ներկա չի եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Իշխող ուժի պատգամավորները շեշտում են, որ մանկահասակ երեխաներ ունեցող մայրերի կալանքն անհրաժեշտություն չէ, ուստի որոշել են երաշխավորագիր ներկայացնել դատախազին։ 

Ալեն Սիմոնյանի հանգամանքը չէ պատճառը, վստահեցնում է Կոնջորյանը, կանանց կալանքն է խնդիրը, նրանց մասով կա մեղմացուցիչ հանգամանք՝ մանկահասակ երեխաների առկայությունը։ Եւ՛ Ալեն Սիմոնյանի հարսը, եւ՛ Լիլի Մկրյանն ունեն մանկահասակ երեխաներ, սակայն այս իրողությունը վարույթն իրականացնող մարմինը հաշվի չէր առել եւ Հակակոռուպցիոն դատարան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, մինչդեռ պետական պաշտոնյաների դեպքում, օրինակ, փոխնախար Անի Իսպիրյանի նկատմամբ մեղմ էր գտնվել՝ միջնորդել էր տնային կալանք, իսկ վարչության պետին առհասարակ` ստորագրություն չբացակայելու մասին։

«Մեր պատգամավորների փաստարկներից մեկն այն է, որ  մեր իշխանությունը տարբեր կառուցակարգեր է մշակել խափանման միջոցի փոփոխության հետ կապված։ Հատկապես հաշվի է առնվել այն, որ կան մեղմացուցիչ հանգամանքներ կանանց պարագայում՝ մանկահասակ երեխաների առումով։ Երեկ խմբակցության նիստում քննարկել ենք ու, ըստ էության, դրական ենք տրամադրված միջնորդություն ներկայացնելու՝ երկու կանանց, նաև՝ պարոն Հովհաննիսյանի մասով»,-ասաց Կոնջորյանը։

«Հրապարակը» հետաքրքրվեց Կոնջորյանից՝ ինչո՞ւ նույն մտահոգությամբ հանդես չեկան, երբ, օրինակ, ամիսներ շարունակ կալանքի տակ էր անչափահաս երեխաների մայրը` ընդդիմադիր Տաթեւիկ Վիրաբյանը (Տաթեւ Արցախ), Կոնջորյանը չպատասխանեց հարցին։ «Չեմ պատրաստվում «եթե»-ի տրամաբանությամբ պատասխանել հարցին»,-ասաց նա։ 

Լիլի Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսյանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն դեռեւս հայտնի չէ, թե պատգամավորներից քանի հոգի եւ ովքեր են ստորագրել երաշխավորագիրը։ Խոսելով այդ փաստաթղթի նշանակության մասին՝ Ալեքսանյանն ասաց, որ գլխավոր դատախազը մինչդատական վարույթում ընտրված կալանքը փոփոխելու լիազորություն ունի, հետեւաբար նա կարող է պատգամավորների երաշխավորությունը հիմք ընդունել։ «Հիմա այս հարցը բացառապես գտնվում է դատախազության դաշտում, թե ինչ որոշում կկայացնի գլխավոր դատախազը՝ չեմ կարող ասել»,-ընդգծեց նա։ 

Հիշեցնենք, որ «Սիներջիի» աշխատակիցները կալանավորվեցին պետական մրցույթի համար, որտեղ իրենց նախընտրելի ընկերության հաղթանակը ապահովելու համար նախարարության աշխատակիցները խոչընդոտներ էին ստեղծել մյուս մասնակցի նկատմամբ, ով հաղթողից եռակի ցածր գին էր առաջարկել։ Թեև մրցույթը հետագայում չեղարկվել է եւ պետական բյուջեից մեկ դրամ անգամ չի վճարվել, սակայն Քննչական կոմիտեն գտել է, որ հանցանք կա, որը կատարողը նախարարությունը չէ, այլ մրցույթին մասնակցած կազմակերպության ներկայացուցիչները` «Սիներջիի» տնօրենն ու երկու աշխատակիցները։

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությանն առչվող երկու աղմկահարույց քրեական վարույթներով կա 8 մեղադրյալ։ Երկրորդ վարույթով կալանավորված է նախարարության վարչության պետը` գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ Տարոն Մարտիրոսյանը: