Ասեցի՝ ժամանակ տվեք, կմտածեմ

Ասեցի՝ ժամանակ տվեք, կմտածեմ

2019 թվականի դեկտեմբերին լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն իր թեկնածությունն էր դրել ՀՖՖ նախագահի ընտրություններում, սակայն վերջին պահին անհասկանալի պատճառներով հանեց թեկնածությունը և իր աջակցությունը սկսեց հայտնել Արմեն Մելիքբեկյանին, որն էլ, ի վերջո, իշխաննությունների ակնհայտ աջակցությամբ ընտրվեց ՀՖՖ նախագահ։

Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը օրերս նշանակվել է ՀՖՖ նախագահի խորհրդական , հայկական ֆուտբոլի դեսպան:

Ֆուտբոլային հանրության շրջանակում լուրեր են շրջանառվում, թե Մելիքբեկյանի և Հովհաննիսյանի միջև նախնական պայմանավորվածություն է եղել, և Հովհաննիսյանը վերջին պահին հանել է թեկնածությունը՝ ապագայում խորհրդականի պաշտոնի առաջարկով պայմանավորված։

«Հրապարակի» հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց․ «Ոչ մի պայմանավորվածություն չի եղել, ո՞նց կարող է տենց բան լինել։ Տենց բան գոյություն չունի, ես սկզբունքային մարդ եմ։ Այդ առաջարկը այս տարի է եղել, ինձ առաջարկ արեցին, ես համաձայնվեցի։ Ու ես միանգամից չեմ համաձայնվեց, ասեցի՝ ժամանակ տվեք, կմտածեմ, պատասխանը կտամ։ Արդեն այսօրվանից համագործակցությունը սկսվել է, հրամանը տվեցին, ես արդեն ֆեդերացիայի աշխատող եմ»։

Հիշեցնենք, որ Հունվարի 10-ին էլ Մելիքբեկյանը Խորեն Հովհաննիսյանին 65-ամյա հոբելյանի կապակցությամբ և հայկական ֆուտբոլին մատուցած ծառայությունների համար պարգևատրել էր ՀՖՖ բարձրագույն պարգևով՝ շքանշանով։