Նույն վիճակն էլ Տիգրան Սարգսյանի մասով է, բայց նրան մեղադրանք առաջադրված չէ

Նույն վիճակն էլ Տիգրան Սարգսյանի մասով է, բայց նրան մեղադրանք առաջադրված չէ

Երբ այս տարվա փետրվարի սկզբին «օֆշորի» գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի քննության արդյունքում արդարացվեց ու ազատ արձակվեց, տուժող Փայլակ Հայրապետյանը, ով տարիներ առաջ՝ Սուքիասյանի դատավճռից հետո, ցանկություն էր հայտնել, որ նա դատապարտվեր ազգի դավաճանի հոդվածով,  զարմացած այն փաստից, որ, փաստորեն, Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի ընկեր Աշոտ Սուքիասյանը նոր Հայաստանում արդարացվեց, մեզ հետ զրույցում ասաց․ «Նրա պաշտպանը Սարգսյանն ա՝ Տիգրան, Կճոյանը, ես ո՞վ եմ»։ Հարցին, թե կարծում եք նախկին վարչապե՞տն է օգնում, ասաց՝ բա իհարկե։ Իսկ Կճոյա՞նը։ «Տերտերը,- ինչպես արտահայտվեց Փ. Հայապետյանը Կճոյանի մասին,- հիմա էլ այդ թափն ունի, կարող է»։

Փաստորեն, նա սխալվում էր, որովհետև ըստ մամուլի այդպես էլ չհերքված տեղեկությունների՝ Սուքիասյանը Կճոյանի դեմ ցուցմունք է տվել, և միգուցե այստե՞ղ փնտրել Սուքիասյանի ազատ արձակման գաղտնիքը։

Ամեն դեպքում, եթե սա հաստատվի, ուրեմն իրավիճակ է փոխվել, քանի որ ժամանակին Կճոյանի սանիկ Սուքիասյանը նրան ոչ միայն Տիգրան Սարգսյանի մասին դիֆերամբներ էր գրում ու ողջ նախաքննության ու դատաքննության ժամանակ, նաև հետախուզման մեջ գտնվելիս հայտարարում էր, որ Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի մյուս բաժնետեր՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին ցանկացել է սյուրպրիզ անել՝ նվեր մատուցել` նրանց անուններով օֆշորում կազմակերպություն բացելով, և որ նրանք որեւէ կապ չունեն այդ գործի հետ, եւ ինքն է կեղծել ստորագրությունները։

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին Սուքիասյանի 2013թ․ նամակում Սուքիասյանն ասում է․ «Ու հիմա փորձում են ինձ խեղճացնել: Ես հանդիսացել եմ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավորը, ատենապետը հանդիսանում է Տ. Սարգսյանը, իսկ թեմի առաջնորդը՝ սրբազան Կճոյանը»։

Մենք զրուցեցինք Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան Հովիկ Արսենյանի հետ, ով հարցին, թե Սուքիասյանը ցուցմունք տվե՞լ է իր պաշտպանյալի դեմ, ասաց․ «Դե ի՞նչ պետք է ցուցմունք տա, Աշոտը չի՞ կարա չգիտես ինչեր իրենից հնարի, չէ․․. դրա հետ խնդիր չկա, դրա հետ չի կապված, ավելի շատ․․. այլ էդ, որ հիմնադրել են էդ ընկերությունը, հենց էնքանով էն փաստը, որ բա՜, գիտեք, Կճոյանն էլ ա բաժնեմասի տեր, էդ հիմքով են բռնել, էդ հոդվածները դրել»։

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա Արսենյանն ասաց․ «Նույն վիճակն էլ նա ա, բայց նրան մեղադրանք առաջադրված չէ»։ Նա նաև նշեց, որ Սրբազանն ու Աշոտ Սուքիասյանը 2013-ից այս կողմ չեն հանդիպել։ Այլ մանրամասներ նախաքննական գաղտնիք չհաղորդելու մասին ստորագրություն տված փաստաբանը չհայտնեց։

Ավելի վաղ նա նաև հայտնել է, որ Կճոյանն իր դեմ առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն համարում է շինծու։ Հավելել էր, որ  այսքան տարի եղել է ընդդիմադիր դաշտում եւ նպատակ է ունեցել, որ իրավական համակարգը տվյալ քաղաքական, տնտեսական հարկադրանքից հեռու լինի, եւ բազմակողմանի, օբյեկտիվ քննության արդյունքում մարդու անմեղությունը պարզվի։ «Ես մեծ ցավ եմ ապրում, քանի որ այս գործելաոճը բնորոշ էր նախորդ իշխանությանը»,- ասել էր Հովիկ Արսենյանը։

Հիշեցնենք, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք է առաջադրվել օֆշորի աղմկահարույց գործով։ Շուրջ 10 տարի է՝ ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկում, որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինս, պայմանավորվածության համաձայն, այդ գումարն Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: