Դիմակների ու ալկոգելի դեֆիցիտը ՏՄՊՊՀ-ն չի ցանկանում տեսնել

Դիմակների ու ալկոգելի դեֆիցիտը ՏՄՊՊՀ-ն չի ցանկանում տեսնել

«Մենք երկրում որեւէ տեսակի ապրանքի պակաս չունենք»,- երեկ առավոտյան հրավիրած ասուլիսի ժամանակ հպարտորեն հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: Այդ նույն ժամին Երեւանի դեղատներում ամենաանհրաժեշտ ապրանքների դեֆիցիտ էր նկատվում՝ դիմակների, ալկոգելի, բժշկական սպիրտի, հասարակ ձեռնոցների եւ այլ պաշտպանիչ միջոցների: Ակնհայտ է, որ Գեղամ Գեւորգյանը կա՛մ ստում է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին: 

«Ալկոհոլ արտադրող երեք խոշոր ընկերությունների հետ կապի մեջ ենք, նրանց կողմից որեւէ դրամով ապրանքի գինը չի բարձրացվել։ Հայաստանում սպիրտի պաշարը բավարար է, դրա գինը եւս չի բարձրացվել»,- հայտարարում է ՏՄՊՊՀ ղեկավարը: Իսկ բժշկական դիմակների շուկայում թանկացումը, ՏՄՊՊՀ նախագահի պնդմամբ, կապված է ձեռքբերման գնի բարձրացման հետ: Ռուսաստանում եւ Չինաստանում, որտեղից մենք դիմակներ ենք բերում, դրանք կտրուկ թանկացել են: Այսպիսով, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի ցանկանում զբաղվել գների անտրամաբանական բարձրացմամբ եւ ակնառու դեֆիցիտի պայմաններում ընդամենը արձանագրողի դեր է կատարում: 
Մենք շրջայց կատարեցինք Շենգավիթի դեղատներով: Բագրատունյաց փողոցի մի դեղատանը հասարակ կապույտ դիմակներն արժեին 350 դրամ: Ալկոգելն օղու գնի էր՝ մեկ մեծ շիշն արժեր 1300 դրամ: 

Նժդեհի փողոցի դեղատներում դիմակներն արժեին 300 դրամ, իսկ ալկոգելի 200 գրամանոց շիշը վաճառվում էր 690 դրամով: 

Երրորդ մասի հրապարակի դեղատներից մեկի աշխատակիցը հայտնեց, որ առավոտից ո՛չ դիմակ ունեն, ո՛չ ալկոգել, ո՛չ էլ բժշկական սպիրտ: «Առավոտյան 10-ին դիմակները ստացանք, մեկ ժամում վերջացան: Ոչինչ չունենք, ոչ մի պաշտպանիչ հեղուկներ»,- ասաց աշխատողը: Հարցին, թե ինչ անեն մարդիկ, ինչպես ախտահանեն ձեռքերը, խորհուրդ տվեց: «Գնում եք հասարակ տնական օղի, գլիցերին եք խառնում, դառնում է ալկոգել»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչքան է թանկացել ալկոգելը: «Նախկինում մեկ 100 գրամանոց սրվակն արժեր 100-150 դրամ»: Փաստորեն, ամենահասարակ ախտահանող միջոցը թանկացել է 10-12 անգամ, իսկ բժշկական դիմակները, որոնք նախկինում արժեին 20 դրամ, երեկվա դրությամբ թանկացել են 15-17 անգամ: 

«Վագա ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ դիմակները, որոնք ներմուծվում են Հայաստան, իրոք այսօր թիվ մեկ խնդիրն են: Դրանք կա՛մ հնդկական, կա՛մ չինական արտադրության են: «Ռուսաստանը դիմակների դուրսբերումն արգելել է, իսկ Չինաստանում դրանք կտրուկ թանկացել են: Մենք նախկին խմբաքանակը բերել էինք մի քանի տարի առաջ ու կամաց վաճառում էինք: Հիմա դրանք արագ վերջացան, ու երեկ չէ առաջին օրվա բերած դիմակները մեզ վրա նստել են արդեն 180 դրամ: Մենք դա հանձնել ենք արդեն 200 դրամով»,- ասաց նա: Ըստ Վարսանյանի, դիմակները նախկինում բերվում էին նավով, իսկ հիմա միայն ինքնաթիռով են կարողանում բերել, ինչը նույնպես բարձրացրել է դրանց ինքնարժեքը: «Բնականաբար, դեղատունն էլ իր գինն է դնում, դրա համար էլ այդքան թանկ են»,- ասաց գործարարը: