Փոլադյանը հորդորում է քաղաքացիներին՝ անձամբ դատարաններ չգնալ 

Փոլադյանը հորդորում է քաղաքացիներին՝ անձամբ դատարաններ չգնալ 

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ զրուցեցինք դատարանների աշխատանքի մասին համաճարակի պայմաններում: Նա վստահեցնում է, որ դատական համակարգը կորոնավիրուսի պայմաններում աշխատում է բնականոն հունով, սակայն քաղաքացիներին հորդորում է հնարավորինս խուսափել դատարաններ գնալուց: 

- Ինչ-որ քայլեր կարո՞ղ է ձեռնարկեք, որ դատարանները չաշխատեն այս պայմաններում: 

- Ընդհանուր դիրքորոշում չկա, որ պետք է դատական նիստերը հետաձգվեն: Պարզապես Բարձրագույն դատական խորհուրդը կոչ է արել մեր համաքաղաքացիներին, որ դատարաններում հնարավորինս ներկայացվեն իրենց ներկայացուցիչների միջոցով եւ դատարան գնան ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, չգնան այնտեղ խմբերով կամ անհարկի տեղը ընդամենը դատական նիստին իրենց մասնակցությունն ապահովելու նպատակով: 

 - Հնարավո՞ր է, որ դատավորներն անցնեն գրավոր ընթացակարգի: 

- Կարծում եմ, դա նույնիսկ ողջունելի կլինի, եթե դատավորները կարողանան գրավոր ընթացակարգով ապահովել դատավարությունների ընթացքը, եւ քաղաքացիները դրա մասին տեղեկանալով էլ՝ դատարաններ չգնան: 

- Իսկ ի՞նչ անել, երբ գործով մի քանի ամբաստանյալներ են անցնում: Նրանք իրենց ներկայացուցիչներով, գումարած դատարանը, մի երկու հարազատ, ու 20 թույլատրելիի թվաքանակը մեկ սենյակում լրացավ: 

- Մենք շատ չենք ունենում այդպիսի դեպքեր, մանավանդ՝ քաղաքացիական գործերով, որ կողմերը 20 հոգուց ավելի լինեն: Բայց կարծում եմ՝ բոլորն այս իրավիճակին ուշի-ուշով հետեւում են, եւ եթե այդպիսի մեծ մասնակցությամբ դատական նիստեր լինեն, կողմերն իրենց նախաձեռնությամբ կդիմեն դատարան, որպեսզի նիստերը հետաձգվեն: Կարծում եմ, այս իրավիճակում բոլորը կփորձեն լուծումներ գտնել, եւ մենք էլ կփորձենք ընդառաջել, բնականաբար, որ որեւէ բացասական հետեւանք չառաջանա որեւէ կողմի համար, մինչեւ որ իրավիճակը շտկվի: 

- Եթե քաղաքացին, նրա լիազոր ներկայացուցիչը կամ փաստաբանները չեն ուզում համաճարակի պատճառով տնից դուրս գալ, դատարանն այդ հիմքով կհետաձգի՞ նիստը: 

- Եթե դատավարության մասնակիցները դատարան չներկայացան եւ փաստաթուղթ ուղարկեցին, որ կորոնավիրուսի վտանգից ելնելով չեն գալու դատարան, դատարանը, վստահ եմ, դժվար թե հետեւանք առաջացնի կողմերի համար եւ դատական նիստը կհետաձգի մի այլ հերթի: Որեւէ մեկի համար խնդիր չի առաջանալու: 

- Այսինքն, դա հարգելի պատճառ կհամարվի: 

- Եթե ես լինեի դատավորը, դա կդիտարկեի որպես հարգելի պատճառ եւ կհետաձգեի նիստը մեկ այլ հերթի: