Ջալալ Հարությունյանը ինքն իրենից չէր հորինել դա․ նախապես ծրագրված է եղել օպերացիան

Ջալալ Հարությունյանը ինքն իրենից չէր հորինել դա․ նախապես ծրագրված է եղել օպերացիան

Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է երկու դրվագից։ Առաջին դրվագը վերաբերվում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիային, իսկ երկրորդ դրվագը վերաբերվում է նույն թվականի արդեն հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում զինծառայողների կորուստներին, որոնք եղել են հակառակորդի հարձակման հետևանքով։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։

«Հակահարձակման օպերացիայի հետ կապված մեղադրանքը մի քանի բաղադրիչ է պարունակում։ Դրանցից մեկը այն է, որ Ջալալ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է հակահարձակման օպերացիա այն պայմաններում, թե իբր ուժերի հարաբերակցությունը եղել է 1-ը 5-ի՝ հօգուտ հակառակորդի։ Ասվում է, թե իբր նման հարաբերակցության պայմաններում հարձակման գործողությունները հակասում էին մեր գործով նորմատիվ իրավական ակտերին։ Իրականում հակահարձակման օպերացիան, որը կատարվել է հոկտեմբերի 7-ին, եղել է մի գործողություն, որը մեր համապատասխան փաստաթղթերով նախատեսված գործողություն է եղել։ Դեռևս  տարիներ առաջ մեր ռազմական ոլորտի փորձագետները ունեցել են հաստատված փաստաթղթեր, որի համաձայն հակառակորդի կողմից հարավային հատվածում առաջխաղացման դեպքում, մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը։ Այսինքն՝ այս քայլը նախապես մշակված քայլ է եղել։ Երբ որ այդ ծրագիրը կազմվել է, բնականաբար այդ ժամանակահատվածում են գրվել տվյալները, ըստ որի՝ հակառակորդի երկուսը չորսի առավալության պայմաններում, պետք է մեր կողմից կատարվեր հակահարված, որի հետևանքներից մեկը լինելու էր այն, որ հակառակորդի թիկունքից աջակցությունն ու սնուցումը կտրվի։ Ջալալ Հարությունյանը ինքը իրենից չի հնարել այդ հակահարձակումը։ Այս փաստաթղթին համապատասխան հասանելիություն ունեցող մարդկանց կողմից այս հարցը բարձրացվել է, որ ժամանակն է կատարելու հակահարձակումը»,- հավելեց նա։