Ի՞նչ պատիժ է կրելու պատգամավորը, եթե անձեռնմխելիությունից զրկվի

Ի՞նչ պատիժ է կրելու պատգամավորը, եթե անձեռնմխելիությունից զրկվի

Ազգային ժողովում մեկնարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:

Ըստ  դատախազության միջնորդագրի՝ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թվականի մարտի 31-ին սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ` ժամը 11։15-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ:

Պատգամավորները գլխավոր դատախազից հետաքրքրվեցին, թե ի՞նչ պատիժ է սպասվում Մհեր Սահակյանին, եթե նա ի վերջո զրկվի անձեռնմխելիությունից։ Քրեական նոր օրենսգիրքն ունի ուղիղ արգելք առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու տեսանկյունից: Տվյալ իրավիճակում ես երկու հանցակազմի մասին եմ խոսում՝ տվյալ դեպքում իդեալական համակցությամբ, այսինքն՝ մեկ արարքի հետևանքով՝ երկու քրեաիրավական հետևանքի առաջացում: Ֆորմալ առումով սա մեկ արարք է, մեկ ոչ մեծ ծանրության հանցագործություն, ուստի Քրեական նոր օրենսգիրքը կատեգորիկ թույլ չի տալիս անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատժատեսակը կիրառել: Կիրառելի են մյուս պատժատեսակները, օրինակ՝ հանրային աշխատանք կամ տուգանք»,- շեշտեց Վարդապետյանը։