Ինչի՞ն պետք է ծառայի «հայի հնարամիտ խելքը»

Ինչի՞ն պետք է ծառայի «հայի հնարամիտ խելքը»

«Եթե դիտարկենք հայ ժողովրդի առավելությունները, միանշանակ կարող եմ հայտարարել, որ հայերի ամենամեծ առավելությունը մտավոր ստեղծագործությունն է, ճկուն միտքը»,- ասում է Արեգ Միքայելյանը՝ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենը: Ամեն ժողովուրդ կամ երկիր ունի իր առանձնահատկությունը եւ դրանով է աչքի ընկնում: Ճապոնացիների մոտ տեխնիկական կողմն է ուժեղ, չինացիները հայտնի են իրենց մասսայական, կոլեկտիվ՝ «մրջյունների» նման աշխատելու ունակությամբ, ամերիկացիների մոտ գիգանտ պրոյեկտներն են, իսկ հայերն աչքի են ընկել իրենց ճկուն մտածելակերպով, հետաքրքիր լուծումներով: Դա է պատճառներից մեկը, ըստ Միքայելյանի, թե ինչու է պետք զարգացնել գիտությունը Հայաստանում:
Երկրորդ պատճառն այն է, որ մենք արդեն իսկ ունեցել ենք զարգացած գիտություն, այսինքն՝ ոչ թե զրոյից ենք ստեղծելու եւ պետբյուջեն վատնելու ենք դրա վրա, այլ ունեցածն ենք ցանկանում պահպանել: Հետեւաբար, շատ ավելի չնչին գումարների մասին է խոսքը, որ, գոնե, մի քիչ պատշաճ մակարդակով պահենք այն: «Ունեցածը քանդելը մեծ հիմարություն է: Մենք ունեցել ենք՝ այդքան ներդրում է եղել սովետական ժամանակ: Ինչո՞ւ հրաժարվենք: Եթե այդպես վարվենք, կդառնանք աֆրիկյան երկրների նման մի երկիր»,- կարծում է աստղագետը:

Հետո ասում է երրորդ պատճառը. «Գիտությունն է, որ անսահմանափակ եկամուտ կարող է բերել: Չէ՞ որ, համաձայն տնտեսագիտության համապատասխան օրենքի, սովորական բիզնեսը տարեկան միայն 20-30% շահույթ կարող է ապահովել: Եթե ավել եք շահում, ուրեմն դա մաքուր բիզնես չէ, թալան է: Իսկ գիտությունը ոչ մի սահմանափակում չունի՝ կարող եք ներդնել մեկ միլիոն դոլար եւ 10 տարի անց ստանալ մեկ միլիարդ դոլար շահույթ՝ կախված, թե ինչ նորամուծություն կլինի: Բայց մի նրբություն կա,- բացատրում է նա,- գիտությունն առեւտուր չէ, որ նույն րոպեին եկամուտ տա՝ վաճառեցիր եւ փողդ ստացար: Գիտությունն ակնկալում է երկարատեւ, ավելի համբերատար մոտեցում»:  

Կան մարդիկ, որոնք պնդում են, թե Հայաստանը փոքր պետություն է, իսկ գիտություն կարող են զարգացնել միայն մեծերը: Գիտության պարագայում դա էական չէ՝ կարծում է Արեգ Միքայելյանը: «Չինացիները կարող են լինել 1,5 մլրդ, բայց Հայաստանի 3 միլիոնը կարող է ավելի շատ բան տալ աշխարհին, քան այդ 1,5 միլիարդը: Այսինքն՝ մենք պետք է մեր առավելությունն օգտագործենք: Սա իմ ամենամեծ համոզմունքն է»,- ասում է գիտնականը եւ օրինակ բերում ընտանիքը: Ծնողները նայում են, թե ինչ ընդունակություններ ունի իրենց զավակը, որ հենց դա զարգացնեն: Հիմարություն կլինի, եթե երաժշտական ընդունակություն ունեցող երեխային նրանք ստիպեն դառնալ մաթեմատիկոս: Մինչդեռ ոչ մի ուրիշ բան հայերն ավելի լավ չեն արել, քան մտավոր ստեղծագործությունն է, վկա՝ մեր պատմությունն ու մեր պատմամշակութային արժեքները, մեր ճարտարապետությունը, մեր գրականությունը: 
«Միշտ էլ հայերն ավելի ճկուն մտածելակերպով, հետաքրքիր լուծումներով են աչքի ընկել: Հայերի մասին ասում են, որ առեւտուրն է զարգացած եղել: Բայց դա էլ է ապահովվել շնորհիվ այն բանի, որ պետք է եղել արագ կողմնորոշվել: Դա էլ էր մտավոր ստեղծագործություն»,- ասում է Արեգ Միքայելյանը: 

Հայաստանը ցանկանո՞ւմ է մնալ քաղաքակիրթ երկիր, թե՞  դառնալու է հետամնաց

ՀՀ իշխանությունները գիտության ֆինանսավորումը կրիտիկական մինիմումի վրա են դրել: Այդ պատճառով երիտասարդ գիտնականների թիվը փոքր է, եւ նրանց մեծ մասը ցանկանում է գնալ արտասահման ու այնտեղ կարիերա ստեղծել:  Իսկ ավագ սերունդը, ցավոք սրտի, «հեռանում» է, եւ մի 10-15 տարի հետո նրանցից ոչ ոք չի մնա: Հետեւաբար, ըստ Արեգ Միքայելյանի, եթե գիտության անկումը հիմա դեռ աստիճանական է, ոչ հեռու ապագայում  կդառնա թռիչքաձեւ՝ կատաստրոֆիկ կընկնի ՀՀ գիտության թե՛ արդյունավետությունը, թե՛ արտադրանքը՝ ամեն ինչը: 
Բյուրականի աստղադիտարանի տնօրենը նախազգուշացնում է. եթե Հայաստանը ցանկանում է մնալ քաղաքակիրթ երկիր, պետք է այսօրվանից մտածել դրա մասին եւ առաջիկա 5-10 տարիներին անել գործողություններ՝ փրկելու համար իրավիճակը: Որովհետեւ վերջին շանսն է: «Ես չեմ վախենում,- վստահեցնում է Միքայելյանը։- Ամենակտրուկ խոսքերով կարող եմ ասել: Եթե մեր ղեկավարները չեն ֆինանսավորում գիտությունը, նրանք չեն ցանկանում տեսնել Հայաստանը որպես քաղաքակիրթ երկիր՝ ուզում են տեսնել հետամնաց երկիր: Եթե գիտությունը չեն կարեւորում, ուրեմն երկիրը շանս չունի՝ դառնալու է հետամնաց»:  

Գիտության վրա Հայաստանն այսօր ծախսում է իր բյուջեի ծախսային մասի մոտավորապես մեկ տոկոսը: Մեկ տոկոսը քառասուն տոկոս չէ, որ հնարավոր չլինի կրկնապատկել՝ կարծում է Արեգ Միքայելյանը եւ վստահեցնում ՀՀ ղեկավարներին, որ եթե զարգացած աշխարհն ու պետություններն իմանան, որ Հայաստանը փոխել է իր վերաբերմունքը գիտության հանդեպ եւ սկսել գոնե կրկնակի ավել ֆինանսավորել այն, աշխարհի վերաբերմունքը մեր նկատմամբ կտրուկ կլավանա, եւ մեզ կսկսեն ավելի շատ հարգել: 

«Աշխարհում շատ են պետությունները, որոնք թե՛ իրենց տարածքով, թե՛ տնտեսությամբ, թե՛ բնակչության թվով մեծ են Հայաստանից, բայց առանձնապես ոչնչով հայտնի չեն՝ սովորական, շարքային պետություններ են: Իսկ Ադրբեջանը նաեւ փող, նավթ ու գազ ունի եւ, իմիջիայլոց, լավ էլ դիվանագիտություն է անում: Նրանց հանդեպ Հայաստանն ուրիշ առավելություն չունի, բացի այն, որ մեզ հարգում են մեր տված ստեղծագործական արժեքների համար: Եթե այդ հարգանքն էլ կորցնենք, ոչ մի բան չենք ունենա՝ կդառնանք սովորական հետամնաց մի երկիր»,- ասում է նա: Ըստ Միքայելյանի՝ շատերը դա հաշվի չեն առնում, մինչդեռ այս առավելությունը դժվար է որեւիցե գումարով գնահատել: 

Հայաստանի հեղինակությունը մեր պետբյուջեից հազար անգամ ավելի մեծ արժեք ունի՝ կարծում է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: 


Գրիգոր 
ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ