Ադրբեջան-Իսրայել զենքի առևտրի ծավալների գնահատումներ

Ադրբեջան-Իսրայել զենքի առևտրի ծավալների գնահատումներ

Ընդհանուր առմամբ.

Հայտնի է՝ Ադրբեջանի պարզունակ տնտեսությունը շարունակում է իրենից ներկայացնել նավթի և գազի գերարդյունահանում, խորացող քաղաքական անկայունությամբ և աշխարհաքաղաքական ռիսկերով: Մասնավորապես, 2019թ. Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 48,05 միլիարդ ԱՄՆ դոլար, որի 37 տոկոսը բաժին է ընկնում նավթի և գազի արտահանմանը: Արտահանումը կազմել է 19,5 միլիարդ, որից 17,8 միլիարդ ԱՄՆ դոլարը (91 տոկոսը) նավթն ու գազն են:

Ի դեպ, ակնհայտ է՝ Ադրբեջանի տնտեսական համակարգի ողնաշարը նավթամուղներն ու գազամուղներն են: Իսկ այդ երկրի ղեկավարի կողմից պարբերաբար սանձազերծվող պատերազմներն էապես բարձրացնում են դրանց կայուն և անվտանգ շահագործման ռիսկերը:
Ադրբեջան-Իսրայել արտաքին առևտրի գնահատումներ.

Հատկապես վերջին տարիներին ներկայացվել են հիմնավոր տեղեկություններ և բազմաթիվ փաստեր առ այն, որ Ադրբեջանն իր նավթադոլարներով մեծաքանակ զենք ու զինամթերք է գնում Իսրայելից: Իհարկե, անհնար է լիարժեք հաշվարկել այդ մատակարարումների իրական ծավալները:
Բնականաբար, այս տեղեկատվությունը գաղտնի է: Դրա մի մասը հրապարակային է դառնում, երբ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվում է հայկական երկու հանրապետությունների վրա և սադրում է մարտական գործողություններ:
Իսկ հայկական զինված ուժերը ոչնչացնում են թշնամու կողմից կիրառվող զինատեսակները, այդ թվում՝ իսրայելականը, և դրանք դարձնում են նաև հայտնի վիճակագրություն: Սա հատկապես վերաբերում է 2016թ. ապրիլյան քառօրյա և 2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմներին:

Ադրբեջանա-իսրայելական զենքի առևտրի ընդհանուր ծավալների գնահատման տեսանկյունից հատկանշական որոշ փաստեր հայտնի են դառնում Ադրբեջանի արտաքին առևտրի ապրանքային և աշխարհագրական կառուցվածքների ուսումնասիրության արդյունքում:
Այս նպատակով հատուկ առանձնացվել են 2014-2019թթ. համապատասխան ցուցանիշները :

Ադրբեջանի արտահանման աշխարհագրական կառուցվածքում Իսրայելն ամենամեծ ծավալն ունեցող՝ երրորդ երկիրն է: Եվ գրեթե ամբողջությամբ արտահանվում է նավթամթերք: 2019թ. Իսրայելին բաժին է ընկել Ադրբեջանի արտահանման 7 տոկոսը:
Ադրբեջանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքում Իսրայելը 40-րդ տեղում է, որի բաժինը կազմել է Ադրբեջանի ներմուծման ընդամենը 0,32 տոկոսը: Դեպի Իսրայել արտահանման տեսակարար կշիռը 22 անգամ գերազանցում է Իսրայելից ներմուծման տեսակարար կշռին:
Ավելին, 2014-2019թթ. դեպի Իսրայել Ադրբեջանի արտահանումը 40 անգամ գերազանցել է Իսրայելից ներմուծմանը: Ի դեպ, այս ժամանակահատվածում Ադրբեջանի ընդհանուր արտահանումը ընդամենը 25-30 տոկոսով է գերազանցել ընդհանուր ներմուծմանը: Օրինակ՝ 2019թ. այս ցուցանիշը կազմել է 30 տոկոս:

Ամփոփում 1.

Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում բերված ցուցանիշներով Իսրայելի հետ համադրելի երկրներ չկան: Նաև՝ այս շեղումները տնտեսագիտական առումով պարադոքս են:
Սա հնարավոր է բացատրել հետևյալով. արտահանման և ներմուծման այս ահռելի տարբերությունը չի երևում հրապարակային վիճակագրությամբ և դա բաժին է ընկնում Իսրայելից Ադրբեջանին զենքի ու զինամթերքի մատակարարմանը:

Հատկանշական փաստեր.

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին նախորդող երկու տարիներին՝ 2014-2015թթ., դեպի Իսրայել Ադրբեջանի տարեկան միջին արտահանումը կազմել է 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար: Պատերազմին հաջորդող երկու տարիներին՝ 2016-2017թթ., տարեկան միջին արտահանումը նվազել է երկու անգամ: Դրանից հետո, թշնամու և իր բարեկամ Թուրքիայի օրերս սանձազերծած պատերազմին նախորդող երկու տարիներին՝ 2018-2019թթ., դեպի Իսրայել ադրբեջանական նավթի արտահանումը նորից աճել է նույն չափով՝ երկու անգամ:
Ի՞նչ է ստացվում: Ե՛վ 2016թ., և՛ 2020թ. պատերազմներից առաջ Ադրբեջանը երկու տարի կրկնապատկել է դեպի Իսրայել իր նավթի արտահանումը՝ դիմացը ներկրելով իսրայելական լրացուցիչ զենք ու զինամթերք:

Տնտեսական գործոններով անհնար է բացատրել այն, որ Իսրայելում պարբերաբար կրկնապատկվում է ադրբեջանական նավթի պահանջարկը՝ վերջինիս կողմից պատերազմ սանձազերծելուց առաջ: Դրանից հետո նույն չափով կրճատվում է՝ մինչև հաջորդ պատերազմին նախապատրաստվելը:
Իրականում Ադրբեջանը նախապատրաստվել է պատերազմներին՝ ինտենսիվ կուտակելով նաև

իսրայելական զենքն ու զինամթերքը:
Սակայն պարտվել է ու պարտվում է իր սանձազերծած պատերազմներում:

Ամփոփում 2.
Նախապատերազմյան ժամանակահատվածներում՝ 2014-2015թթ. և 2018-2019թթ., Իսրայելից Ադրբեջանին լրացուցիչ մատակարարվել է առնվազն 2,6 միլիարդ (տարեկան առնվազն 650 միլիոն) ԱՄՆ դոլարի զենք ու զինամթերք:
2014-2019թթ. Ադրբեջանին իսրայելական զենքի և զինամթերքի ընդհանուր մատակարարումը գնահատվում է շուրջ 6,5 միլիարդ ԱՄՆ դոլար (տարեկան՝ ավելի, քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար):

Ամփոփում 3.
Շարունակվող և պարբերաբար թռիչքաձև աճող այս մահաբեր առևտրի տնտեսական օգուտները՝ ադրբեջանական նավթադոլարներով արտահայտված, բաժին են հասնում Իսրայելին …
Թշնամի պետության թերզարգացած նավթահեն տնտեսության և դրա վրա իր կողմից պարբերաբար սանձազերծվող պատերազմների հետևանքների գնահատումները լինելու են շարունակական և առավել խորքային:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ