Ինչով է պայմանավորված ՌԴ-ի կողմից «հումանիտար միջանցքի» բացումը

Ինչով է պայմանավորված ՌԴ-ի կողմից «հումանիտար միջանցքի» բացումը

ՌԴ կառավարությունը ՀՀ քաղաքացիների համար որոշել է մեկ ամսով բացել իր սահմանները։ 2021 թվականի հունվարի 26-ի հրամանագրի համաձայն` ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները կարող են Ռուսաստան մուտք գործել 2021 թվականի փետրվարի 1-ից մարտի 1-ը, ներառյալ Հայաստանի Հանրապետությունից կամ Բելառուսի Հանրապետությունից՝ օդային անցակետերով, Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով։ Իհարկե, կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքների դեպքում։ 

Հիշեցնենք, որ մինչեւ հունվարի 27-ը ՀՀ շարքային քաղաքացիները կարող էին ՌԴ մեկնել միայն  համապատասխան հիմք ունենալու դեպքում։ «Հիմք» նշանակում է՝ «вид на жительство» կամ էլ ընտանիքի հետ վերամիավորում։ 

Եվ այսպես, ինչո՞վ է պայմանավորված ՌԴ-ի բացած այս «հումանիտար միջանցքը»։ Քաղաքագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ՌԴ կառավարության այս որոշման տակ պետք չէ աշխարհաքաղաքական կոնտեքստներ փնտրել, տնտեսական շահեր են։ «Սա ՌԴ շահերից բխող քաղաքականություն է, որի նպատակն է՝ խթանել Ռուսաստանի տնտեսությունը։ Ռուսաստանը չի կարող անընդհատ փակված մնալ, քանի որ ՌԴ մեկնողներն այնտեղ՝ տեղում, խթանում են տնտեսությունը։ Իրենց մոտ շինարարություն կա անելու։ Եվ բացի աշխատանքները, գնում են ապրանքներ ու ծառայություններ սպառում»,- ասում է քաղաքագետը։

Այդ դեպքում ինչո՞ւ մեկ ամսով։ Չէ որ կորոնավիրուսային բռնկումներն ու ալիքները պայմանավորված են մարդկանց ներհոսքներով։ Արմեն Բադալյանի խոսքով՝ ՌԴ-ն հիմա իրեն առավել ապահովագրված է զգում, քանի որ համայն Ռուսաստանով մեկ արդեն անցել են «Սպուտնիկ-V»-ով պատվաստումների։ Հայաստանում էլ իրավիճակը կորոնավիրուսի առումով փոքր-ինչ թեթեւացել է։ «Այս զանգվածային պատվաստումների ֆոնին մեկ ամիս հետո եթե նպատակահարմար գտան երկարացնել՝ կերկարացնեն, որովհետեւ հիմա պետք է նախնական տեսնեն՝ եթե այլ երկրներից քաղաքացիներ գալիս են իրենց երկիր, դա ի՞նչ ազդեցություն է թողնում, կորոնավիրուսի հետ կապված ցուցանիշները բարձրանո՞ւմ են, չե՞ն բարձրանում։ Տնտեսությանը կնպաստի՞, թե՞ ոչ։ Իսկ մեկ ամիսը բավարար ժամանակահատված է համապատասխան վերլուծություններ իրականացնելու համար»,-կարծում է քաղաքագետը։ 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը եւս կարծում է, որ պատճառները տնտեսական են։ Ավելին՝ հիմա ողջ աշխարհում սկսվել է սահմանների բացման միտում։ Տնտեսագետի խոսքով՝ ԵԱՏՄ-ի համար սա նաեւ քաղաքական նշանակություն ունի, ի վերջո, այդ միության կարգախոսն է՝ մարդկանց, ապրանքների, կապիտալի ու ծառայությունների ազատ տեղաշարժը։ Այնուամենայնիվ, չկա՞ն աշխարհաքաղաքական այլ նկատառումներ։ Ոմանք կարծում են, թե սա հումանիտար «միջանցք» է՝ Հայաստանից արտագաղթելու համար։ Դանիել Իոաննիսյանն ասաց․ «Երկու բան արձանագրենք․ մի կողմից թվերը պակասել են, օբյեկտիվորեն, մյուս կողմից, կորոնավիրուսի ժամանակ որոշումները ժամանակավոր բնույթ են  կրում։ Ժամանակավոր, որովհետեւ վաղը կամ մյուս օրը իրավիճակը կարող է փոխվել։ Բայց ազնվությամբ ասեմ․ չգիտեմ՝ ՌԴ-ի այդ որոշումները ժամանակավո՞ր են այլ պետությունների հետ, որոնց հետ բացել է սահմանները։ Եթե նույնպես ժամանակավոր են, նորմալ է, եթե ոչ, ապա պետք է պատճառներ ման գալ»։ 

Սակայն եթե սա հումանիտար միջանցք է պոտենցիալ օգտվողների համար՝ արտագնա աշխատանքի մեկնողների, որոնք, որպես կանոն, մինչեւ 55 տարեկան տղամարդիկ են, նրանց համար ՀՀ-ի սահմաններն այսօր փակ են՝ ռազմական դրության պատճառով։ Եվ ըստ որոշ տվյալների՝ ՌԴ մեկնել ցանկացողների թիվն արդեն հասնում է 10 հազարի։ Չենք բացառում, որ որոշման վրա իր ազդեցությունն է թողել հայկական արմատներ ունեցող ՌԴ կառավարության ղեկավար Միշուստինի ու ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի ղեկավար Տիգրան Սարգսյանի համատեղ լոբբինգը։ Հիշեցնենք, որ հիմնադրամը վերջերս հանդես էր եկել ԵԱՏՄ-ում օդային հաղորդակցության վերականգնման առաջարկով։ 

Նշենք, որ 2021թ․ հունվարի դրությամբ ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել եւ ժամանել 5 երկիր․ ԱՄԷ, Եգիպտոս, Մալդիվյան կղզիներ, ԱՄՆ՝ B1, B2 կարգի վիզա ունենալու դեպքում, Բելառուս, Ուկրաինա եւ ՌԴ, եթե ունեն հիմք։ ԱՄՆ-ն Ռուսաստանից մոտ տասն օր առաջ բացեց իր սահմանները՝ մուտքի արտոնագիր ունեցող ՀՀ քաղաքացիների համար։