Ինչ կտա մեզ ՔՈՎԻԴ 19-ի հանձնաժողովը

Ինչ կտա մեզ ՔՈՎԻԴ 19-ի հանձնաժողովը

Նախօրեին վերջապես սկսեց գործել Covid-19-ի հետեւանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, որի մասին ընդդիմությունն ու վարչապետը դեռ սեպտեմբերից էին հայտարարում: Իր առաջին նիստը հանձնաժողովը՝ ԼՀԿ-ական Արկադի Խաչատրյանի գլխավորությամբ, արդեն անցկացրել է եւ այսուհետ երեք շաբաթը մեկ հավաքվելու է կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող քայլերի արդյունավետությունը գնահատելու, նաեւ քաղաքացիների իրավունքների խախտումները քննարկելու նպատակով:

Հանձնաժողովը սկսում է աշխատել հակասական ժամանակահատվածում 

Կարանտինի եւ արտակարգ դրության ժամկետները երկարաձգված են, սակայն պարետատուն կոչված մարմինը, որն ամռանը չափից դուրս ժիր ու կայտառ էր մասնակցում մեր կյանքին՝ տուգանքներ էր սահմանում, խանութներ ու օբյեկտներ փակում, բոլորին դասեր էր տալիս «ինչ անել եւ ինչ չանել» թեմաներով, այլեւս կենդանության նշաններ ցույց չի տալիս: Եվ ի՞նչ ցույց տա, ինչպե՞ս տուգանի առանց այդ էլ կյանքով մեկ տուգանված, տարածքներ կորցրած քաղաքացիներին, որոնք առանց այդ էլ դժգոհ են ու հերթական բունտի պատրաստ: Առհասարակ, քաղաքացիներին չի հետաքրքրում՝ կա՞, թե՞ ոչ եւ ի՞նչ է անում պարետ Ավինյանը: Համավարակի վրա մեծ մասը թքած ունի: Մարդիկ նույնիսկ մետրոյում այլեւս դիմակ չեն կրում, տրանսպորտում իրար գիրկ նստած են երթեւեկում՝ լավ ու բարի ժամանակների պես, խանութներում էլ անդիմակների կուտակումներ են: 
Հայաստանի բնակիչները հետպատերազմյան դեպրեսիայի մեջ են

Այն հետ է մղել բոլոր մյուս մտահոգությունները: Եվ ահա ստեղծվում է մի մարմին, որը պետք է քննի պետության արած-չարածը: «Իշխանությունն իրականում խորապես անտարբեր է համավարակի նկատմամբ, քննիչ հանձնաժողովն էլ զուտ ձեւական բնույթի է, քանի որ 12 հոգուց բաղկացած մարմնի մեծամասնությունը՝ 8 հոգի, իմքայլականներ են, իսկ ընդդիմության 4 ձայնը ոչինչ չի տալու»,- ասում է համաճարակաբան, սննդի անվտանգության տեսչության մեթոդոլոգիայի վարչության նախկին պետ Արմեն Վարդանյանը, որն այժմ հիմնել ու ղեկավարում է «Բեկում» հասարակական կազմակերպությունը: Թեեւ նա հոռետեսորեն է տրամադրված նոր քննիչ մարմնի նկատմամբ, բայցեւայնպես, կփորձի մասնակցել դրա աշխատանքներին: Մանավանդ, որ հրապարակային կոչ է արվել փորձագետներին՝ համագործակցել հանձնաժողովի հետ: «Պետք է հասկանալ, թե ինչ գործողությունների ծրագիր ունի հանձնաժողովը, որ պետական մարմիններն են մասնակցելու աշխատանքներին: Պետք է նրանք իրենց նիստերին պարտադիր կանչեն կառավարության, առողջապահության նախարարության, հիվանդությունների կանխարգելման կենտրոնի, ԱԻՆ, ոստիկանության, արդարադատության նախարարության ներկայացուցիչների, նաեւ՝ ՀԿ-ների, որոնք խնդիր բարձրացնեն եւ իրենք էլ իրենց օրակարգում պետք է հասկանան, թե, օրինակ, ոստիկանությունն ինչ էր անում, ԱԻՆ-ն ինչ էր անում եւ այլն»:

Արմեն Վարդանյանը չի զլացել, գնացել է երթուղայինների վերջին կանգառները՝ «կանեցները», եւ տեսել, որ դրանք որեւէ կերպ չեն մաքրվում: «Այդ ավտոբուսները գոնե պուլպուլակներից պզիկներով վերցրած ջրով չեն լվացվել: Ոչ ոք չգիտի, թե ինչ կոնցենտրացիայի ախտահանիչներով էին դրանք ախտահանվում: Հազար հարցեր  կան: Հանձաժողովն այս ամենին անդրադառնալո՞ւ է, թե՞ պարզապես գալոչկա է դնելու՝ հանրության աչքին թոզ փչելու համար»,- ասում է նա: 

«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այսօրվա հուսալքության պայմաններում ինչ կարգի արտագաղթի պոտենցիալ կա»

«Հրապարակի» հարցին, թե ինչու, իր կարծիքով, երկարացրին կարանտինը, եթե ոչ մի լուրջ աշխատանք չի արվում, «Բեկում» ՀԿ նախագահը պատասխանեց. «Համոզված եմ, որ կարանտինը լրացուցիչ լծակ է, որն իշխանությունը ամեն րոպե կարող է օգտագործել արտագաղթը կանխելու համար: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այսօրվա հուսալքության պայմաններում ինչ կարգի արտագաղթի պոտենցիալ կա: Գյուղերում 10 հոգուց առնվազն 7-ն ուզում է արտագաղթել: Կարանտինը պահում են, որ դրանցից էլ հարկ քերեն: Հիմա, եթե դու ուզենաս գնալ, քեզ չեն թողնի: Էդ լափը, որ իրենք ուտում են, քաղաքացիներից պետք է քերեն: Ոչ թե մեր առողջության մասին են մտածում, նրանք թքած ունեն մեր առողջության վրա: Մի հատ թող ճանապարհները բացեն, չգնանք օդանավակայան, գնանք Բագրատաշեն, ու դուք տեսեք, թե քանի մարդ է, չասեմ՝ գազելով, «բուդկա Մասկվիչով», ոտքով, սելով Հայաստանից դուրս փախչում»: Արտագաղթում են, բայց չեն պայքարում․ ինչո՞ւ: «Սովորական բլոճին ու մկանը որ ուզում ես բռնել, կատվի ձագին՝ նոր ծնված, չանչ է գցում: Բայց մեզ մոտ՝ ՀՀ-ում ապրող շարքային քաղաքացին դա էլ չունի՝ էդ ինքնապաշտպանության բնազդը: Ուզում են՝ քցում են, ուզում են՝ տրորում են, ոնց ուզում են, վարվում են, ոտքերը վրան սրբում են: Մարդիկ կան՝ տնով գնացել են, ոսկու գին են տվել տոմսի համար, գնացել են: Պատկերացնո՞ւմ եք, ինչ հոգեվիճակում են, որ համաձայն են Ռուսաստանում թեկուզ զուգարան մաքրել, որովհետեւ էլ ոչ մի դեր չունեն իրենց երկրում»: 

Այ ապուշ, ո՛չ արոտավայր ունեմ, ո՛չ բուֆերային գոտի, ի՞նչ խելացի անասնագոմ 

Արմեն Վարդանյանը պետական աշխատանքը թողնելուց հետո ապրել է Գեղարքունիքի մարզում: Ասում է՝ շատ է խոսել ժողովրդի հետ: «Առաջ էլ արտագաղթում, դրսում աշխատում էին, բայց ընտանիքը ստեղ էր մնում: Եթե հարազատը մահանում էր, բերում, ստեղ թաղում էին: Հիմա մարդն իր մեռելը ստեղ չի բերում, հիմա այնտեղ են թաղում: Ես ու դու ստեղ գերեզման ունենալու երաշխիք ունե՞նք, ասեք ինձ: Էն ժամանակ գոնե բուֆեր-հողեր կային, հիմա ոչ մի բուֆեր չկա:  Թուրքը մտնում է գյուղացու տունը, ասում է՝ տանդ կեսն իմն է: Գյուղացին առաջ գիշերը գնում էր բուֆեր-գոտի, խոտ էր բերում, հորթերին տալիս: Հիմա արոտավայր չունի: Տնից էլ դուրս չի գալիս, որ ժնջիլը վզին չքցեն, տանեն պլեն: Արոտը ձեռից տարել են, ռեզերվի հողը չունի, էդ տարածքում թուրքն ա, բայց էկոնոմիկայի նախարարությունից իրեն ասում են՝ արի քեզ «Խելացի անասնագոմ» ծրագրով վարկ տամ, այդտեղ անասուն պահի: Մարդն էլ չի ասում՝ այ ապուշ, ո՛չ արոտավայր ունեմ, ո՛չ բուֆերային գոտի կա, բա որ էդ անասունը էն 50 մետրն անցավ թուրքի կողմը, ես դրան որտեղի՞ց բերեմ»: