Դրամի արժևորումը ԿԲ-ն կապում է Հայաստանից ծառայությունների արտահանման աճի հետ

Դրամի արժևորումը ԿԲ-ն կապում է Հայաստանից ծառայությունների արտահանման աճի հետ

Հայաստանում դրամը գնալով արժեւորվում է, իսկ դոլարը՝ արժեզրկվում։ Եվ դա լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցրել արտահանողներին։ Դոլարի արժեզրկման հետեւանքների վերաբերյալ երեկ խոսում էին «Մանթաշյանց» գործարարների միությունում հրավիրված հանդիպման ժամանակ։ Գործարարներ Կարեն Խաչիկյանն ու Սոկրատ Գրիգորյանն ասացին, որ իրենք այս օրերին մեծ վնասներ են կրում ինչպես Լարսում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, այնպես էլ դոլարի արժեզրկմամբ, քանի որ արտահանած ապրանքի դիմաց դրսում իրենց դոլար են վճարում, որն այստեղ գին չունի, մինչդեռ այստեղ իրենք հարկեր, տուրքեր ու աշխատավարձ են վճարում դրամով։

Մեր դիտարկմանը, թե երբ դոլարի փոխարժեքը բարձրանում է, գործարարները դժգոհում են, որ ապրանքները թանկացել են, իջնում է՝ նորից դժգոհում են, այդ դեպքում ո՞րն է այն օպտիմալ տարբերակը, որն իրենք ակնկալում են, խմիչքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող «Աբրիկոն» ընկերության տնօրեն Կարեն Խաչիկյանն ասաց, որ ճիշտը կայունությունն է։  

«Իհարկե, ստաբիլությունն ամենաճիշտն է։ Երբ ես գիտեմ, որ ո՛չ ավելանալու է, ո՛չ պակասելու է, ես ռիսկով կարող եմ վարկ էլ վերցնել, ռիսկով կարող եմ կրեդիտով ապրանք ուղարկել այլ երկրներ՝ հանգիստ լինելով, որ երբ էլ էդ գումարը ստանամ, ինքը նույն արժեքն է ունենալու»,- ասաց նա։

Խաչիկյանի խոսքով՝ դոլարի արժեզրկմամբ այսօր հրաշալի պայմաններ են ստեղծվել ներկրողների համար, փոխարենը՝ էապես տուժում են արտահանողները։ Իսկ ինչո՞վ են պայմանավորված դոլարի այսպիսի արժեզրկումն ու դրամի արժեւորումը։ «Լոգիկան ասում է, որ, տրամաբանությամբ, մեր տնտեսության մեջ դրամն էսպես պետք է չարժեւորվեր։ Սովորաբար արժեւորվում է, երբ որ տնտեսությունը շատ հզոր է, այսինքն՝ էնքան տարադրամ է եկել, որ մեր դրամը սկսում է արժեւորվել տարադրամի համեմատ։ Բայց չեմ կարծում, որ վերջին երեք ամսում էնպես հզորացավ մեր տնտեսությունը, որ 15 տոկոսանոց անկում ունեցավ դոլարը»,- ասաց Խաչիկյանը։ Իսկ լուծումներից մեկը, ըստ նրա, կարող է լինել այն, որ Կենտրոնական բանկը հավելյալ դրամ ներարկի մեր տնտեսության մեջ։

«Լրացուցիչ դրամ կարելի է ներարկել տնտեսության մեջ Կենտրոնական բանկի կողմից ու բերել որոշակի ստաբիլության։ Կամ կան այլ գործիքներ, գուցե։ Բայց երբ մեր արտահանումը համարյա լրիվ կանգնած է, սրանից 20 օր առաջ ասացին՝ համարյա 5 հազար մեքենա կանգնած է Լարսում, պատկերացնո՞ւմ եք, երբ էդքան մեքենա, ոչ թե ապրանքը տեղ է հասնում, որպեսզի գումար կարողանա ստանալ, այլ կանգնած է, մեզ մոտ դրամ է արժեւորվում։ Մի քիչ տրամաբանական չէ էն, ինչ կատարվում է»,- նկատեց Կարեն Խաչիկյանը։

Մենք դիմեցինք նաեւ Կենտրոնական բանկին՝ տեղեկացնելով գործարարների բարձրացրած խնդիրների մասին ու հետաքրքրվելով, թե իրավիճակը կայունացնելու ինչ լուծումներ է առաջարկում ԿԲ-ն։ ԿԲ-ից նախ ասացին, որ փոխարժեքը Հայաստանում ազատ լողացող է եւ որոշվում է արժութային շուկայում առաջարկի եւ պահանջարկի հիման վրա։

«Վերջին շրջանում ավելացել է արտարժույթի առաջարկը շուկայում՝ կապված միջազգային այցելուների ներհոսքի հետ։ Այսինքն` փոխարժեքի արժեւորման պատճառը Հայաստանից ծառայությունների արտահանման զգալի աճն է՝ հանձինս ոչ ռեզիդենտ այցելուներին մատուցվող ծառայությունների տեսքով»,-ասացին Կենտրոնական բանկից։
Ինչ վերաբերում է լուծումներին, ապա ԿԲ-ից հայտնեցին, որ Կենտրոնական բանկը փոխարժեքի որեւէ նպատակ չի հետապնդում։ «Կենտրոնական բանկը հետեւողական է միայն գների կայունության կամ ֆինանսական կայունության ռիսկերի կառավարմանը: Այսպես, օրինակ, Կենտրոնական բանկը կարգավորում է դրամի գինը վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջոցով՝ ելնելով ընթացիկ գնաճի զարգացումներից, ինչը ներկայումս բարձր է թիրախային մակարդակից։ Միաժամանակ, ՀՀ դրամի ներարկումը Կենտրոնական բանկը ոչ մի տեսքով չի սահմանափակում եւ տրամադրում է ըստ բանկերի պահանջի։ Ամբողջ աշխարհում կազմակերպությունները, այդ թվում՝ արտահանողներն ու ներմուծողները, փոխարժեքի տատանման ռիսկերը կառավարում են ֆինանսական ածանցյալ գործիքների միջոցով։ Հայաստանում կազմակերպությունների կողմից պահանջարկի դեպքում այդ գործիքները կարող են առաջարկվել առեւտրային բանկերի եւ ներդրումային ընկերությունների կողմից, կամ նույն ռիսկերն այդ կազմակերպությունները կարող են ծածկել տարբեր արժույթներով վարկերի եւ ավանդների միջոցով»,- պատասխանել են ԿԲ-ից, որից տպավորություն է ստեղծվում, թե Կենտրոնական բանկը լուծումներ փնտրելու եւ գտնելու, փոխարժեքի կայունությունն ապահովելու ամբողջ բեռը թողնում է գործարար հատվածի վրա։