Ճեմուղի չի, այլ խլելու գործընթաց. սևանցիները տապալեցին քննարկումը (տեսանյութ)

Ճեմուղի չի, այլ խլելու գործընթաց. սևանցիները տապալեցին քննարկումը (տեսանյութ)

«Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումն այսօր տապալվեց սեւանցիների կողմից:

Ափամերձ հատվածների 480 տնտեսվարողներն արդեն երեք քննարկման են մասնակցել եւ դեմ են եղել նախագծին: Այս ամենից հետո, սակայն նախարարությունը հերթական քննարկումն էր ձեռնարկել, որը եւս մերժվեց սեւանցիների կողմից: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի ժ/պ Խաչիկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս քննարկումը կազմակերպել էր փորձաքննության կենտրոնը՝ նախաձեռնողի՝ Քաղաքաշինության կոմիտեի եւ համայնքի հետ:

«Մեծամասնությամբ դեմ էին, բայց կային մարդիկ, որ ուզում էին լսել»,-ասաց Մարտիրոսյանը: Հարցին՝ հանրային լսում տեղի չունեցավ, դուք պետք է արդյունքներ ներկայացնեք, ի՞նչ եք ներկայացնելու. «Փորձաքննությունը կատարում է փորձագետը, որոշում է կայացնում, բոլոր փաստաթղթերը հաշվի առնելով, եւ տալիս դրական, կամ բացասական եզրակացություն: Եթե փորձագետը տվեց բացասական եզրակացություն, հնարավոր է նախագիծը փոփոխվի, այլ նախագիծ ներկայացվի»,-պատասխանեց Մարտիրոսյանը:

Ճեմուղու նախագծի պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է, իսկ նախագծի հեղինակը ճարտարապետ Ռազմիկ Բաբայանն է: Ըստ Բաբայանի՝ նախատեսվում է կառուցել 10 կմ երկարությամբ ծովափնյա հետիոտն ճեմուղի, որի ամբողջ հատվածը կազմելու է 520 հա: Այն ընդգրկելու է Լճաշեն եւ Սեւան համայնքներին հարող հատվածները: Ճեմուղու երկայնքով ստեղծվելու են քոթեջային, հյուրանոցային, պանսիոնատային կառուցապատման գոտիներ, ընդմիջելով դրանք առևտրի, սպասարկման, սննդի օբյեկտների, լանդշաֆտային պարկերի, զբոսայգիների, մանկական պարկերի, ակտիվ հանգստի և ժամանցի գոտիներով, ավտոկայանատեղիներ արեւային ծածկերով. «Ճեմուղին 10 մետր լայնությամբ կձգվի մինչեւ Հրազդան գետը, դրանից հետո արդեն 5 մետր լայնություն կունենա, կլինի միայն ճեմուղի, կողքերը ազատ տարածքներ կլինեն: 86 հա կառուցապատվող տարածք ենք նախատեսել»:

- Պարո՛ն Բաբայան, քննարկում տեղի չունեցավ, մարդիկ դեմ են ձեր նախագծին, մի գուցե այլ տարբերակնե՞ր առաջարկեք տնտեսվարողներին:

- Կմտածենք այդ ուղղությամբ, կտեսնենք:

 - Իսկ դո՞ւք առաջարկել եք տնտեսվարողներին, որ իրենք կառուցապատեն։

- Դե առաջնային, ինձ թվում ա տնտեսվարողներին կառաջարկենք, լոտերի ենք բաժանելու, առաջին հերթին իրենց կառաջարկենք, կհարժարվեն՝ նոր ուրիշ մարդ կգնեն:


Տնտեսվարողները երկար բանավիճեցին էին քննարկման կազմակերպիչների հետ, եւ ընդհանուր հայտարարի չգալով՝ բաժանվեցին: Տնտեսվարողների պահանջը հստակ է, եթե այդ հատվածում քաղաքաշինության կոմիտեն կթույլատրի կառուցապատում, ապա պատրաստ են իրենք կառուցապատել՝ նախագծի համապատասխան։ Նրանք կարծում են, որ սա խլելու գործընթաց է՝ ուրիշ ոչինչ։ Եթե խնդիրը կառուցապատելը լիներ՝ իրենց կառաջարկեին անել։

«Թող տան մեզ շինթույլտվություն, ու ասեն, որ էսպես ենք ուզում՝ սարքեք: Ոչ թե մեր ձեռքից վերցնեն, ու տան ինչ-որ մեկ ուրիշի, որ գա էտ մեկն ասի մենք կսարքենք: Մեր աշխատանքն էլ սա է, ամառը աշխատենք, որ սաղ ձմեռը ուտենք: Թող նախագիծը տան՝ ով չի կարողանա կառուցի, իր ձեռքից վերցնեն, տան այն մարդուն, որ կարողանում ա կառուցել, ոչ թե մեր եղածը մեր ձեռքից վերցնեն»,- ասում Դավիթ Ասատրյանը, ով «Ընտանեկան» լողափի տնօրենն է:

«Արդեն 3 անգամ ճեմուղու հարց են բարձրացնում, իրենց նախագիծը հետեւյալն է՝ 480 տնտեսվարողների իրավունքները ոտնահարեն եւ ճեմուղի կառուցեն: Մենք հիմա չթողեցինք, որ հանրային քննարկումը կայանա, քանի որ դա ծրագիր չի, որ իրենք բերել են: Նախ իրենք մեզ պետք է ցույց տային, թե դա ում ծրագիրն է: Մենք առաջարկեցինք, որ այդ ծրագիրը սահմանամերձ հատվածներ տեղափոխեն, տանեն Վարդենիս, Մարտունի, ինչի՞ են եկել ֆիքսվել Սեւանի վրա: Լսել ենք, որ ծրագիրը 43 մլն դոլար արժե, այդ գումարը թող ներդնեն այն տղաների համար, որոնք պատերազմի ժամանակ ոտք են կորցրել, ձեռք են կորցրել: Շատ սիրուն նախագիծ են ներկայացրել, բայց այլ տեղ թող տանեն, թող մեր իրավունքները չոտնահարեն»,-ավելացրեց Սվետլանա Քալանթարյանը, ով 2006 թվականից «Լավանդա սիթիի» բնակիչ է:
 

Մանրամասն՝ տեսանյութում: