Փաստացի Մակրոնը կրկնեց այն նույն թեզերը, ինչ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն իր ընտանեկան թերթում գրել էր․ Վիգեն Հակոբյան

Փաստացի Մակրոնը կրկնեց այն նույն թեզերը, ինչ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն իր ընտանեկան թերթում գրել էր․ Վիգեն Հակոբյան

«Հրապարակի» զրուցակիցն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

-Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռոյթերս լրատվականին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Պուտինին մեղադրել էր ադրբեջանա- հայկական բախումներ հրահրելու մեջ։ Ո՞րն էր նման հայտարարության պատճառը։

-Սա հետևանք էր այն բանի, որ հիմա որևէ խաղի կանոն գոյություն չունի միջազգային հարաբերություններում, որևէ կարմիր գծեր և դիվանագիտական ֆորմատներ այլևս գոյություն չունեն։ Ամեն ինչ փոխարինվում է, ըստ էության, ուժի ցուցադրմամբ և կենցաղային լեզվով ասած՝ փորձելով տեղում իրենց դրվածքը հաստատել։ Այս հայտարարությունը պայմանավորված է միջազգային իրավիճակով, թե ինչ դրություն է Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Այսինքն, որևէ կոմպլեքսներ այլևս գոյություն չունեն։ Եվ եթե նախկինում ինչ-որ բան հասկացնելու համար բազմաքայլ դիվանագիտական կոմբինացիաներ էին կիրառում, դրանով հասկացնելով, թե ինչ են ուզում ասել, ինչ դժգոհություն ունեն, և ինչ է ակնկալվում, ապա հիմա շատ դեպքերում պարզապես դա ասվում է։ Երբեմն դա ուղղորդվում է կոնկրետ գործողություններով, օրինակ, պատերազմական կլինեն այդ գործողությունները, թե այլ ոճի ուժի ցուցադրմամբ։ Հիմա որևէ խաղի կանոններ գոյություն չունեն, մինչև այն պահը, երբ Արևմուտքը, Ռուսաստանը և այլ գեոքաղաքական կենտրոններ նոր խաղի կանոններ կսահմանեն, նոր աշխարհակարգ կձևավորվի՝ իր կարմիր գծերով, իր ազդեցության նոր գոտիներով և փոխհարաբերությունների նոր կոդեքսով, որից հետո աշխարհը կվերադառնա դիվանագիտական գործիքակազմին։ Ի դեպ, Պուտինը Մակրոնի վարքագիծը ռուսերեն извращение բառով բնութագրեց։

-Մակրոնն ինչո՞ւ այդ հայտարարությամբ հանդես եկավ։

-Փորձ է արվում երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում՝ Ռուսաստանի դեմ և այս պարագայում՝ ի դեմս Փաշինյանի, գոնե Արևմուտքին այդպես է թվում, ինքը ձեռք է բերել մի գործչի, որն, ըստ էության, փորձում է աշխարհաքաղաքական վեկտորում կտրուկ փոփոխություններ անելով պահպանել իր իշխանությունը և միաժամանակ անձնական երաշխիքներ ստանալ, բայց դա քողարկել նրանով, թե իբր Արևմուտքի հետ այս ֆլիրտը ինքն անում է, որպեսզի կարողանա իր ասած 29800 քառակուսի կիլոմետրը պահպանի։ Փաստացի Մակրոնը կրկնեց այն նույն թեզերը, ինչ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն իր տան թերթում Հավաստի աղբյուր ստորագրությամբ ներկայացրել էր Ռուսաստանի՝ հետաքրքրությունները հայ- ադրբեջանական հարաբերությունների և Արցախի հարցի շուրջ։ Կարծում եմ, որ պահն էլ էր հատուկ ընտրված, որովհետև Փաշինյանը պետք է մեկներ Աստանա, որտեղ վերջին ժամանակվա պրոարևմտյան ֆլիրտներից հետո պետք է հանդիպեր Պուտինի հետ, և ոչ միայն ինքը, այլև իր արտգործնախարարը և իրենք հասկանում էին, որ կարող է բավականին բարդ խոսակցություն լինել։ Ինչը, որքան ես եմ հասկանում, եղավ, հաշվի առնելով Լավրով- Արարատ Միրզոյան երեկվա հանդիպման ժամանակ տեղի ունեցած դիալոգից։ Լավրովն, ըստ էության, ծաղրանքի էր ենթարկել Միրզոյանին՝ ասելով, որ եթե դուք ժամանակ ունենայիք՝ մենք դիտորդներ վաղուց կբերեինք։ Այսինքն, ասաց, որ իրենք հասկանում են, որ հայկական կողմը իր հիմնական խաղաքարտը արդեն Եվրամիության դիտորդների վրա է դրել։ Փաշինյանը հասկանում էր, որ գնում է բարդ խոսակցության և իրեն պետք էր որևէ թիկունք, գնալուց առաջ իրեն դուխ տվող էր պետք և այդ դուխ տվողը տվյալ դեպքում Մակրոնն էր, որը խնդիր ունի նաև աշխարհաքաղաքական տեսակետից կայանալու՝ փորձելով Եվրամիության մեջ լիդերներից մեկը դառնալ հիմա, երբ Եվրամիությունը չունի հստակ լիդեր և եթե առաջ լիդերի դերը խաղում էր Գերմանիան՝ հիմա մենք տեսնում ենք, որ Գերմանիան ռուս-ուկրաինական, իսկ իրականում ռուս-արևմտյան պատերազմին թերևս Ուկրաինայից և Ռուսաստանից հետո երրորդ տուժող պետությունն է դառնում։

-Մարիա Զախարովան՝ Մակրոնին ուղղված իր պատասխանի մեջ նշեց, որ դա Արևմուտքի որդեգրած քաղաքականության մեջ է տեղավորվում՝ ընդդեմ Ռուսաստանի։ Արևմուտքին կոնսոլիդացնողը ԱՄՆ-ն է, արդյո՞ք նա նկատի ուներ, որ Մակրոնի այդ հայտարարությունն ուղղորդված է ԱՄՆ-ի կողմից։

-Եվրամիությունը հիմա որպես ինքնուրույն գործելու, աշխարհաքաղաքական գործոն հանդես չի գալիս։ Պարզ է, որ ԵՄ-ի վրա Միացյալ Նահանգների ազդեցությունն ինչպես երբեք մեծ է՝ ընդ որում դա արդեն ոչ միայն ռազմաքաղաքական ազդեցություն է, այլ նաև ուղղակիորեն ֆինանսատնտեսական ազդեցություն է, եթե հաշվի առնենք, որ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության արդյունքում Եվրամիությունը նստած է էներգետիկական голодный паек- ի վրա։ Այն պակասորդը, որ իրենք ունենալու են, թե գազի, թե նավթի առումով, իրենց ամբողջ հույսը Միացյալ Նահանգների վրա է, թե ԱՄՆ-ն ինչպես է փորձելու կոմպենսացնել այդ պակասորդը՝ հոսքերը վերաբաշխելով, որպեսզի այդ երկրները կարողանան քիչ, թե շատ նորմալ ձմեռ անցկացնեն։ Նույն Գերմանիան, որը արդյունաբերական գիգանտ է ու հայտնի է հենց իր արդյունաբերությամբ, երբ որ իրենց էներգետիկական լիմիտի վրա է լինելու՝ իրենց մոտ անկում է լինելու արդյունաբերության ոլորտում, իսկ դա իրենց ամենաուժեղ կողմն է։ Եվ այս պարագայում Միացյալ Նահանգները Եվրոպային թելադրողի դերում է հանդես գալիս։ Դրա համար էլ հիմա շատ քչերն են հավատում, որ հավաքական Արևմուտք կոչվածը կարող է որևէ բան անել հատկապես գեոպոլիտիկ բնույթի, հատկապես որ դա ուղղակիորեն համաձայնեցվում է Միացյալ նահանգների հետ։

-Անդրադառնանք Միրզոյան – Լավրով հանդիպմանը, հայկական սոցհարթակներում Միրզոյանի պահվածքը բնութագրվեց որպես համարձակ, խիզախ, գովելի՝ վերջապես Ռուսաստանի դեմքին ասացին այն, ինչ կա։ Համամի՞տ եք այդ գնահատականների հետ։

-Ընդհանրապես վատ բան չեմ տեսնում այն բանի մեջ, որ ադեկվատ երկրի ադեկվատ ղեկավարները կարողանան նաև իրենց ռազմավարական դաշնակցի հետ գործընկերոջ մակարդակով ասեն իրենց ասելիքը՝ փորձելով երկրի համար կորզել առավելագույնը։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ ոչ երկրի իշխանությունն է ադեկվատ առկա մարտահրավերներին և ոչ էլ արդյունքները, որ այդ երկրի ղեկավարությունը ցույց է տվել անցած չորս տարիների ընթացքում, որը թույլ կտար նրանց ադեկվատ և  ունակություն ունեցող անվանել, և, ի վերջո, Արարատ Միրզոյանն էլ շատ հեռու է պրոֆեսիոնալ արտգործնախարար համարվելուց, այդ դեմարշը զուտ քարոզչական նպատակ ուներ։ Հենց դրա համար էլ արվում էր, որ համապատասխան ցանցային դիվանագետները՝ ֆեյսբուքյան դիվանագետները և տիկտոկային մտածելակերպ ունեցող իշխանության աջակիցները միանգամից ֆեյքնյուզերի հրահանգով դրա վրա ուշադրություն դարձնեն ու ոչ թե բովանդակության վրա։

Դժվարանում եմ ասել, թե ինչքանով դա կարող է օգուտ տալ, որովհետև չեմ կարող կռահել, թե այս պահի դրությամբ Ռուսաստանը ինչ մարտավարական ծրագրեր ունի գոնե այս տարածաշրջանի հետ և մասնավորապես Հայաստանի ղեկավարության հետ կապված։ Բայց կարծում եմ, որ դա դժվար թե պրակտիկ առումով օգուտ տա, որովհետև նման հարցերն ընդհանրապես չեն լուծում տեսախցիկների առաջ՝ հրապարակային դեմարշներ անելով։ Նման հարցերը լուծում են մինչ տեսախցիկների միացնելը՝ փակ դռների հետևում։ Հրապարակային մասում սովորաբար շեշտում են այն կետերը, որոնց շուրջ տարաձայնություններ չունեն, իսկ մնացածը թողնելով փակ դռների հետևում։ Եթե նկատեցիք, Լավրովն էլ առանձնապես շատ բարեկամական չէր տրամադրված և դեմքին ասաց այն, ինչ-որ պիտի ասեր։ Նույն Արարատ Միրզոյանը Մակրոնից դուխ ստանալով այնտեղ ինչ-որ դեմարշներ է անում իր խելքին։ Լավրովն էլ ասում է, որ մենք շատ լավ հասկանում ենք, որ դուք Եվրամիության դիտորդների հետ կապված համաձայնություն եք ձեռք բերել, դրա համար Զասին չէիք ընդունում և այլն։ Հիմա զենքն է ամեն ինչ լուծում՝ հատկապես մեր տարածաշրջանում և Նժդեհի ասած՝ Ուժն է ծնում իրավունք, բայց սա չի կարող երկար տևել։ Երբ նոր աշխարհակարգի շուրջ ամեն ինչ հստակեցվի՝ ամեն ինչ կվերադառնա դիվանագիտական հուն և ռազմական հռետորիկան էլ դրանով կավարտվի։

-Մակրոնն անդրադարձավ նաև Ադրբեջանին, հայտարարելով, որ իրենք Ադրբեջանի գազ չեն գնում և որ իրենց արժեքները չեն վաճառվում։ Սա հստակ դիրքորոշո՞ւմ էր։

-Ֆրանսիան փորձում է հաստատվել աշխարհաքաղաքական քարտեզի վրա։ ԵՄ-ում վակուում գոյություն ունի, այն, որպես այդպիսին, ռազմական առումով երբեք առանձնապես գործոն չի եղել, որովհետև իրենք իրենց չեն կարող պաշտպանել, հիմնականում տնտեսական առումով են ազդեցություն ունեցել։ Բայց տնտեսական ազդեցությունն էլ է նվազել, քանի որ Եվրոպայի սրտում՝ Ուկրաինայում պատերազմ է ընթանում, այն ուղղակիորեն ազդում է Եվրոպայի վրա։ Այս պարագայում Եվրամիությունը որպես գործոն թուլացել է։ Հիմա Ֆրանսիան փորձում է Հարավային Կովկասում իբր իր թևի տակ վերցնելով բարեկամ Հայաստանին և այդ բարեկամ Հայաստանի ավելի քան թույլ ղեկավարին՝ շեֆություն վերցնել նրա վրա և ուզում է ցույց տալ, որ Ֆրանսիան էլ ունի որոշակի լծակներ՝ աշխարհաքաղաքականության վրա ուղղակիորեն ազդելու։ Սա Ֆրանսիայի ձեռքում դառնում է ուղղակի բանակցային ռեսուրս՝ աշխարհաքաղաքական մեծ խաղերում հնարավոր բանակցություններում օգտագործելու համար։ Ի՞նչ ասաց Պուտինը, նա ասաց, որ կարծում է՝ Մակրոնը չի խորացել գործընթացների մեջ, կամ էլ սխալ ինֆորմացիա է ստացել։ Իսկ ումի՞ց է ստացել այդ սխալ ինֆորմացիան, հասկանալի է՝ ստացել է նրանից, ում որ հիմա ինքը հովանավորում է, տվյալ դեպքում ակնարկում է Նիկոլին։ Բայց ասում է՝ դա հեչ՝ ես Մակրոնի հետ դեռ առիթ կունենամ խոսելու։ Իսկ Մակրոնի համար էլ դա առիթ է, որպեսզի մի անգամ էլ Պուտինի հետ խոսի․ սեղանին դրվում է ուկրաինական թեմա, հիմա էլ կդրվի հայ-ադրբեջանական հարաբերություններում Ռուսաստանի վատ դերակատարումը՝ ըստ Մակրոնի և Փաշինյանի, այսինքն, սակարկման թեմա է սկսվում։ Որքան ներգրավվում է այս կամ այն հարցի մեջ, այնքան ռեսուրս է ունենում այս կամ այն գործընթացում ինչ-որ բան շահելու համար։ Չնայած խիստ կասկածում եմ, որ Պուտինի հետ հանդիպումից հետո Մակրոնի հռետորիկան նույնը կմնա։