Որեւէ մարմին Վստրեչի Ապերին չի հրավիրել

Որեւէ մարմին Վստրեչի Ապերին չի հրավիրել

Այս տարվա մարտի 5-ին ՀՀ ոստիկանության ուժերը հարձակում գործեցին «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի տան վրա, ամեն ինչ ջարդուփշուր արեցին, վախեցրին նրա 5-ամյա թոռնուհուն, ընտանիքի անդամներին, նաեւ այդ ընթացքում գողություն կատարվեց նրա տնից։ Արամ Վարդանյանն այդ պահին տանը չէր, հետո նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց եւ որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը։ Վստրեչի Ապերը մինչ օրս գտնվում է հետախուզման մեջ։

Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տան վրա հարձակումից հետո իրենք հաղորդում էին ներկայացրել դատախազին, որպեսզի այդ փաստով հարուցվի քրեական գործ։ «Դատախազն ուղարկել էր, որպեսզի ծառայողական քննության արդյունքում ոստիկանությունը պարզի, թե արդյոք հատկանիշներ կա՞ն քրգործ հարուցելու, թե՞ ոչ, ինչը մենք բողոքարկել ենք, որ դատախազն իրավունք չուներ ուղարկելու ոստիկանություն, պետք է հարուցեր քրեական գործ, որովհետեւ չի կարող մի մարմին, որի ներկայացուցիչները հանցագործություն են կատարել, նախապատրաստի իր աշխատակիցների հանցագործության վերաբերյալ նյութեր։ Էդ մասով արդեն դատական մեկ նիստ եղել է, դատախազը ներկայացրել է ծառայողական քննության արդյունքները, որի համաձայն՝ ոստիկանությունը գտել է, որ ոստիկաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստեր չկան, եւ միայն տանը կատարված գողության մասով եւ թոռնիկի ու մայրիկի նկատմամբ վատ վերաբերմունքի մասով պետք է քննություն իրականացվի։ Նյութերն ուղարկվել են ՀՔԾ, վերջինս հարուցել է քրգործ միայն գողության փաստով, այն էլ ուղարկել է ըստ ենթակայության Քննչական կոմիտեի Էրեբունու բաժին»,- պատմեց Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ իրենք բողոքարկել են նաեւ ՀՔԾ-ի այս որոշումը, քանի որ պետք է քրգործ հարուցվեր մի շարք այլ հատկանիշներով եւս։ Ըստ Սահակյանի՝ ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեին բնակարան ներխուժելու, ամեն ինչ ջարդուփշուր անելու եւ վատ վերաբերմունքի համար, որ դրսեւորվել է ընտանիքի անդամների նկատմամբ։
Հարցին՝ Արամ Վարդանյանի թոռնուհու առողջական վիճակը կարգավորվե՞լ է, ասում էին՝ վախեցել է երեխան ու չի խոսում, Սահակյանն ասաց․ «Որոշ չափով կարգավորվել է, սակայն դեռեւս խնդիրներ կան»։
- Արամ Վարդանյանին հիմա՞ էլ փնտրում են։

- Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, թե իրենք ինչ գործողություններ են կատարում, որովհետեւ մենք արդեն բազմիցս ասել ենք, որ Արամ Վարդանյանը յուրաքանչյուր դեպքում, երբ որ հրավիրվել է վարույթ իրականացնող համապատասխան մարմիններին, նա բոլոր դեպքերում ներկայացել է, որեւէ կանչ նրան չի եղել որեւէ գործով ներկայանալու, եւ ինձ համար տարօրինակ է, որ որեւէ մեկը փնտրում է իրեն, որովհետեւ հետախուզում կարող է հայտարարվել միայն այն դեպքում, երբ անձի տեղը հայտնի չէ, կամ հրավիրում են, եւ նա չի ներկայանում վարույթն իրականացնող մարմնին։ Նման բան չի եղել ընդհանրապես, նա վարույթն իրականացնող որեւէ մարմին չի հրավիրվել։

- Իսկ նա հիմա երկրո՞ւմ է։

- Երկրում է, իհարկե, երկրում է։

- Այսինքն՝ թաքնվո՞ւմ է իրավապահներից։

- Իրավապահներից թաքնվում են էն դեպքում, երբ որեւէ մեկը հրավիրում է, եւ անձը չի ներկայանում։ Եթե նրան հրավիրող չի եղել, ինչո՞ւ թաքնվի։ Բնականաբար, չի թաքնվում։

- Այդ դեպքում ինչո՞ւ են հետախուզում հայտարարել, եթե ինքը չի թաքնվում, իրեն էլ չեն հրավիրել։

- Չեմ կարող ասել։

- Իրենք փորձե՞լ են թեկուզ Ձեր միջոցով նրա հետ կապ հաստատել, որ նա գա, ներկայանա նախաքննական մարմնին։

- Երբեւէ ո՛չ մեր միջոցով, ո՛չ համապատասխան բնակության հասցե նամակ ուղարկելով նա որեւէ մեկի մոտ չի հրավիրվել։

- Այսինքն՝ տան վրա հարձակումից անմիջապես հետո հետախուզո՞ւմ են հայտարարել։

- Խնդիրն այն է, որ քանի որ նրանք հարձակում էին իրականացրել, եւ դա հասարակական հնչեղություն չստացավ, ստիպված, արագ-արագ ինչ-որ որոշումներ կայացրին, որ իբրեւ թե ձերբակալման որոշում է եղել, որ իբրեւ թե Արամ Վարդանյանի տանը փնտրել են իրեն։ Եվ դրանից էլ արդեն բխող հետեւանքները եղան՝ հետախուզում, որից հետո էլ դիմեցին դատարան, որպեսզի կալանքը որպես խափանման միջոց կիրառեն, որը բողոքարկման փուլում է։