Չես կարող HRAPARAK բառը խփես մեքենայիդ՝ քշես

Չես կարող HRAPARAK բառը խփես մեքենայիդ՝ քշես

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն օրենսդրական նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է՝ մարդկանց թույլ տալ ընտրել իրենց նախընտրած պետհամարանիշը։ Մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է այս նախագիծը, որը նոր է մտել շրջանառության մեջ։ Ալեն Սիմոնյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նպատակը բյուջեի մուտքերն ավելացնելն է։ «Մուտքերն ավելացնելը, ինչպես նաեւ՝ հաճախ դիմում են, ու նման պրակտիկա աշխարհով մեկ գոյություն ունի՝ Վրաստանում, ԱՄՆ-ում, եւ մենք դրա հաշվին կարող ենք, օրինակ, մեր ոստիկանների աշխատավարձը կամ պրեմիաները բարձրացնել, կարող ենք նոր մեքենաներ գնել իրենց համար։ Դա արդեն ոստիկաններն իրենք կորոշեն»,- ասաց պարոն Սիմոնյանը։

- Իսկ որքա՞ն է լինելու այդ համարանիշների արժեքը՝ հաշվի առնելով, որ այսօր ամենաթանկ համարանիշը 8 մլն դրամ է։

- Գին որոշված չէ, դա նույնպես թողնված է ոստիկանության հայեցողությանը, բայց կարծում եմ՝ կարող է լինել կա՛մ աճուրդային, կա՛մ ինչ-որ ֆիքսված գին, բայց բարձր բավականին։ Ես կողմնակից եմ աճուրդային գնին, որն աշխատում է նույն տրամաբանությամբ հեռախոսահամարների դեպքում։

- Իսկ քաղաքացին կարո՞ղ է իր ցանկացած թիվը կամ անունը գրել տալ։

- Ոչ, չի կարող։ Օրինակ՝ ոստիկանությունը որոշում է, որ հանում է վաճառքի A, B, C, D եւ այդպես 27 հատ տառ եւ 1100 թիվ։ Քաղաքացին մտնում է համակարգ, օրինակ՝ դու ուզում ես V տառը գնել, բայց դու չես կարող VA տառերը միասին գնել, որովհետեւ դա դեռ վաճառքի հանված չէ, կարող է մի օր հանի, կարող է՝ չհանի, իր ձեռքն է։ Այսինքն՝ ինքն ասում է, որ V տառը հանում է վաճառքի, աճուրդի նախնական գինը 5 մլն դրամ է։ Բայց դու չես կարող, ասենք, հավաքել HRAPARAK բառը եւ խփես քո մեքենային՝ քշես։

- Բայց HRAPARAK-ը ցենզուրայից դուրս բառ չէ։ ԱՄՆ-ում, օրինակ, մեքենայի վրա կարող են ցենզուրայից դուրս բառեր գրել, ասենք՝ սեքս։

- Չէ, հարցը ցենզուրայից դուրսը չէ, հարցն այն է, որ որեւիցե նիշ որոշում է  ոստիկանությունը, որովհետեւ ինքը պետք է նաեւ տեսախցիկներով դա ֆիքսի։ Ինչպես նաեւ սրանով շատ հեշտ է վերահսկողություն իրականացնել, որովհետեւ հեշտ կլինի իդենտիֆիկացնել, թե ում համարանիշն է դա։

- Զուտ մշակույթի առումով գուցե հակառա՞կը լինի, որ ոչ թե գինը բարձր լինի, այլ հակառակը՝ ամենագոլդ համարները լինեն ամենացածր արժեքով, որպեսզի այդ ցուցամոլությունն ու մշակույթն էլ մեր միջից վերանան, որ պետհամարանիշով մարդկանց բարձր ու ցածր չդասեն։

- Չի ստացվի, որովհետեւ դրա փորձն աշխարհում գոյություն չունի։ Այսինքն, եթե դրա հնարավորությունը կա, միշտ գտնվում են մարդիկ, որոնք որ դա անում են։

- Դե, մենք կարող ենք մեր չափանիշները սահմանել եւ մշակութային հեղափոխություն անել այդ հարցում, որ «գոլդ» համարներն այլեւս հարգի չլինեն։

- Ես որ մեքենա գնեմ, որոշել եմ, որ իմ համարը լինելու է ամենախառը համարը։ Նույնիսկ ես համար ունեմ, որ շատ վաղուցվանից կա՝ 55 AL 100, որը ժամանակին կինս վճարել ու առել է ինձ նվեր, ես հիմա էդ համարանիշը հետ եմ տալիս։ Երբ ես մեքենա ունենամ, վերցնելու եմ խառը համարներ, օրինակ՝ 35 VL 362 կամ նման մի բան։

- Իմ մեքենայի համարներն էլ են խառը համարներ, բայց, այ, Ձեր պատգամավորական համարանիշները փոխված են՝ Ձեր գործընկեր Լուսինե Բադալյանին հատկացված համարանիշը, որը 005 HH 11 է, հիմա Ձեր կարմիր Range Rover-ի վրա է փակցված, իսկ Ձեր համարները՝ 058 HH 11, Բադալյանի մոտ են։

- Ես կորոնավիրուսից առաջ իմ կարմիր Range Rover-ը վաճառել եմ՝ արդեն մի քանի ամիս է։ Ես էս պահին անձնական մեքենա չունեմ ու ապագայում մեքենայի համարների վրա ուշադրություն չեմ դարձնելու, գտնում եմ, որ դրա ժամանակն անցել է։

- Իսկ ինչո՞ւ եք վաճառել Ձեր մեքենան, եթե գաղտնիք չէ, ծառայողական մեքենա ունեք, անձնականի կարիքը չկա՞ր այլեւս։

- Չէ, ուղղակի լավ գին առաջարկեցին, վաճառեցի։

- Դուք որ ասում եք՝ աշխարհում կա ցանկալի համարների փորձը, բայց նաեւ հակառակի փորձն էլ կա, եթե չեմ սխալվում՝ Ուկրաինայում բոլոր աղբատար մեքենաները «գոլդ» համարներով են, դա արված է, որ մարդիկ չձգտեն «գոլդ» համարների։

- Չէ, դրա լուծումը գտնում են Ուկրաինայում եւ 3 նիշանոց համարներ են դնում, որոնք գրանցում են ինչ-որ կազմակերպությունների անունով։ Այսինքն՝ մարդը, եթե ցանկություն ունի որեւէ ձեւով իր համարը ֆիքսել, դա անում է այս կամ այն ձեւով։