Ե՞րբ է տեղափոխվելու Արոնյանը

Ե՞րբ է տեղափոխվելու Արոնյանը

Տեղափոխությունս երեւի տեղի կունենա օգոստոսին, երբ վերջացնեմ մրցաշարերս Եվրոպայում: Այս ընթացքում մրցաշարերը շատ են, այդ պատճառով հնարավորություն չի լինում շատ հանդիպումներ ունենալ երեխաների, ապագա շախմատիստների հետ: Այս մասին քիչ առաջ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը երեխաների և երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Արոնյանը։

«Քանի որ այլևս չեմ ապրելու Երեւանում, ես եւ Անին որոշեցինք կազմակերպել նման հանդիպում, որտեղ ես երեխաներին շախմատի մասին կպատմեմ, կկիսվեմ իմ փորձով, իմ գիտելիքներով:Այս նախաձեռնությունն ինձ կօգնի զգալ, որ իմ գործը Հայաստանի շախմատում շարունակվում է: Այնպես չի լինելու, որ ես Հայաստանից մեկնեմ ու ձեռքս բաց թողնեմ հայկական շախմատի վրայից։
Երեւանի շախմատի տունն ինձ համար ասես մի սուրբ վայր լինի: Տիգրան Պետրոսյանի «աչքի տակ» շախմատ խաղալն իմ ամենասիրելի զբաղմունքն է եղել: Փոքր տարիքում բախտս շատ է բերել»,- ասաց Արոնյանը։

«Շախմատում հաղթում է այն մարդը, որը նվիրված է, ժամերով մարզվում է, խաղի ժամանակ չի թուլանում: Եթե ոմանք էլ շախմատիստ չդառնան, միեւնույն է՝ շախմատը շատ է օգնելու կյանքում ճիշտ քայլել: Ինձ այն սովորեցրել է տեսնել սեփական սխալներս եւ ընդունել դրանք»,- հավելեց նա։