«Հրապարակ». Այս քայլերը ոչ թե զրոյացնում են ռուսական ազդեցությունը, այլ նպաստում դրա աճին

«Հրապարակ». Այս քայլերը ոչ թե զրոյացնում են ռուսական ազդեցությունը, այլ նպաստում դրա աճին

Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ

- Հայաստանի իշխանությունների մոտ հակառուսական տրամադրություններն ավելի են խորացել: Իշխանությունները նախ հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են, հետո սկսեցին խոսել այն մասին, որ մտադիր են դադարեցնել մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Այն, որ ՌԴ-ն լավ դաշնակից չէ, բոլորս գիտենք, բայց ի՞նչ կտա մեզ նման թշնամի ձեռք բերելը:

- Իմ համոզմամբ՝ իշխանություններն իրենք իրենց հրամցրած կեղծ քարոզչության գերին են դարձել։ Տեսեք` այն մարդիկ, ովքեր մեր հանրային տիրույթում ակտիվ աջակցում են իշխանություններին, ասում են՝ եկեք Ադրբեջանին չհակադրվենք, չպատասխանենք, չարձագանքենք, ռեսուրս չունենք, տեսեք իրենց ուժը ու մեր թուլությունը, պետք չէ արկածախնդրության գնալ եւ այլն: Մեկ էլ նույն մարդիկ ՌԴ-ի դեպքում, ժողովրդի լեզվով ասած, «առյուծ են կտրում» ու ասում են` եկեք Ռուսաստանի դեմ դուրս գանք, մենք խնդիր չունենք, դրա եղածն ի՞նչ է որ։ Այստեղ Ռուսաստանի հարցը չէ, իրենց վարքի մասին իմ գնահատականները բազմիցս արտահայտել եմ հանրային, այստեղ այդ իշխանություններին աջակցող մարդկանց հետապնդած նպատակների հարցն է, թե ում շահերն են նրանք սպասարկում, երբ քարոզում են հաշտվել պետական մակարդակով հայի դեմ ատելություն քարոզող Ադրբեջանի հետ ու միաժամանակ «ճշտի մարտիկ» խաղում Ռուսաստանի դեպքում, որի ահռելի ազդեցությունը Հայաստանի վրա Փաշինյանի շնորհիվ միմիայն աճել է․ տնտեսական ցուցանիշներին նայեք, անվտանգության հարցում ռուսական գործոնի մեծացմանը, տեսեք` ինչ իրավիճակ է, որ ռուսական կողմը որոշում է՝ ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները կարո՞ղ են մտնել Ներքին Հանդի տարածք, թե՞ ոչ։ Սա ցույց է տալիս, որ իշխանությունների վարքը ոչ թե հակառուսական է, այլ ցաքուցրիվ է, կեղծիքներով լի, անբովանդակ, իրենք մեր պետությունը դարձնում են աշխարհաքաղաքական բախումների թիրախ, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանից վախեցողներն «առյուծ են կտրում» Ռուսաստանի դեպքում։ Այս հարցի պատասխանն է ամենակարեւորը, որ հասկանանք, թե ինչու մի իշխանություն, որը պաշտոնապես ասել է, որ կոնֆրոնտացիայի չի գնալու Ադրբեջանի հետ, պատրաստ է առճակատման պատրանք ստեղծել ՌԴ-ի հետ, իսկ այդ քաղաքականության հետեւանքով ՌԴ ազդեցությունն ու ներկայացվածությունը ՀՀ-ում միայն աճել է։

- Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը համագործակցում է ՌԴ-ի թշնամիների հետ: Ի՞նչ նկատի ունի նա: ՌԴ ԱԳՆ-ն արձանագրել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի՝ մնո՞ւմ է ՀԱՊԿ-ի կազմում, թե՞ հեռանում է ՀԱՊԿ-ից:

- Լավրովը շատ ընտրովի է իր խոսքում, ինքը չի նկատում ԵՄ հանձնակատար Քադրի Սիմսոնի այցը Բաքու, հնչեղ հայտարարություններն ու խորացող համագործակցությունը, բայց շատ զգայուն է ՀՀ-ից հնչող հայտարարությունների հանդեպ։ Իմ համոզմամբ, ՌԴ-ն օգտվում է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից՝ Հայաստանի դեմ իր ոչ բարեկամական քայլերն արդարացնելու համար։ 

- Եթե ռուսական ազդեցությունը Հայաստանում զրոյանա, ասենք` ռուսական ռազմաբազան դուրս բերվի Հայաստանից, ի՞նչ տեղի կունենա, կա՞ ՌԴ-ին ալտերնատիվ անվտանգային տարբերակ:

- Հայաստանի այս քայլերը ոչ թե զրոյացնում են ռուսական ազդեցությունը, այլ միայն նպաստում դրա աճին։ Ինձ մոտ տպավորություն է, որ ամենաակտիվ հակառուսական քարոզիչներն ամենամոլի ռուսամետներն են, քանի որ Արեւմուտքի հանդեպ ստեղծում են կեղծ, չարդարացված պատրանքներ, հանրությանը բաժանում ռուսամետների ու հակառուսների, մինչդեռ մենք շատ ավելի լուրջ մարտահրավերների պետք է կարողանանք պատասխանել։ Մենք պետք է աշխատենք դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, բայց ոչ թե «մետ» ու «հակա» խաղալով, այլ մեր շահերին ծառայելով։ 

- Ադրբեջանը շահո՞ւմ է այս ամենից:

- Միանշանակ, այո, Ադրբեջանը շահում է այն իրավիճակում, երբ ՀՀ իշխանությունները Հայաստանը դարձնում են աշխարհաքաղաքական բախումների թիրախ։ 

- Ի՞նչ կարող են այդ պարագայում անել Թուրքիան եւ Ադրբեջանը:

- Այն, ինչ արել են մինչ օրս՝ օգտվել ՀՀ իշխանությունների հակահայկական քայլերից։ 

- Շատ է խոսվում գարնանը ռազմական էսկալացիայի մասին: 

- Ես չունեմ հետախուզական տվյալներ, որ նման պնդում անեմ, բայց տեսնում եմ, որ Ադրբեջանը երկու ամսում քսանի հասնող վարժանք ու զորավարժություն է անում, տեսնում եմ, որ հային գլխատելը հերոսություն է համարվում այդ երկրում, տեսնում եմ, որ իրենց մոտ պետական մակարդակով գործում է ուժի ու ուժի սպառնալիքի քաղաքականությունը: Նաեւ գիտեմ, որ եթե մենք չենք պատրաստվում մեր մարտահրավերները կանխելու, ապա դրանով միայն մոտեցնում ենք սպառնալիքների ժամկետները։