Մենախոսություն

Մենախոսություն

Բարոյական արժեքներ, զսպվածություն, թույլատրելիի սահմաններ. երեխային սրանց հետ պետք է ծանոթացնել շատ փոքրուց: Որ նա 5-6 տարեկանում իմանա` թույլին, խեղճին չի կարելի ծեծել, քանի որ միշտ կարող է քեզնից ուժեղը հայտնվել եւ քեզ շան ծեծ տալ: Որ խաբարբզիկությունը, մարդկանց հետեւից բամբասելը, մարդկանց նվաստացնելն ու մասնագիտությունը ծաղրելը լավ բան չեն:

Ավելի բարձր տարիքում ուրիշ դասեր էլ է պետք երեխաներին տալ: Օրինակ, որ եթե դու մեկի հետ ընկերություն ես անում, հետո` կյանքի բերումով, ձեր ճանապարհները բաժանվում են, ընկերության շրջանի գաղտնիքները չի կարելի հրապարակել, առհասարակ` քեզ վստահված գաղտնիքները չի կարելի հրապարակել: Կամ` մահացած մարդկանց վկայակոչելը, նրանցով պաշտպանվելը գեղեցիկ բան չէ: Նաեւ` չի կարելի բացակա մարդուն մեղադրանքներ ուղղել՝ իմանալով, որ նա չի կարողանալու քեզ հակադարձել: Օրինակ, դու Հանրայինի լսարանն օգտագործում ես պաշտոնի բերումով, իսկ նա, ում թիրախավորում ես, չի կարող օգտվել այդ լսարանից եւ քո ստերը բացահայտել կամ քո մեղադրանքները հերքել: Իսկ հերքելու, առարկելու լիքը բան կա:

Օրինակ, երբ դու ասում ես, որ «պարզվեց՝ Հայկ Մարությանը լավ ժամանակների ընկեր էր, իսկ վատ ժամանակներում լքեց մեր թիմը», գուցե դա իշխանամերձ շրջանակները «թույն փաստարկ» համարեն, բայց բոլոր նորմալ մարդիկ, առավել եւս այդ խոսքերի հասցեատերը, կարող է քեզ առարկել, որ այդ «վատ ժամանակները» ձեր ապաշնորհ կառավարման արդյունքում են վրա հասել, իսկ գրագետ մարդիկ տարիներով ձեր զգուշացրել են, որ երկիրը սխալ ճանապարհով եք տանում, եւ մասնակից դառնալ հաջորդ սխալներին` ոչ մի խելացի ու իր երկիրը սիրող մարդ չի ցանկանա: Այնպես որ, հարցը ոչ թե լավ կամ վատ ընկերն է, այլ լավ ու վատ կառավարումը: