Եվրոպական մամուլը՝ Արցախում տեղի ունեցած դիվերսիայի մասին

Եվրոպական մամուլը՝ Արցախում տեղի ունեցած դիվերսիայի մասին

Շատ քիչ եվրոպական մեդիաներ են արձագանքել ադրբեջանական դիվերսիային՝ Արցախի ոստիկանների դեմ։ Հատկանշանական է որ, ոչ մի մեդիա չի դատապարտում ադրբեջանական ագրեսիան, տալիս են միայն երկու կողմերի հայտարարությունները եւ ոչ մի լրատվամիջոց ցույց չի տալիս հայկական կողմից սփռված տեսանյութը՝ այդ հարձակման մասին։

Գրեթե բոլոր լրատվամիջոցներն օգտվում են Ֆրանսպրեսից՝ AFP-ից կամ Reuters-ից։
Le Figaro-ն, հիմնվելով AFP ի լուրերի վրա գրում է․

«Լեռնային Ղարաբաղ. հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ
Կիրակի օրը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, հայտնում են Հայաստանի իշխանությունները՝ Կովկասի այս տարածաշրջանում, որը վիճարկվում է անջատողականների և Ադրբեջանի միջև: Հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտնել են, որ ադրբեջանական բանակի մի խումբ «դիվերսանտներ» առավոտյան կրակել են անջատողական վարչակազմի ոստիկանական մեքենայի վրա։ Երեք ոստիկան մահացել է»։ Հավելել են, որ չորրորդը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում և տեղափոխվել հիվանդանոց։ Իր հերթին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս վարկածը՝ ասելով, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել այն բանից հետո, երբ փորձ է արվել ստուգել Հայաստանից Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի տարածքներ զենք տեղափոխելու մեջ կասկածվող մեքենաները։
Բելգիական RTBF.be կայքը գրեթե նմանատիպ տեքստ է հրապարակում, բայց վերջում հավելում է, որ ադրբեջանցի զինծառայողների ուղղությամբ էլ են կրակել եւ դրա հետեւանքով երկու կողմից էլ զոհեր ու վիրավորնել կան, մասնավորապես «երկու զինվոր շահիդ են դարձել», ադրբեջանական տերմինով՝ նահատակ։

Reuters-ը գրում է․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով, 2 զինծառայող զոհվել է այն բանից հետո, երբ ադրբեջանական զորքերը կանգնեցրել են շարասյունը, որը կասկածվում էր տարածաշրջանի գլխավոր քաղաքից ծայրամասեր զենք փոխադրելու մեջ, քանի որ ավտոշարասյունը գնում էր չարտոնված ճանապարհով»։ Հավելում են, որ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ սպանվել են Ղարաբաղի ՆԳ 3 պաշտոնյաներ, սակայն ավտոշարասյունը ունեցել է փաստաթղթեր եւ ծառայողական ատրճանակ, իսկ զենքի տեղափոխման մասին ադրբեջանական պնդումները՝ անհեթեթություն են։ Նշել են նաեւ, որ ադրբեջանցի բնապահպանները, որոնք դեմ են տարածաշրջանում հանքարդյունաբերական աշխատանքներին, 3 ամիս շարունակ փակել են Լաչինի միջանցքը, որը կապում է Հայաստանն Արցախին։ Չնայած Հայաստանը պնդում է, որ այդ ցուցարարները քաղաքական ակտիվիստներ են եւ գործում են Ադրբեջանի իշխանությունների հրահանգով։

Գերմանական Die Zeit պարբերաթերթն իր հերթին գրում է․ «Առնվազն հինգ մարդ է զոհվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վիճելի Լեռնային Ղարաբաղի կովկասյան շրջանում՝ կրակոցների հետեւանքով։ Դրանք հավանաբար ուժային կառույցների անդամներ են։ Այնուամենայնիվ, տեղի ունեցածի մասին երկու կողմի պատմությունները շատ տարբեր են։ Տեղի անջատողական հայամետ իշխանությունները մեղադրում ենԱդրբեջանին. «Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը պատկանող մեքենայի վրա»,- ասում են նրանք։ Սպանվել է երեք ոստիկան»։

Միջադեպին անդրադարձել են նաեւ գերմանականDer Spiegel պարբերաթերթը, ավստրիական Kurier.at-ն։ Նշում են․ «Ինչպես միշտ վեճի երկու կողմերը պատասխանատվությունը դնում են միմյանց վրա»։

Ոչ մի եվրոպական լրատվամիջոց բառ անգամ չի նշում ագրեսիա, հարձակում, ժողովրդի ապրելու իրավունք կամ ինքնորոշում թեմաներով։ Ադրբեջանը Եվրոպայի «վստահելի գործընկերն է»։

Կարօ Պոյաճեան
Սփյուռքահայ