Ես եմ այս աթոռին նստած, ասում են՝ էնա վրեն բարդենք, թող դատվի-գնա. Ջրականի գործով ամբաստանյալ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի գործով դատական նիստ: Այն ընթանում է գերլարված մթնոլորտում, հարցաքննվում է ամբաստանյալ Իշխան Վահանյանը, որը չի ընդունում մեղադրանքը, պնդում է, թե դիրքերից չի փախել։
Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով N զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետը, 2020-ի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ մարտի ժամանակ ինքնակամ լքել է դիրքերը։
2020-հոկտեմբերի 9-ին Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի զինծառայողները (դատաքննության ընթացքում խոսվում է մինչև 400 զինծառայողների մասին, այդ թվում՝ զինվորների ու սպաների) տեղափոխել է Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի մարտական դիրքեր։ Հաջորդ օրը սկսվել է հարձակումը։
Դատարանում Վահանյանը հայտարարեց, թե չի լքել դիրքերը։ «Փախած լինեի, հոսպիտալից կփախնեի, փախած մարդը ՊՆ չի ներկայանում։ Ամսի 10-ին իրոք չէի կարողանում շարժվել։ Կողերս-մողերս էլի ցավ-մավ։ Ամսի տասին լուրջ է եղել։ Չէի կարող արդեն թաքուն պահել, իրոք չէր լինում»,-նշեց Վահանյանը։
Նա նաև ասաց, թե քանի որ ինքն է ամբաստանյալի աթոռին, բոլորը փորձում են մեղքը իր վրա բարդել։
«Լավ ասեք՝ Իշխան Վահանյանը մեռել ա, թաղել են, հետո ո՞վ էր էս աթոռին լինելու։ Նենց տպավորություն է, որ Իշխան Վահանյանով սկսվել է Իշխան Վահանյանով ավարտվել։ Բոլորը գիտեն, որ ես եմ այս աթոռին նստած, ասում են՝ էնա վրեն բարդենք, թող դատվի-գնա: Գործ կա, մեղադրյալը Իշխան Վահանյանն է, ֆսյո ախպեր, սաղ իմ վրա են քցում ու առաջ գնում: Սա այն պատերազմն է եղել, որ ով սաղ է մնացել, հրաշք է եղել։ Սա կլասիկ վիճակը չի եղել»,-դատարանում հայտարարեց Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի գործով միակ ամբաստանյալ Իշխան Վահանյանը:
Վահանյանի ցուցմունքի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները զայրացան. «Այ ոչխար, տավար, ինչի համար ես սուտ խոսում»: Կարգադրիչները դուրս հանեցին վիճաբանող ծնողներին:
Մանրամասն՝ «Հրապարակ»-ի ուղիղ հեռարձակմամբ։
Կարծիքներ