Վա՜յ քո եփած ճաշն ուտողին․․․

Վա՜յ քո եփած ճաշն ուտողին․․․

Կողջունեի Փաշինյանին, եթե Հայաստանի ներքին, արտաքին քաղաքական, տնտեսական, անվտանգային ոլորտները տապալելուց հետո այդ թեմայով տիկ- տոկում զրույցներ վարեր։ Կարդար դասախոսություն, թե ինչպես կարելի է պետությունը կանգնեցնել կործանման եզրին կամ ինչպես կարելի է տարածքները հանձնել՝ մանիպուլացնելով մարդկանց։ Թե ինչպես կարելի է պատերազմը հարթ ձևով տանուլ տալ և ժողովրդի թիկունքում՝ «հաղթելու ենք» բացականչությունների ներքո կապիտուլյացիա կնքել՝ գրավոր ու բանավոր տարբերակներով։  Հետաքրքիր թեմա է նաև Ռուսաստանի ու Արևմուտքի մեջ «խաղեր տալը»։ Նման զրույցները անկեղծ կհամարվեին։ 

Տիկ- տոկում մարդիկ առավել քան անկեղծ են, անմիջական․ բլոգերները հրամցնում են իրենց եփած ճաշը, աղցանը, հագուստը։ Մարդիկ ուրախ են իրենց պատրաստածով, ստեղծածով և փորձում են դիտումներ, հավանություններ ապահովել։ Իրենք բացատրում են, թե ինչպես են կարողացել ստանալ համեղ ու գեղեցիկ բաղադրություններ։ Փաշինյանին չեմ հասկանում։ Երևի լսել է, որ տիկ-տոկը լավ փող է բերում, մտել է մեջը։   Եփել է մի ճաշ, որը ահավոր անտանելի է աչքի համար ու փորձում է զրույցների կարգով հրամցնել, թե ինչպես է եփել ճաշը, որը ճաշի նման չէ, չեմ ուզում կոպիտ արտահայտվել, թե ինչի է նման։ Վեց տարվա մեջ մի ծաղկուն պետությունից փետուրներ է թողել, ու տիկ-տոկում պետություն ստեղծելու հիմքերն է բացատրում,  երբ աչքներիս առաջ տանուլ է տվել մի ողջ պետություն, հայաթափվել է Արցախը, Հայաստան պետությունը կանգնեցվել անդունդի եզրին։ Կարծում եմ, բոլորին էլ կհետաքրքրի  անկեղծությունը, թե ինչպես է վեց տարվա ընթացքում հասել նման «հաջողությունների» «աննախադեպ, անկանխատեսելի արդյունքների»։  Բլոգերը դիտու՞մ է ուզում, թող ճաշ պատրաստի, ինչպիսի ճաշ պատրաստում է իր ողջ թիմը։ Գուցե դա իր մոտ ստացվի՞․․․ Բլոգերներից մեկն անընդհատ համեղ, գայթակղիչ  բաղադրություն է ներկայացնում, հետն էլ ասում՝ վա՜յ չուտողին, թող Փաշինյանն էլ գրի՝ վա՜յ ուտողին․․․ Այս դեպքում գոնե  խղճա մարդկանց։