Վերադարձ «Շոուշենկից» կամ բաց նամակ քաղաքապետարանին

Վերադարձ «Շոուշենկից» կամ բաց նամակ քաղաքապետարանին

Նախ զգուշացնենք, հարգելի ընթերցող, որ մեր հոդվածը հեռու է քաղաքականությունից, չնայած քաղաքականությունը դա միայն դժգոհություն չէ, այլ նաև ցանկություն է բարելավելու ինչ-որ բան և առաջադիմելու:

Մենք սիրում ենք մեր երկիրը, մեր քաղաքը, մեր հայրենակիցներին, և ուզում ենք հասկանալ, թե ինչո՞ւ է այդքան վատթարացել վերաբերմունքը դեպի քաղաքացին, դեպի բնակիչը: Շատ ցավեր ունեն Երևանի և մեր երկրի մյուս քաղաքների բնակիչները, բայց մեկ հարց տանջում է և ինձ, որպես ապագա սերնդի ներկայացուցչի և իմ բոլոր հասակակիցներին:

Առաջներում, ինչպես ներկայացնում է ոչ այդքան հեռու պատմությունը, քաղաքը մեծանում էր քաղաքից դուրս նոր շինարարւթյան շնորհիվ. Շենքեր և համապատասխան օբյեկտներ կառուցվում էին քաղաքի գծից դուրս և այդպես, ամայի քարքարոտ տարածքները դառնում էին բնակելի և կանաչապատ:

Ներկայում կառուցվող շենքերը խցկվում են արդեն կառուցված մյուս շենքերի արանքները, փակելով հարակից շենքերի տեսադաշտը և ճանապարհները, արևը` վերջապես (առաջնահերթ): Արդեն չխոսելով կոմունալ համակարգի գերբեռնվածության մասին:

Սա է մեր Երևանը, որն այնքան է զրկված կանաչապատումից, որ մարդիկ ասում են, թե մաքուր օդն էլ է անցել հին հուշերի շարքը, ինչպես նաև մյուս շատ բաներ: Անցնենք հաջորդ, ոչ պակաս կարևոր հարցին, որը նույնպես բնության, որից սկսեցինք խոսել, մի մասն է: Հին գրող-պատմաբաններն ասում էին. «Այն երկիրը, որտեղ դժբախտ են և մարդիկ, և կենդանիները չի կարող երկար գոյատևել»:
Շատ ցավալի խոսքեր են, բայց մարդիկ շատ անգամ, կամա թե ակամա իրենց ընտրությունն իրենք են արել, սակայն անմեղ կենդանիների հարցը դարձել է ցավի և քննարկումների առարկա, ինչն, անկասկած, միայն և միայն մարդկանց մեղքն է: Այս վերջին դեպքերը ուղղակի լցրեցին իմ «համբերության բաժակը»:

Մենք քրիստոնյա ազգ ենք, Աստվածավախ պետք է լինենք: Կենդանիները նույնպես Աստծո ստեղծագործությունն են: Մարդիկ պատերազմի օջախից փրկում էին իրենց ընտանի և բակի կենդանիներին: 

Բոլորս հիշում ենք Ժուժա անունով շանը, որը Սպիտակի և Գյումրիի ավերիչ երկրաշարժի ժամանակ փրկեց մեկ տարեկան երեխային, ով երկար ժամանակ մնացել էր փլատակների տակ: 
Երևան քաղաքի «Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոնը վերանվանվել է «Կենդանիների խնամքի» կենտրոն: Եվ ի՞նչ, արդյոք վերանվանումը լավացրե՞ց այդ հիմնարկի աշխատանքի որակը: Ցավոք, ո՜չ; 

Ինչպես ինձ տեղեկացրեցին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչները` դիմել են, որ կենտրոնից գան և ստերջացման տանեն մի էգ շուն, որի շուրջը հավաքվում և հաչում էին մոտակայքի արու շները (ինչը, իհարկե, բնական է): Կենտրոնի աշխատակիցները գալիս են և… ընկնելով շների հետևից, հավաքում և կենտրոն են տանում են ոչ միայն այդ էգ ձագին, այլ նաև բռնում են բոլոր նախկինում ստերջացված շներին, որոնք այդ շան կողքն էին: Չկաստրացված արու շները բարեհաջող փախչում են, բայց կենտրոն են տեղափոխվում նաև այն շները, որոնք ունեին խնամակալ և նեղություն չէին տալիս բնակիչներին:

Արդարությունը պահանջում է, որ ասենք, բանակցություններից, շան նկարները ուղարկելուց, տիրոջ հավաստիացումից հետո, շանը վերադարձրել են տարածք, ինչպես նաև բերել են արդեն ստերջացված և վիրահատված էգին, որը փաստորեն մեկ օր է տեւել և դա նույնպես զարմանալի է. գուցե նոր էքսպրես- մեթոդներ կան մեր անասնաբուժության մեջ (կամ միայն կենտրոնում): 
Սակայն շներին բերողները նորից իրենց հարմարանքներով ընկել են ստերջացված կենդանիների ետևից, դրա մասին վկայում են բնակիչները: Կենտրոնի աշխատակիցները բացատրել են, որ շներին տանում են վերապատվաստման, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ եկել են միայն բնակիչների ստերջացման մասին խնդրանքի համաձայն, ինչպես նաև՝ երբեք ոչ մի տեղեկություն պատվաստման մասին շների խնամակալներին կամ բնակիչներին չի տրվել: Քաղաքացիներն անգամ տխուր կատակում են, որ շներին հավաքողները ոչ մի բանի չեն նայում. «Լավ է, որ այդ պահին մենք շների կողքին չէինք, թե չէ փայտով օղակը մեր վզին էլ կարող էր հայտնվել»:
Մեր պատմության «հերոսը», բարեբախտաբար վերադարձավ, ի տարբերություն՝ սխալմամբ տարված եւ ինչ-ինչ պատճառով կենտրոնում վերացված կենդանիների. Նա Ժուժա շան նման կարող էր հայտնի դառնալ իր հավատարմությամբ, խելացիությամբ, բարիությամբ. 

Հարգելի քաղաքապետ, ի՞նչ եք մտածում, ինչո՞ւ է այս հարցը բարեհաջող լուծված ուրիշ երկրներում, որտեղ չկան թափառող կենդանիներ: Կարծում եք` միայն կացարան կառուցելո՞վ: Իհա՜րկե, ոչ: Մինչ չհսկվի, թե ո՞ւմ շունն է թափառում բակում (քանի որ մարդիկ վերցնում են շան ձագերին և հետո շպրտում են դուրս), մինչեւ չմշակվի և չընդունվի Օրենք, որի համաձայն մարդիկ կկրեն պատասխանատվություն և կտուգանվեն ամեն մի բերած և լքված կենդանու համար, մինչեւ չստուգվի, թե ինչ պայմաններում են պահում ընտանի կենդանիներին, այս ամենը վերջ չի ունենա: Իսկ մինչև դա կիրագործվի, «Կենդանիների խնամքի» կենտրոնի աշխատանքը պետք է ուղղվի, բարելավվի: 
Մենք չենք ուզում, որ չնայած մեր ժողովրդի տարած և, ցավոք, շարունակվող տառապանքին, մեր երկիրը, քաղաքը, քաղաքի վարչական կառույցները դառնան Շոուշենկ, որտեղից բոլորն ուզենան փախչել, որտեղ մնալը տանելի լինի միայն հիշողությունը կորցրած, կամ այն մարդկանց համար, ովքեր բաժանվում են երեք խմբերի՝ շահանպատակային, ճարահատյալ և իներցիայով ապրողներ:

Կարծես թե մեր բոլոր հարցականները մարմնավորեց մի կենդանի, մի շուն, որը վերադարձավ «դժոխքից» տուն: Քաղաք, մարդիկ, կենդանիներ, որոնց աչքերում, կարծես երկու հարց է կարդացվում՝ մի՞նչ երբ, ինչի՞ համար: Բայց լինելով լավատես, մենք հույսներս չենք կորցնում, այլապես չէր գրվի այս նամակը:

  
Հարգանքով՝ Ձեր և մեր քաղաքի մեկ վարչական տարածքի անունից՝
Ա. Նալբանդյան