Չէի թողնի, որ Պուտինի զանգին հավաքարարը պատասխաներ․ նախագահի ֆին թեկնածու
Ֆինլանդիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի գլխավոր մրցակիցների՝ նախկին վարչապետ Ալեքսանդր Ստուբի և նախկին արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի միջև տեղի է ունեցել քննարկում այն թեմայով՝ արդյո՞ք ընտրվելու դեպքում կպատասխանեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգին և կընդունեն Կրեմլի ղեկավարի շնորհավորանքը։
Բանավեճը տեղի է ունեցել ֆիննական Yle հեռուստաընկերության A-Studio հաղորդման եթերում։
Քաղաքական հակառակորդները, որոնք երկուսն էլ հակառուսական դիրքորոշում ունեն, տարբեր տեսակետներ են հայտնել այդ հարցի կապակցությամբ։
Ստուբը, մասնավորապես, ընդգծել է, որ եթե Պուտինը զանգեր շնորհավորելու, ապա հեռախոսը շատ երկար կզանգեր։
«Ես չէի պատասխանի, Պուտինը դա կօգտագործեր որպես ինչ-որ քարոզչություն: Հիմա մենք Ռուսաստանի հետ հարաբերություններ չունենք»,- ասել է նախկին վարչապետը։
Ի տարբերություն մրցակցի՝ Հաավիստոն նշել է, որ ինքը կվերցներ հեռախոսը։
«Երբ պետության ղեկավարը զանգում է, պատասխանում ենք, չէի թողնի, որ հեռախոսազանգին պատասխաներ նախագահականի մաքրուհին, կպատասխանեի և կընդունեի շնորհավորանքները»,- նշել է քաղաքական գործիչը։
Միաժամանակ Հաավիստոն բացառել է առանց համակարգման ցանկացած քաղաքական քննարկման հնարավորությունը։
Կարծիքներ