«Վագիֆը նստած է եղել Շուշիի բերդում»․ Բաքվում նշել են Քոչարյանի, Բաբայանի և մյուսների անունները

«Վագիֆը նստած է եղել Շուշիի բերդում»․ Բաքվում նշել են Քոչարյանի, Բաբայանի և մյուսների անունները

Գրել ենք, որ Բաքվում այսօր մեկնարկել է այս տարվա հուլիսին Լաչինի անցակետից ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված և ապօրինի կալանավորված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դատական հերթական նիստը։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ դատական ​​նիստում որպես վկա ցուցմունք է տվել պահեստազորի գնդապետ Ազայ Քերիմովը։ Նա նշել է, որ ճանաչում է Վագիֆ Խաչատրյանին։

«Ես զինվորական էի. 1990 թվականի հունվարի 20-ից հետո, որպես ավագ լեյտենանտ, խորհրդային բանակում ծառայելուց վերադարձա Ադրբեջան և սկսեցի աշխատել Շուշիի ոստիկանությունում։ Ղարաբաղում արդեն հակամարտություն էր։ Քոչարյանը, Սարգսյանը, Վիտալի Բալասանյանը հրահրում էին հայերին ու տանում հանրահավաքների։ Քոչարյանի թիմը սպառնում էր հաշվեհարդար տեսնել հանրահավաքին չմիացած և զենք չվերցրած հայերի նկատմամբ։

Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվեց Շուշիում։ Իմ աշխատանքի ընթացքում ձերբակալվել է 337 հայ, որոնց թվում եղել է նաև Վագիֆը։ Նրա հետ միասին 4 հոգու բերման ենք ենթարկել։ Մի երկու ամիս պահեցինք, հետո Վագիֆը կծեց իր երակը։ Մենք նրան տեղափոխեցինք հիվանդանոց, որտեղ նա կարեր դրվեցին։ Հետո ճանապարհ գտավ ու փախավ»։
Քերիմովը հավելել է, որ ադրբեջանցիների դեմ ամենածանր հանցագործություններն, իբր, կատարել են Սամվել Բաբայանը (Արցախի ՊՆ նախկին հրամանատար-խմբ․), Ղարիբը և այլք. 

«Վագիֆի նման մարդիկ ստիպել են հայերին հանցագործություններ կատարել ադրբեջանցիների դեմ։ Սամվել Բաբայանն առաջինն էր։ Մենք նրան ձերբակալել ենք Շուշիում, 9 ամիս բանտում է անցկացրել, բայց ինչ-որ հնարքով կարողացել է ազատության մեջ հայտնվել։ Ես գնդապետ եմ, չեմ ստի»։