«Հրապարակ». Ղարաբաղի կառուցապատողներին հրավիրում են հայկական շուկա

«Հրապարակ». Ղարաբաղի կառուցապատողներին հրավիրում են հայկական շուկա

Ղարաբաղի կառուցապատողները դեկտեմբերի 16-ին հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Հանդիպումը «խորհրդակցական» է եղել, այսինքն՝ Խաչատրյանը խորհուրդներ է տվել կառուցապատողներին, ներկայացրել է իրավական դաշտի փոփոխությունները, որոնց շնորհիվ արցախցի շինարարները կարող են մտնել հայկական շուկա։ «Մասնավորապես՝ կատարվել են փոփոխություններ 3 օրենքում՝ հնարավորություն ստեղծելով, որ ԼՂ կազմակերպությունները պարզ ընթացակարգով ստանան իրավաբանական եւ հարկային գրանցում, ապա դիմեն Քաղաքաշինության կոմիտե՝ լիցենզիայի ճանաչման համար»,- ասված է Քաղշինկոմիտեի տարածած տեքստում։ Սա նշանակում է, որ արցախցի կառուցապատողներին առաջարկում են աշխատել ՀՀ-ում, որի շինարարական շուկան առանց այդ էլ գերհագեցած է, բնակարաններն անհասկանալի գների են եւ չեն վաճառվում, ու, առհասարակ, մասնագետները շուտով այս շուկայում ծանր ճգնաժամ են կանխատեսում, որը կարող է բերել «պայթյունների»` բանկային եւ սոցիալական ոլորտում։ Ու ոչ միայն հրավիրում են, այլ նաեւ պատրաստ են քննարկել «աջակցության հատուկ գործիքակազմ կիրառելու հնարավորությունը»։

Մենք մի քանի հարց տվեցինք հանդիպման մասնակիցներից մեկին՝ Արցախի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ազատ Համբարձումյանին, ով, իր խոսքով, կապի մեջ է արցախցի շինարարների հետ։ Նա վաղն իր մասնավոր շինարարական կազմակերպությունն է պատրաստվում գրանցել եւ դեռ չգիտի, թե ինչ դժվարություններ կլինեն։

- Արցախի կառուցապատողների համար Հայաստանում աշխատելու ի՞նչ հնարավորություններ կան, կոնկրետ Ձեզ ի՞նչ է առաջարկում կառավարությունը։

- Կառուցել, իհարկե, կարող են, բայց մեր խնդիրը տենդերներին մասնակցելն ու (բանկային) երաշխիք ցույց տալն է։ Սա է մեր խնդիրը, որ չենք կարողանում մասնակցել, ինչի մասին ես դիմել եմ փոխվարչապետին` երաշխիքային պահանջները նվազեցնեն, որ մեր կառուցապատողներն էլ կարողանան մասնակցել տենդերներին։ Այսինքն՝ օրենքով սահմանված պահանջները։ Նախկինում մենք Ղարաբաղում ամեն ինչ ունեցել ենք։ Մեր գույքը դրել ենք գրավի տակ՝ որպես երաշխիք, որ էսինչ գործողությունը եթե չկատարենք, դուք կարող եք այս գույքը վերցնել։ Հիմա որ եկել ենք այստեղ, ոչինչ չունենք, բայց տենդերին մասնակցելու համար պահանջվում է մոտ 30-40 տոկոս երաշխիք։ Այսինքն՝ եթե դու 100 մլն-ի աշխատում ես, 30 մլն պետք է երաշխիք դնես, բայց այստեղ ոչ ոք գույք չունի, որ որպես երաշխիք դնի։ Սա է ամբողջ խնդիրը։

- Այսինքն՝ մարդիկ կորցրել են հզորությունները, տեխնիկան, ճի՞շտ եմ հասկանում։

- Այո, ամբողջը կորցրել են։ Եվ ես խնդրել եմ, որ երաշխիքի 30 տոկոսը դարձնեն 10 տոկոս։ Մեզ պատասխանեցին, որ կքննարկեն, առաջարկը լավ է, պատասխանը կտանք։ Հուսով ենք՝ սա դրական կլուծվի։ Բայց սա երկրորդ հարցն է։ Առաջինը, ինչի համար հավաքվել էինք, լիցենզավորման հարցն է։ Մեզ թույլատրել են առաջիկայում աշխատել եւ օգտագործել մեր լիցենզիաները։ Մեր ղարաբաղցիների համար այստեղ նոր լիցենզիա ստանալը շատ դժվար էր, բայց օրենքի նոր նախագիծը թույլ է տալիս՝ մինչեւ 2024 թ. սեպտեմբեր մեր կազմակերպություններն աշխատեն, հիմք ընդունելով իրենց լիցենզիաները, որոնք վերահաստատվելու են ՀՀ կառավարության կողմից։ Համարյա մի տարի ժամկետ է տրվում, որ իրենք էլ տեսնեն մեր աշխատանքը, հետո նոր դիմենք նոր լիցենզիա ստանալու համար։ Սա շատ մեծ աջակցություն է։ Սրանով մեր բոլոր շինարարներին հնարավորություն են տվել մտնել աշխատանքի։

- Այսօր Երեւանի ծայրամասում շինարարությունը կառուցապատողի վրա նվազագույնը նստում է քմ-ն 300-400 դոլար։ Արցախում ի՞նչ արժեր, երբ մարդիկ դեռ գործ էին անում։ Բնակելիի մասին է խոսքը։

- 240-250 հազար էինք մեկ քմ-ն զրոյից կառուցում։

- Այսօր մեր բնակարանային շինարարության շուկան գերհագեցած է։ Նույնիսկ ճգնաժամ է սպասվում։ Երեւի նկատել եք, որ տները հիմա չեն վաճառվում։

- Շեշտված չէ, թե ինչ շինարարության մասին է խոսքը։ Մենք ամեն ոլորտի շինարարներ ունենք։ Ով ինչ տենդերի կուզի, թող մասնակցի. կլինի մանկապարտեզ, թե բնակելի, մեզ թույլ է տրվելու մասնակցել, ինչպես Հայաստանի շինարարներին` նույն պայմաններով։ Իսկ թե ում հետ ես աշխատելու, ինքդ ես որոշում, ինքդ ես հաշվարկում ռիսկերը։

Կարող է վաճառքի տեսանկյունից խնդիր լինի

Կարծես նպատակն ազնիվ է՝ փորձում են ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ԼՂ գործընկերները հնարավորինս շուտ ներգրավվեն քաղաքաշինական ծրագրերում։ Բայց ի՞նչ ներգրավման մասին է խոսքը։ «Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկին կարծում է, որ կառուցապատման շուկայում պահանջարկն է ձեւավորում առաջարկը, եւ եթե կան պատվերներ, ուրեմն իրենք գործ  կունենան։ «Կարող է իրենք իրենց պատվերներն ունենան։ Նայած, թե ինչ են կառուցապատելու։ Կարող է դա լինել ոչ բնակելի շինարություն կամ եթե բնակելի լինի, ապա՝ առանձնատների տեսքով, որի ծավալները քիչ են։ Կոնկրետ կառուցապատման տեսանկյունից չէ խնդիրը, կարող է վաճառքի տեսանկյունից լինի»։ Որոշ տնտեսագետներ կանխատեսում են, որ հիփոթեքի շուկայում ճգնաժամ է լինելու։ Բայց, ըստ Պրիբիլսկու, այս պահին վարկավորումն ակտիվ գնում է։ «Կառուցապատողները նախապես բանկերի հետ պայմանագրեր են կնքում ու ըստ այդմ իրենց հաճախորդներին ուղղում են հիփոթեքային վարկավորման, ու քանի դեռ եկամտահարկի վերադարձի օրենքը կա, մարդիկ փորձում են դրանից հնարավորինս օգտվել»,- ասում է նա։  Ռիսկ չե՞ք տեսնում, այսինքն։ «Ռիսկը կարող է լինել ու ինքնակառավարվել գների իջեցման տեսքով։ Իսկ թե բանկերի առումով ֆինանսական ռիսկ կլինի, թե ոչ, մեզ համար հիմա դժվար է դատել։ Եթե լինի էլ, կարծում եմ՝ ոչ մոտ ապագայում»։ 

Եկամտահարկի վերադարձի մասին օրենքը դեռ գործում է, բայց փոքր հայաստանյան շինարարական շուկան կարո՞ղ է նոր խաղացողներ ընդունել: Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը պատասխանում է՝ այո, շուկան գերհագեցած է, բայց պետությունը պետք է ուղղորդի մասնավորին այնպիսի ոլորտ, որի կարիքը կա։ «Մասնավոր բիզնեսն ինքն իր ռիսկով է առաջնորդվում, եւ դժվար է ասել, թե իրենք ինչ հաշվարկներ են անում, որ ուզում են նոր շինարարություն։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ պետությունը պետք է ուղղորդի մասնավորին։ Շինարարության կարիքը կա, բայց ոչ այնքան բնակարանային, որքան արտադրական տարածքների։ Եվ այստեղ, իրոք, կարիք կա, որ պետություն-մասնավոր համագործակցություն լինի, շինաշխատանքներ պատվիրակվեն մրցույթներով։ Սա լրիվ այլ պատմություն է, բայց այդ մշակույթին ես չգիտեմ, թե երբ Հայաստանը կհասնի, հավանաբար, հազարամյակի վերջում։ Բա ինչո՞ւ է պետություն` թող, ուրեմն, պետությունը գնա հանգստյան տուն, եթե մասնավորն ամեն ինչ ռիսկով պետք է վերցնի ու անի»։