Արայիկ Հարությունյանը կանաչ լույս վառեց Սամվել Բաբայանի ու նրա պես մտածող մարդկանց համար․ Արշակ Աբրահամյան

Արայիկ Հարությունյանը կանաչ լույս վառեց Սամվել Բաբայանի ու նրա պես մտածող մարդկանց համար․ Արշակ Աբրահամյան

«Հրապարակի» զրուցակիցն է Արցախի «Արդարություն» կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավար, «Վերնատուն» երիտասարդական, վերլուծական կենտրոնի հիմնադիր ղեկավար Արշակ Աբրահամյանը։

-Արցախի նախագահը ադրբեջանցիների հետ վերջին հանդիպումը կառուցողական որակեց, ինչից հետո, մի քանի օր անց հայտարարեց, որ իրենց որոշակի խողովակներով ադրբեջանցիները հայտարարել են, որ Արցախի հայությունը կամ պետք է պատրաստվի համակեցության, կամ վատ է լինելու։ Ինչպե՞ս եք մեկնաբանում նման հայտարարությունը։

-Իրականում ավելի հետաքրքիր է այն հանգամանքը, որ Արայիկ Հարությունյանը, իր կազմով, գնում է ադրբեջանցիների հետ հանդիպման, քննարկումներ են ունենում, և դրանից հետո ադրբեջանական կողմն առաջադրում է պայմաններ ինտեգրացիայի մասին, այն դեպքում, երբ Արցախի ներկայացուցիչները հանդիպման էին գնացել էլեկտրասյան վերականգնում, էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարման վերականգնում, այսինքն` հումանիտար խնդիրներ լուծելու համար։ Այս պարագայում առնվազն տաօրինակ է այդ հանդիպումը կառուցողական կոչելը, քանի որ ադրբեջանցիներն առաջ են քաշել համակեցության խնդիրը։ Ինչպե՞ս կարելի էր այդ հանդիպումը բնորոշել կառուցողական։ Մենք բազմաթիվ անգամներ նշել ենք, որ Արցախի ղեկավարն իր այս հակասական հայտարարություններից հետո, ժողովրդի ռեակցիան երբ որ լինում է, փորձում է հերքել, ասել, որ ինքն այդ իմաստով, կոնտեքստով չի ասել և այլն, սպասենք տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան։ Համենայնդեպս, այստեղ Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը պարզ է, նրանք րոպե առաջ փորձում են ձեռքերը լվանալ Արցախից, արդեն, այսպես կարելի է ասել, գնդակն Արցախի իշխանությունների դաշտում է, սպասենք, տեսնենք, նրանք ինչպես են իրենց դրսևորում։ Արցախում կա հստակ տրամադրվածություն։

-Եվ ինչպիսի՞ն է այդ տրամադրվածությունը։

-Արցախի ժողովուրդը նշել է իր հիմնական կարմիր գծերըլ և ցանկացած մարդ՝ սկսած նախագահից մինչև այլ անձինք, ովքեր կփորձեն շեղվել պայքարի այդ գաղափարախոսությունից, բնականաբար, ժողովրդի ռեակցիան կլինի։ Կարող ենք նշել հիմնական չորս կետերը, այսինքն` Արցախի ինքնիշխանությունն է առաջին կետը, երկրորդ կետը պաշտպանական համակարգն է` եռակողմ կոնցեպտով, այսինքն` Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ, ռուսական խաղաղապահ զորակազմ և Հայաստանի Հանրապետության զինված ուժերը։ Երրորդը՝ ցամաքային անխափան կապ մայր Հայաստանի հետ, և չորրորդը՝ միասնական տնտեսական, սոցիալական համակարգ մայր Հայաստանի հետ։ Հակառակ պարագայում լրիվ անիմաստ է լինելու ասել, որ Արցախը չի լինելու Հայաստանի կազմում, եթե, օրինակ, ադրբեջանական կողմն առաջարկի Ացախին` 30 դրամով կամ  20 դրամով գնել հոսանք կամ գազ, և փաստացի այդ ամենն իրականացվի։ Այսինքն, Արցախը մայր Հայաստանից, այդ միասնական տնտեսական-սոցիալական համակարգից չպետք է կտրվի և ոչ էլ ցամաքային կապից։ Այս հիմնական չորս կետերն են, այսինքն` կարմիր գծերը, որոնք Արցախի ժողվուրդը նշել է, և ցանկացած անձ՝ սկսած նախագահից մինչև դրսից ուղղորդվող ցանկացած անձ, ով կփորձի հատել այդ կարմիր գծերը, դրան հետևելու է ժողովրդի ռեակցիան։

-Մարդկանց տրամադրություններն ինչպիսի՞ն են։ Արցախում մարդիկ ապրում են պատերազմական պայմաններում, արդյո՞ք վտանգավոր չէ, որ հետզհետե կտարածվեն Արցախը լքելու պատրաստ մարդիկ։ Որքանո՞վ է հավանական, որ այս համախմբվածությունը ժամանակի հետ, ադրբեջանական կողմի ահաբեկչական քաղաքականության հետևանքով էլ ավելի մեծ չափերի չհասնի՝ հատկապես որ որոշակի քաղաքական շրջանակներ ցանկացած գնով փորձում են իրենց տեղը զբաղեցնել։ 

-Դուք շատ ճիշտ եք նկատում այդ ամենը, որովհետև հենց Արցախի իշխանություններն իրենց սեփական պարտություններից դասեր չեն քաղում, չունեն քաղաքական կամք արտահայտելու կոշտ դիրքորոշում, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետության ճնշումներին, և նրանք՝ Արայիկ հարությունյանը, փորձում է իր սեփական շահը վեր դասել հանրային ու պետական շահից։ Մենք ամեն կերպ փորձում ենք իրեն ասել, որ վերջ դնի այդ քաղաքական հարմարվողականությանը, այդ սպասողական և լավատեսական ինքնախաբեությանը, որ սպասւոմ են, որ ամեն ինչ լավ կլինի, որ ռուսներն այսպես կանեն, ինչ-որ գործիչներ կհայտնվեն, որ իրավիճակը կվերցնեն իրենց ձեռքը։ Կատարվում է փրկիչների սպասման պրոցես, և Ձեր նշած խնդիրները հիմնականում կախված են երկրի քաղաքական իշխանությունից։ Այսինքն, Արցախի նախագահն իր գործողություններով, իր հայտարարություններով ամեն անգամ, երբ որ խուճապ է տարածում ժողովրդի մեջ, երբ դրան գումարում ենք այն հանգամանքը, երբ երեք-չորս օր առաջ միջհամայնքային ճանապարհին տեղի ունեցավ ահաբեկչական ակտը՝ դիվերսիոն-հետախուզական այդ ներթափանցումը, ուզում եմ ասել, որ այդ ճանապարհը Հայաստանն Արցախին կապող ճանապարհը չէր՝ դա միջհամայնքային ճանապարհ էր, և այդ պահից սկսած` Արցախի բոլոր միջհամայնքային ճանապարհները գտնվում են վտանգի տակ։ Այսինքն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական խաղաղապահ զորակազմն ունի շատ քիչ զինծառայողներ, որոնց տրամադրված է շատ քիչ սպառազինություն, ինչպես նաև գաղտնիք չէ, որ Արցախի Պաշտպանության բանակն այդքան զոհերից հետո նվազել է։ Եթե դրան գումարենք այն, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս է բերել զորքն ու զինտեխնիկան, այսինքն` մենք ունենք մարդկային ռեսուրսի խնդիր, և զուտ այդ նկատառումները հաշվի առնելով հասկանալի է, որ Արցախի բոլոր միջհամայնքային ճանապարհների վրա չեն կարող տեղակայված լինել՝ ամեն թփի կամ ամեն ծառի տակ չեն կարող կանգնած լինել ռուսական խաղաղապահ զորակազմի տղաները, որպեսզի երաշխավորեն, որ Արցախի քաղաքացիների մեքենաների առջև որևէ դիվերսիոն-հետախուզական խումբ չհայտնվի։ Այդ պահից սկսած` վտանգի տակ են ողջ Արցախի միջհամայնքային ճանապարհները։

-Դուք հայտարարել էիք, որ ժողովուրդը պատժելու է Արայիկ Հարությունյանին։

-Նշածս չորս կետերը հատելու պարագայում։

-Համախմբվածություն կա՞ Արցախում, թե՞, ամեն դեպքում, մարդկանց կարողանում են մանիպուլացնել։ Օրինակ, Սամվել Բաբայանը գալիս է Արցախ ու Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում է, որ նորմալ է, եթե Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ լինեն՝ հատկապես այն պարագայում, որ տվյալ դեպքում հայկական կողմը պարտվածի ու նույն Ադրբեջանի կողմից բլոկադայի մեջ է գտնվում։

-Իմ նշած չորրորդ կետը մայր Հայաստանի հետ միասնական սոցիալական-տնտեսական համակարգն է, այսինքն` եթե Սամվել Բաբայանն ասում է, թե տարբերություն չկա, եթե հանքի հանքանյութը տեղափոխվի Ադրբեջան, մենք ասում ենք, որ մեզ պետք չէ այդ ամենը։ Նույնը վերաբերում է միևնույն սոցիալ-տնտեսական համակարգին, դա նշանակում է, որ եթե Ադրբեջանը կանգնի և ասի՝ ես արցախցիներին էլեկտրաէներգիան կամ գազը տալիս եմ 20- 30 դրամով, ուրեմն պետք է կանգնել և ասել` այո, դա մեզ ձեռնտո՞ւ է տնտեսական առումով և այլն։ Ոչ, մեր տեսակետը հստակ է, մեզ ձեռնտու է, որ մենք մայր Հայաստանից նույնը գնենք թեկուզ հազար-հազար հինգ հարյուր դրամով, բայց չհատվի այդ կարմիր գիծը։ Այսինքն, միասնական սոցիալական-տնտեսական համակարգը պետք է գործի, հակառակ պարագայում բոլորովին անիմաստ կլինի ասել, որ Արցախն Ադրբեջանին չի ինտեգրվում, որովհետև տնտեսապես դու արդեն սկսելու ես ինտեգրվել Ադրբեջանի հետ։ Տեղի է ունենալու այն, ինչ Ադրբեջանը և Թուրքիան ծրագրել են անել Արցախի հետ, այսինքն` ամբողջովին կկլանվի Արցախը, այնուհետ կսկսվեն էթնիկ զտումներ, ժողովուրդը կսկսի մասսայաբար դուրս գալ։ Աjսինքն, իրողությունների զարգացման 80-90 տոկոսը կախված է օրվա իշխանության քայլերից, թե ինչպիսի քայլեր կլինեն։ Իսկ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստում իր հայտարարությամբ, երբ ասաց, որ եթե Արցախում կլինեն խմբեր, որոնք կարող են գեներացնել այն միտքը, որ, այո, մենք սխալ ենք, և պետք է ինտեգրվել Ադրբեջանին, դրանով նա կանաչ լույս վառեց Սամվել Բաբայանի և նրա նման մտածող մարդկանց համար։ Բայց ես Արցախում, համենայնդեպս, չեմ հանդիպել որևէ մեկին, ով կուզենար մտնել Ադրբեջանի կազմ։ Մենք մեր հստակ տեսակետը հայտնել ենք՝ Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է։

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ հիմա գնդակն արցախցիների դաշտում է, և հենց նրանք պետք է կոնկրետ քայլերի դիմեն։

-Ընդամենը տասնհինգ րոպե առաջ եմ հանդիպումից վերադարձել, այնտեղ կլոր սեղան, քննարկում էր Արցախի հասարակական, կրթական, քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչներով, և փորձում էինք ճանապարհային քարտեզ գծել։ Բնականաբար, պայքարի օջախներ արդեն ձևավորվում են, որովհետև հասարակ մարդկանց իրոք անհանգստացնում է իրավիճակը,  ժողովուրդը գծել է իր կարմիր գծերը։ Արցախի իշխանություններն իրենց գործողություններով և հայտարարություններով, ինչպես նաև դրսից ֆինանսավորվող, ուղղորդվող անձինք փորձում են ապակայունացնել իրավիճակը, բնականաբար, ժողովուրդը ռեակցիան պետք է տա, իսկ այդ ռեակցիան կազմակերպվելու է տարբեր ֆորմատներով, այսինքն` կլինեն տարբեր գործողություններ, կարող են հավաքվել խմբեր ու տարբեր կոչերով, հայտարարություններով դիմել Արցախի իշխանություններին, որպեսզի չհատվեն կարմիր գծերը, կարող են լինել հանրահավաքներ, այսինքն` ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչպիսի քայլեր կիրականացվեն կամ նպատակահարմար կլինի տվյալ ժամանակահատվածում։ 

-Այսինքն, Ադրբեջանի հետ համակեցության հույս ունեցող Արցախի քաղաքական շրջանակները պետք է իմանան, որ ժողովուրդը պատրաստ է նաև քայլերի անցնել, այո՞։

-Այո, ժողովուրդը պատրաստ է և ուզում եմ տեղեկացնել մի հանգամանքի մասին, որ Արցախի խորհրդարանական ընդդիմադիր երեք կուսակցություններն արդեն միջկուսակցական համակարգող մարմին են ձևավորել, այն արդեն գործում է, տարբեր ձևաչափերով հանդիպումներ են տեղի ունենում, գծում են որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, ոչ Արցախի նախագահը, ոչ էլ Հայաստանի վարչապետը չեն արտահայտում ընդհանուր ժողովրդի կարծիքը, այսինքն` Նիկոլ Փաշինյանն ինքնագլուխ որոշում է, թե ինչ որոշում կայացնի, իսկ Արցախի նախագահն արդեն իր հայտարարություններով սկսում է չհամապատասխանել Արցախի ժողովրդի պայքարի ոգուն, պայքարի գաղափարախոսությանը։

-Ճի՞շտ հասկացա, որ զուգահեռներ եք տանում Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։

-Իհարկե, մենք միշտ էլ ասել ենք, որ Արցախի նախագահը Նիկոլ Փաշինյանի դրածոն է, և նա անխոնջ, գլուխը կախ կատարում է Նիկոլ Փաշինյանի բոլոր հրամանները, և երբ մենք ասում էինք՝ կոշտ դիրքորոշում արտահայտիր ՀՀ վարչապետ կոչեցյալի հայտարարություններին, ամեն անգամ նա մեզ ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը մեզ փող չի տա, զենք չի տա, որ մեզ սպառազինությունից կզրկի, այսինքն` իր հանցավոր անգործությունը հենց դրանով էր արդարացնում։