«Հրապարակ»․ Շատ անտակտ, նենգ, պրովոկացիոն քայլ է Ռուսաստանին մեղադրելը

«Հրապարակ»․ Շատ անտակտ, նենգ, պրովոկացիոն քայլ է Ռուսաստանին մեղադրելը

Հարցազրույց վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ

- Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ այսչափ լարված հարաբերություններ երբեք չեն եղել։ Մենք ձեր թշնամիների հետ ենք մտերմություն անում, դուք՝ մեր։ Թեեւ կողմերը հայտարարում են, որ ամեն ինչ լավ է։ Ի՞նչ է լինելու հետո, ո՞ւր ենք հասնելու այսպես։  

- Հավանաբար, Փաշինյանը խոշոր խաղ է տանում։ Սկզբում կարող էր թվալ, որ սա բլեֆ է, թեթեւ շանտաժ, որ նա առեւտրի մեջ է, բայց դատելով իրադարձությունների զարգացումից՝ կարելի է եզրակացնել․1. Փաշինյանը հույսը դրել է Արեւմուտքի վրա, շրջվել է դեպի Արեւմուտք։ 2. Նա, հավանաբար, ներքին հեղաշրջման վախ ունի եւ փորձում է պահպանել իշխանությունը` օգտագործելով արտաքին գործոնը։ 3․Ուժեղ արտաքին ճնշումներ կան տարածաշրջանում, իհարկե, կապված ուկրաինական դեպքերի հետ, իրավիճակը բարդացնելու եւ երկրորդ ճակատ բացելու համար։ Հարմարն Անդրկովկասն է, եւ, ցավոք, հայերը մասնակցում են դրան։ 

- Որոշ իրադարձություններ դեռ մի կես տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել։ Փաշինյանը հանդիպում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ԱԽ քարտուղար Գրիգորյանը խոսում է ռուս սահմանապահներին «Զվարթնոցից» հանելու մասին։ Հնարավո՞ր եք համարում, որ այստեղ երկրորդ ճակատ բացվի՝ Ռուսաստանի դեմ։  

- Ես կարծում եմ, որ մոտենում է իրավիճակի հանգուցալուծումը։ Առայժմ ես չեմ տեսնում Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ոչ մի նախադրյալ։ Հարցն այն է, թե ով է վարում պարտիան, իսկ պարտիան վարում է Փաշինյանը։ Չկա կասկած, որ նա մասնակցում է արեւմտյան սցենարին ու կոշտ պատժվելու է դրա համար, ընդ որում՝ պատժվելու է միաժամանակ մի քանի խաղացողների կողմից, ներառյալ՝ Ռուսաստանը։ Թե ինչպես կզարգանան դեպքերը, այս պահին դժվար է կանխատեսել։ Առայժմ կանխատեսումը Փաշինյանն է արել՝ որ շաբաթվա վերջում կարող է սկսվել պատերազմ։ Շատերը դրա համար մեղադրում են Ռուսաստանին՝ համարելով, որ Ռուսաստանն է Ադրբեջանին հարձակման դրդում։ Իրականում Ռուսաստանը ոչ մի կապ չունի եւ հայտարարել է այդ մասին։ Բայց սա շատ անտակտ, նենգ, պրովոկացիոն քայլ է՝ Ռուսաստանին մեղադրելը։ Ես չեմ հավատում, որ Ալիեւը հենց հիմա կհարձակվի, բայց փաստ է, որ ինչ-որ հանգուցալուծում լինելու է, եւ առաջին 2-3 ամիսներին Հայաստանին մեծ իրադարձություններ են սպասվում։ 

- Ասում եք՝ Արեւմուտքի խաղ, իսկ ինչո՞ւ չընդունենք, որ Փաշինյանը փնտրում է հուսալի գործընկերներ, որոնք մեզ կարող են պաշտպանել, եւ չի գտնում։

- Լսեք՝ Ուկրաինային, որը Հայաստանի հետ անհամեմատելի պոտենցիալ ունի՝ 40 մլն, ոչ ոք չի կարողանում պաշտպանել։ Ո՞վ հիմա կռվի մեջ կմտնի Հայաստանի համար՝ Ռուսաստանի կամ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Մոսկվան այսօր Հայաստանի մեջ վտանգ է տեսնում, որովհետեւ Հայաստանից կովկասյան Ուկրաինա են սարքում։ Փաշինյանը դառնում է Զելենսկի։ Ոչ ոք լուրջ չի համարում Հայաստանի համար կռվի մեջ մտնելը։ Միայն Հայաստանում կան ռոմանտիկներ, որոնք կարծում են, թե Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Պորտուգալիան կկռվեն Հայաստանի համար։ Չեն կռվելու։ Միակ պոտենցիալ պետությունը, որը կարող էր պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանն է, բայց Փաշինյանը հիմա ամեն ինչ անում է, որ կտրի Ռուսաստանին Հայաստանից։ Ղարաբաղը հանձնեց, իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին։ 

- Բայց Փաշինյանն ասում է, որ Ռուսաստանը չպաշտպանեց Հայաստանին, ինքն ի՞նչ անի։ Ստիպված է իրեն գցել ՆԱՏՕ-ի, Եվրոպայի, ԱՄՆ-ի գիրկը։

- Դա պրովոկացիոն քայլ է։ Նա սկզբում ասում էր, որ ՀԱՊԿ-ն Հայաստանը չպաշտպանեց, եւ Ադրբեջանը խախտեց ՀՀ տարածքային ամբողջականությունը, իսկ երեկ ասում էր, որ պետք է Հայաստանը որոշի, թե որոնք են իր սահմանները։ Դու նախ որոշի՝ որն է քո սահմանը, հետո նոր պետություններին մեղադրի, որ քո սահմանները խախտում են։ ՀԱՊԿ-ն իրեն ասում է՝ ցույց տուր մեզ Հայաստանի սահմանները, իսկ նա՝ ՀԱՊԿ-ին, թե դուք նշեք՝ որոնք են Հայաստանի սահմանները։ Սա նորմա՞լ է։ Դու չգիտես` որոնք են քո սահմանները, ուզում ես, որ Մոսկվա՞ն քեզ ցույց տա։ 

- Հա, բայց Թուրքիան ու Ադրբեջանն էլ չեն ճանաչում մեր սահմանները... 

- Նա Պրահայում ստորագրե՞լ է փաստաթուղթ, որով ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդունե՞լ է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Իսկ ինչպե՞ս կարելի է ստորագրել նման թուղթ` առանց հստակ քարտեզ ունենալու։ Այսինքն՝ ստացվում է, որ սահմանազատման հիմքը ԽՍՀՄ սահմաններն են, որոնք որոշվել են Ալմա Աթայի հռչակագրով։ Սա նշանակում է, որ Հայաստանն արդեն նշել է իր սահմանները։ Հետո հայտարարում է, թե Հայաստանի սահմանները պետք է որոշվեն։ Եթե այդպես է, ի՞նչ էիր ստորագրում, ինչի՞ էիր ստորագրում։ Նրան Մոսկվայում ասում են՝ ցույց տուր այն 4 գյուղերը կամ 8 գյուղերը, որոնք քո տարածքն են, որոնք Մոսկվան պետք է պաշտպանի, բայց այդ գյուղերը, ըստ իր ստորագրած քարտեզի, իր տարածքում չկան։ Մոսկվան էլ ասում է՝ դուք մեզ կանչում եք Ադրբեջանի դեմ պատերազմելու, առանց ապացուցելու, որ դրանք ձեր գյուղերն են։ Դուք մեզ կոչ էիք անում պաշտպանել Ղարաբաղի անկախությունը, բայց ինքներդ այն չէիք ընդունել, դուք մեզ կոչ եք անում պատերազմում հանդես գալ Հայաստանի կողմից, առանց ապացուցելու, որ այդ գյուղերը ձերն են։ Սա պարզապես հիմարություն է։

- Հիմա ի՞նչ անենք, եթե հայտնվել ենք հիմարության պատանդի դերում։

- Ես միշտ կարծել եմ, որ հայերը խելացի մարդիկ են… սխալվել եմ։