Ովքե՞ր են բարերարները, որ պատրաստ են օգնելու ծանր վիճակում հայտնված Գյումրու մանկատանը

Ովքե՞ր են բարերարները, որ պատրաստ են օգնելու ծանր վիճակում հայտնված Գյումրու մանկատանը

Վերջերս  անդրադարձել էինք Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը տիրող իրավիճակին:
Բանն այն է, որ սփյուռքահայ բարերար Հերման Հինթիրյանը, որ 16 տարի շարունակ ֆինանսավորել էր Գյումրու մանկատունը, այլևս հրաժարվել է դոնոր հանդիսանալ հաստատության համար: Մանկատունն այսօր հայտնվել է ծանր կացության մեջ: «Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Սոնյա Սիրունյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ տեղյակ չէ, թե ինչու է բարերարը դադարեցրել ֆինանսավորումը՝ նշելով, որ միակ հույսն այս պահին Մայր Աթոռն է, որը այլ դոնորներ գտնելու փնտրտուքի մեջ է:Ուշագրավ է, որ մանկատան տնօրենի հայտարարությանը հետևեց Հերման Հինթիրյանի բաց նամակը, որում մասնավորապես ասվում էր. «Սրտի ցավով ենք ուզում հայտնել, որ 2019 թ. սեպտեմբերի 1-ից դադարեցնում ենք մանկատան հետագա ֆինանսավորումը: Քանզի ավելի դժվար էր դարձել համագործակցությունը կառույցի ներկայիս պատասխանատուի և անձնակազմի հետ առօրյա գործունեության մեջ անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու հարցերում»:
Քանի որ մանկատան տարածքն ու կառույցը «Թռչունյան տան»-ը անհատույց տրամադրել է Մայր Աթոռը, ուստի, ինչպես փոխանցեցին Մայր Աթոռից, փորձում են քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակի հանգուցալուծման և խնամվող երեխաների համար պատշաճ պայմանների ապահովման նպատակով: 

Նշենք, որ մանկատունը ֆինանսավորող որևէ կազմակերպություն կամ անհատ դեռևս չի հայտնվել: Գյումրիում շրջանառվում են սփյուռքահայ մեծահարուստների անուններ, ովքեր, ըստ լուրերի, մանկատանը ապրող 80-ից ավել  երեխաների ճակատագրի հանդեպ անտարբեր չեն: Ոմանց պնդմամբ շուտով հայտնվելու է ամերիկաբնակ հայազգի մի բարերար, ով պատրաստ է այդ հոգսը վերցնել իր ուսերին: Ոմանք էլ ռուսատանաբնակ հայազգի գործարարների անուններն են հոլովում՝ Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան…: Վերջինիս դիրքորոշումը հստակեցվեց, երբ օրերս Ավրորա ֆորումի շրջանակներում Գյումրի էր այցելել: Լրագրողների հետ զրույցում Վարդանյանը նշեց,որ «Թռչունյան տան» մասին տեղեկացված է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը պատրաստ է օգնելու մանկատանը, եթե բոլորը միանան: «AraratChallenge -ին միացեք բոլորդ: Մեկ դոլարը գումար է, բայց մեծ գումար չէ: Եթե բոլորս միանանք, կդառնա մեծ: Հիմա արդեն ունենք 100.000 դոլար, այդքան հավաքվել է, եթե ավելի շատ հավաքենք, կկարողանանք օգնել: Ուրիշ տարբերակ չկա, նավթ չունենք, ուրիշ բան չունենք, որ կարողանանք ինչ-որ տեղից փողը հանենք, տանք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2019թ. հուլիսին սկսել է AraratChallenge շարժումը՝ համայն մարդկությանը հրավիրելով միանալու այդ շարժմանը և նվիրաբերելու որևէ գումար, թեկուզև ամիսը 1 ԱՄՆ դոլար, նոր՝ երկրորդ հնարավորություն տալով խոցելի և չքավորության մեջ գտնվող մարդկանց: