Մենք ու վրացիները

Մենք ու վրացիները

Ի՜նչ նախանձելի երկիր է Վրաստանը, որտեղ վարչապետները մեկը մյուսի ետեւից հրաժարական են տալիս` հենց իշխող կուսակցությունից նոր վարչապետ առաջադրելով: Եվ ինչքան խղճուկ, ագահ ու հետադիմական է այդ ֆոնին երեւում մեր պետությունը, որի ղեկավարները (գոնե վերջին երկուսը) դիմում են բոլոր հնարավոր ու անհնարին քայլերին` իշխանությունը պահելու համար: Է՛լ Սահմանադրություն են փոխում, է՛լ Ընտրական օրենսգիրք, է՛լ փիառի ամենանողկալի միջոցներին դիմում, խորամանկում ու խաբում, «բռնաբարում» հանրային գիտակցությունը, որ համոզեն մարդկանց, թե հույժ անհրաժեշտ է, որ իրենք շարունակեն ղեկավարել պետությունը` երկրում արժանի ժառանգորդ չկա:

Ո՛չ հանրային դժգոհությունը, ո՛չ պետության անկումը, ո՛չ կուտակվող խնդիրներն ու օրեցօր բարդացող իրավիճակը նրանց չեն ստիպում հրաժարական տալ ու արժանապատիվ ձեւով հեռանալ պաշտոնից, որտեղ իրենց լիովին սպառել են, ապացուցել իրենց անհամապատասխանությունը: Անգամ երկրի գլխին կուտակված արհավիրքները եւ հազարամյակների հասնող պետության դեմ ուղղված գոյաբանական վտանգները չեն ստիպում, որ մարդը հեռանա կամ գոնե իր կուսակիցներից մեկին առաջադրի այդ պաշտոնին: Մի՞թե մեր հարեւան վրացիները մեզնից ավելի քաղաքակիրթ են ու արժանապատիվ, մի՞թե նրանց ղեկավարներն ավելի պետականամետ են եւ խելացի:

Մի՞թե Վրաստան պետությունն ավելի շատ է արժանի դեմոկրատ, զուսպ, պաշտոնից չկառչած ղեկավար ունենալուն: Իհարկե, ոչ: Պարզապես մեր հասարակությունն արագությամբ փչացնում է իր ղեկավարներին: Մեր երկրում` պաշտոնից հետո ապրելը շատ ավելի բարդ է, քան Վրաստանում: Մենք մեր նախագահներին-վարչապետին սպառնում ենք, որ պաշտոնից հեռանալով բանտում կամ դժոխքում ես հայտնվելու, իսկ վրացիներն արժանապատիվ կյանք են խոստանում: