Գարիկ Սարգսյանի հերթական շոո՞ւն

Գարիկ Սարգսյանի հերթական շոո՞ւն

Համացանցում այսօր լուրեր տարածվեցին, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում ժամը 09։10-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ քաղաքացին մեքենայով հարվածել է ոստիկանական մեքենային, ինչից հետո քաղաքացին, որը Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի որդին է, իբր  հարձակվել է ոստիկանների վրա։

168.am-ը լուրի հրապարակվելուց հետո փորձեց կապ հաստատել Ուրցաձոր վարչական շրջանի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։

 168.am- ին փոխանցեցին, որ սա տարեսկզբին Վեդի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի բեմադրած հերթական շոուն է։ Նա օրեր առաջ՝ հունվարի 13-ին, ուրցաձորցիների ընտրած համայնքապետին ազատել էր պաշտոնից և նոր նշանակում արել այդ պաշտոնում։

168.am-ի խիստ գաղտնի աղբյուրը, որը Ուրցաձորի բնակիչ է և առավոտյան տեղի ունեցած միջադեպի ականատես, ուշագրավ մանրամասներ հայտնեց առավոտյան տեղի ունեցած միջադեպից․

«Առավոտյան 3 ոստիկան գնում են գյուղապետի տուն, բա՝ սենց-սենց՝ կնիք, բանալի… Ռաֆիկ Անդրեասյանն ասել է՝ գիտեք ոնց, Գարիկ Սարգսյանն ո՞վ է, որ որոշի, Վեդիի քաղաքապետի պաշտոնակատար է, դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ոչ մեկը չի հաղթել, դու գնա, Վեդիում որոշումներ կայացրա, քաղաքապետարանում մարդ նշանակի։ Ոստիկանները գնում են, բայց խաբս են քցում․․․»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Ոստիկանության Արտաշատի վարչությունում ժողով է եղել, որի ժամանակ Ռաֆիկ Անդրեասյանին բերման ենթարկելու օպերացիան են մշակել․

«Այսօր առավոտյան ժամը 6-ին տրիվոգ են տալիս. ժողովին ասել են՝ բոլորդ հավաքվում եք Վեդիի ոստիկանությունում, խմբերը բաժանում են, որ 3 ոստիկանի գնալուց հետո մտնեն, զախվատ անեն։ Իրենք սպասել են դիմադրության, բայց ոչ մի դիմադրություն չի եղել։ Մի խոսքով՝ մտնում են Անդրեասյանի տուն, ձերբակալում են․․․»։

Աղբյուրի փոխանցմամբ, երբ Անդրեասյանը ձեռնաշղթաներով մեքենայում է եղել, այդ պահին նրա որդին է մեքենայով անցնելուց եղել, և տեսնելով հորն այդ վիճակում՝ իրար է խառնվել, և մեքենան հարվածել է ոստիկանության կայանված մեքենային, ինչից հետո իրավիճակն էլ ավելի է թեժացել․

«Անդրեասյանի որդու վարած մեքենայում օրինական գրանցված որսորդական զենքեր են եղել, որսի գնալուց են եղել, որդին և համագյուղացիներից մեկը։ Ոստիկանները զենքով ջարդում են Ռաֆիկ Անդրեասյանի որդու և համագյուղացու քիթը, ոնց որ կողոսկրերի կոտրվածք էլ ունեն… Այդ ընթացքում գյուղապետը մեքենայի մեջ է եղել, ձեռքերը կանդալված, այդ ամենը նաև տարածքում նկարահանողներ կային, թե ոնց են ամեն մեկի վրա 20 հոգով, գետնին տշելով բերման ենթարկում։ Ոստիկանական տաբելային ատրճանակը կողքից հանել ու հարվածել են տղաների դեմքին, հայհոյանքներ հնչեցրել․․․ Նաև ասեմ, որ այդ ոստիկանները դիմակավորված չէին ու քաղաքացիական հագուստով էին, տեսանյութերում հստակ կերևան, թե ովքեր են եղել։ Դրանից հետո Ռաֆիկ Անդրեասյանին, նրա որդուն և համագյուղացուն սև մեքենաներով տարան, չգիտեինք, թե ովքեր էին՝ ԿԳԲ-ից էի՞ն, ԱԼՖԱ-ից էի՞ն, Թուրքիայի պատվիրակությունից էի՞ն, չիմացանք…»,- պատմեց մեր զրուցակիցը:

168-ի զրուցակիցը նաև փոխանցեց, որ Ռաֆիկ Անդրեասյանին, նրա որդուն և ուրցաձորցի երիտասարդին, որը գյուղապետի վարած ավտոմեքենայում է եղել, բերման են ենթարկել Վեդի քաղաքում գտնվող Արարատի ոստիկանության բաժին․

«Նման վիճակում՝ կոտրվածքներով, մոտ 2 ժամ, ավելի պահել են ոստիկանության բաժնում, այնուհետև տեղափոխել են քննչական, որից հետո տեղափոխել են Վեդու հիվանդանոց՝ բուժզննում անցնելու, որից հետո նորից տարել են բաժին։ Այս պահին թե՛ գյուղապետի որդին, թե՛ համագյուղացին ոստիկանության բաժնում են, իմացանք, որ մեր համագյուղացուն պահում են բաժնում ու ստիպում են, որ սուտ ցուցմունք տա, իսկ Ռաֆիկ Անդրեասյանին բաց են թողել․․․»։