Իմունիտետ

Իմունիտետ

ՀՀ ԱԺ 8-րդ գումարման անդրանիկ նիստին ՀՀ նախագահն իր ելույթում ասել է. «Այսօր առջնահերթ է խորը և բազմաշերտ ճգնաժամից ելքեր գտնելը: Ակնհայտորեն, այդ համատեքստում առաջնային խնդիր է պառակտումը բացառելը: Մենք չենք կարող որևէ մեկին թույլ տալ, որ մեր ժողովրդին բաժանել և պառակտել ըստ աշխարհագրական, քաղաքական կամ որևէ այլ չափորիշիչի:

Բոլորս պետք է ունենանք մեր գլխավոր նպատակը՝ պաշտպանել, պահպանել և զարգացնել մեր պետականություն: Պառակտումն ու ներքին թշնամանքը մեզ միայն հեռացնում են այդ նպատակից և թուլացնում պետության և պետականության հիմքերը: Եվ այս դեպքում, մեր թշնամիներին և հակառակորդներին մնում է միայն նստել և հետևել, թե ինչպես ենք մենք ամեն օր թուլացնում ինքներս մեզ, անուղղելի վնաս հասցնում մեր պետական դիմադրողականությանը, այսինքն՝ իմունիտետին»: 

Անհասկանալի է, թե ՀՀ նախագահը ի՞նչ և ու՞մ նկատի ունի, երբ անթույ­լատրե­լի է համարում ժողովրդի պառակտումը, ինչպես նաև ում նկատի ունի ասելով «մենք չենք կարող որևէ մեկին թույլ տալ» դա անել: Կարծես, թույլ տալու և թույլ չտալու ուժը միշտ էլ պատկանել է իշխանությանը: Ուշագրավ է ՀՀ նախագահի դիտարկումը, կապված այն բանի հետ, թե ինչ է մնում անելու մեր թշնամիներին և հակառակորդներին: Ինչ-որ զուգահռներ են նշմարվում մեր թվարկությունից առաջ VI-V դդ. հին չինական փիլիսոփա Լաո-Ցզինի հետևյալ դատողության հետ. «Երբ ինչ-որ մեկը ձեզ չարիք է պատճառել, վրեժխնդիր մի՛ եղիր: Նստիր գետի ափին և շուտով կտեսնես, թե քո թշնամու դիակն ինչպես է լողում քո կողքով»: Ստացվում է, որ հայերս ինչ-որ չարիք ենք գործել, իսկ մեր թշնամիները…

Լավ, դա չէ էականը: Էականը մեր թույլ կողմի բացահայտումն է ՀՀ նախա­գահի կողմից. «…Մենք ամեն օր թուլացնում ինքներս մեզ, անուղղելի վնաս հասցնում մեր պետական դիմադրողականությանը, այսինքն՝ իմունիտետին>: Ահա մեր թույլ կողմը՝ իմունիտետը: Բրավո: Վերջապես գտանք, թե ինչ անել: Բայց, կար­ծես, պետության իմունիտետը ամրապնդելը պետական հաստատությունների խնդիրն է: Այդ թվում՝ ՀՀ նախագահի։

Գագիկ Վարդանյան