Ներսես Պողոսյանի ուժը էշին չի պատում, փալանին է ծեծում

Ներսես Պողոսյանի ուժը էշին չի պատում, փալանին է ծեծում

Ժողովրդական այս կոպիտ, բայց դիպուկ արտահայտությունն է տեղին Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի պահվածքը գնահատելու համար: Պողոսյանը սոցկայքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ վիրավորական գրառում էր արել ու մեր թերթին ասել, թե դա քաղաքական գրառում է: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի համաձայն, վարչական շրջանի ղեկավարի տեղակալը իրականացնում է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Կանոնադրության մեջ չկա քաղաքական հայտարարություններ կամ գրառումներ անելու լիազորություն:

Ուրեմն Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին վիրավորելը Ներսես Պողոսյանի անձնական նախաձեռնությունն է: Ուրեմն քաղաքական հարցերի հետ կապ չունեցող պաշտոն զբաղեցնող Ներսես Պողոսյանը ուզում է թիմին ցույց տալ, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողներից պակաս հայհոյաբերան չէ: Ինչպես նույն սոցկայքում հայհոյանքներով առատ տեսանյութ տարածող Լենա Նազարյանը կամ Քրիստինե Պողոսյանը:

Եթե քաղաքական թիմը քեզ վստահել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, աշխատիր այդ պաշտոնում, եթե չես ուզում աշխատել՝ հեռացիր: Թե չէ պաշտոնը ստանձնել ես, բայց դժգոհ ես, որ այդ պաշտոնն ես ստացել, «դուխդ» չի բավարարում, ուժդ չի պատում, որ քաղաքական «դուխով» թիմիդ ղեկավարին այդ մասին ասես, ու զայրույթդ պարպում ես ուրիշներին հայհոյելով: Սա նշանակում է, որ իրականում հայհոյում ես քաղաքական թիմիդ ղեկավարին:

Արման Թաթոյանին վիրավորելը Ներսես Պողոսյանի առաջին նման գրառումը չէ, բայց նրա քաղաքական թիմը չի սաստում հայհոյաբերան պաշտոնյային: Նշանակում է կողմ են իրենց նշանակած պաշտոնյաները սեփական պարտականությունները թողած դառնան հայհոյաբերան գրագիրներ:

Արեգ Մարգարյան