2018-ի ամենամեծ աղետը

2018-ի ամենամեծ աղետը

Շատ է խոսվում հասարակության անտարբերության մասին։ Ու խոսվում է այնպես, ասես դա բնավորության գիծ կամ նմանատիպ մի երևույթ է, և մարդիկ մեղավոր են, որ իրենք անտարբեր են։ Երկար եմ մտածել այդ մասին։ Բառի ստուգաբանությունն անգամ բնորոշում է իմաստը։ Ստուգաբանորեն այն նշանակում է առանց տարբերության։ Այսինքն նման մարդկանց համար տարբերություն չկա՝ հաղթանակ է, թե պարտություն, լույս է, թե խավար, բարություն է, թե չարություն, սեր, թե ատելություն․․․ 2018-ից հետո քաղտեխնոլոգիա էր՝ մարդկանց մեջ անտարբերություն ներակելը։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի», դրա մեջ ոչ թե հետագա պայքարի ձգտում էր, այլ հասարակության մեջ վիրուս գցեց՝ հաղթանակի և պարտության տարբերությունը չզգալու, անտարբերության վիրուս։ Տասնյակ հազարավոր զոհերի, հաշմանդամների ցնցող պատկերները պատահական չէին արվում, դա ևս քաղտեխնոլոգիա էր, որ մարդկանց համար մահը, ոսկորները, դնթ անալիզով որդի ճանաչելը, սրբապղծությունները այնքան սովորական դառնան, որ նրանց հասցնեն անտարբերության աստիճանի։ Հետագայում նա դրանք թաքցրեց խաղաղասիրական հարմարվողականության հետ ու մարդկանց մղեց լիակատար անտարբերության։

Զարմանում եք, երբ նրա կինը օնլայն հարթակի զայրույթից, հայհոյանքից հետո նոր սելֆիներ է անում, անհոգ կյանքն է ցուցադրում՝ ուտեստեղենով, սրճարանային տեսարաններով, այսօր էլ կարծես թե բնության գրկում էր հանգել․ դա էլ քաղտեխնոլոգիա է՝ ձեզ անտարբերության մղելու։ Ուզում է հասկացնել, որ օրհասական աղետը, պետականությանը կորուստը, Արցախի սովամահությունը ձեզ համար չպիտի օրակարգ լինի՝ մի գավաթ գինին ու համեղ ուտեստը պիտի ձեր օրակարգը լինի։ Նման բազմահազար օրինակներով մարդ ու կին ձեր ուշադրությունը շեղեցին տասնյակ հազարավոր զոհերից, հաշմանդամներից, 120 հազար սովամահ լինող արցախցիներից։

․․․ Եթե Աննան երևում է, հանրության մեջ զայրույթ եմ տեսնում, հանգստանում եմ, մտածում, որ հասարակությունը լրիվ չի մխրճվել անտարբերության թմբիր մեջ։ Զայրույթը, բարկությունը, ատելությունը եթե մեղք է համարվում Աստծո կողմից, անտարբերությունը հիվանդություն է, ծանր, հյուծող հիվանդություն։ Անտարբերությունը պատիժ է։ Անտարբերություն ներարկելով են ազգ, պետություն վերացնում։ Որովհետև անտարբերները ցավ չեն զգում։ Նրանք ոչինչ չեն զգում։ Նրանք մեռած են երկրի, պետության, հասարակության համար։

Չեխովը պատահական չի ասել․ «Անտարբերությունը հոգու կաթված է, անժամանակ մահ»։ Մեր հասարակության մի մեծ զանգված անտարբերության ճիրաններում է։ Նրանց համար միևնույն է՝ թուրքը մեզ տիրություն նկանի՞, թե՞ Նիկոլը։ Նրանց փրկություն պետք չի։ Նրանց Արցախ պետք չի։ Նրանց Սյունիք պետք չի։ Նրանց իրենց տունն անգամ պետք չի։ Իրենք կարող են ապրել թուրքի հետ, տարբերություն չկա։ Իսկ մենք մեղադրում ենք այդ մարդկանց։

Դա աղետ է, որ 2018-ից հետո եկավ։ 2018-ի բոլոր աղետները չնչին են այս մեծ աղետի կողքին։ Իսկ դուք դրա մասին այնպես սովորական եք խոսու՜մ՝ ժողովուրդն անտարբեր է դարձել։