Դավիթ Տոնոյանը շուրջ 1 տարի կալանավորված է, իսկ բուն գործի քննությունը նոր է սկսվել

Դավիթ Տոնոյանը շուրջ 1 տարի կալանավորված է, իսկ բուն գործի քննությունը նոր է սկսվել

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքների դատական քննությունը սկսվել է վերջինիս դեմ քրեական հետապնդումի մեկնարկից գրեթե մեկ տարի հետո։ Իսկ Տոնոյանը 2021 թվականի դեկտեմբերի 29-ից կալանավորված է։ Գործով անցնող 7 մեղադրյալներից ևս 2-ն են կալանավորված։ Երկար ձգձգումներից հետո վերջապես մի քանի օր առաջ դաատարանում հրապարակվել են գործով մեղադրյալներից 4-ի մեղադրական եզրակացությունները։

Հիշեցնենք, որ գործով մեղադրյալներն են Դավիթ Տոնոյանը, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։

Տոնոյանի պաշտպան Սերրգեյ Հովհաննիսյանն ասաց․ «Մեղադրական եզրակացությունը հրապարակելու փուլն է։ 4 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությունն արդեն հրապարակվել է, իրենց մեղավոր չեն ճանաչել, 3-ի մասով դեռ չի հրապարակվել, դա կլինի մյուս դատական նիստին։ Հրապարակվել է 3 կալանքի տակ գտնվողների և Արտակ Դավթյանի մեղադրական եզրակացությունը»։

Այսինքն, բուն մեղադրանքի քննություն ավելի արագ է ընթանում, քան մինչդատական վարույթը՝ կալանավորման միջնորդություններ, բողոքների քննություններ և այլն։ Պաշտպանը պատասխանեց․

«Ես Ձեզ առարկայական, թվերով ասեմ, Դուք ըստ այդմ հասկացեք, թե ինչի մասին է խոսքը։ Հունվարից մինչև սեպտեմբեր ամիսը նշանակվել էր ընդամենը 9 դատական նիստ, կայացել էր 5 դատական նիստ, այսինքն՝ 8 ամսվա ընթացքում 5 դատական նիստ էր տեղի ունեցել։ Իսկ հիմա Հակակոռուպցիոն դատարանում ամեն շաբաթ նիստ լինում է, դատարանը խոստացել է, որ ամեն շաբաթ նիստ լինելու է, դեռ չենք շեղվում այդ պայմանավորվածությունից, ամեն շաբաթ նիստ է լինում, ընդ որում բավականին երկար՝ 12։00-12։30-ից մինչև 17։00- 18։00, այսինքն՝ մոտ 5-6 ժամ նիստ է տեղի ունենում։ Կարծում եմ՝ բավականին առաջընթաց ունենք այդ առումով»,- պատասխանեց Հովհաննիսյանը։

Հետարքրվեցինք, թե ինչ գործընթաց կա Տոնոյանի՝ կալանքից ազատ արձակման վերաբերյալ՝ դատարանը կարո՞ղ է խափանման միջոցը փոխել․ «2 շաբաթ առաջ գրավի միջնորդություն էինք ներկայացրել, իր բնակարանն էր առաջարկվել։ Դատարանը մերժեց՝ պատճառաբանելով, որ այս փուլում վկաների վրա ազդեցություն ունենալու ռիսկը շարունակում է մնալ բարձր։ Մենք որոշումը ստացել ենք, դա բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան, մակագրվել է դատավոր Արմեն Հովհաննիսյանին, բայց դեռևս ո՛չ օրվա, ո՛չ վարույթ ընդունելու մասին տեղեկություն չունենք։ Ամեն դեպքում դեռևս վերջնական ինչ-որ եզրահանգում չունենք մեր այս միջնորդության վերաբերյալ»։

Պաշտպանին հարցրինք՝ ե՞րբ է նախատեսվում դատարանում վկաների ցուցմունքների փուլը, և արդյոք եթե ցուցմունքները տրվեն, կվերանա՞ այն հիմքը, որ Տոնոյանը կարող է ազդել վկաների ցուցմունքների վրա եւ դրանից հետո Տոնոյանը չպիտի՞  ազատ արձակվի։ Անդրադառնալով ցուցմունքներին՝ պաշտպանն ասաց․ «Վկաներից որևէ մեկը ցուցմունք չի տալիս Դավիթ Տոնոյանի վերաբերյալ, կամ որի ցումունքը դրված է Դավիթ Տոնոյանի մեղադրանքի հիմքում։ Դավիթ Տոնոյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնված է գործում առկա փաստաթղթերի տեղեկությունների վրա։ Այսինքն՝ այդ վկարները լինեն կամ չլինեն, դատարանում ինչ էլ ասեն, մեկ է՝ որևէ բան դրանից չի փոխվում։ Դա փաստաթղթերով է կազմված, առկա է գործի նյութերում, և հենց դրանց վրա էլ մենք հղում կատարելով ասում ենք․ նախ որևէ մեղադրանք չի կարող լինել դրանց հիման վրա, և երկրորդը՝ կալանքի հիմք չկա, որովհետև վկաների վրա ազդեցություն գործադրելու նպատակ, անհրաժեշտություն կամ որևէ շահագրգռվածություն առհասարակ չի կարող լինել։ Վկան ի՞նչ պիտի ասի, պիտի ասի՝ փաստաթղթի մեջ սխա՞լ է գրված, կամ ինչպե՞ս էլի պիտի մեկնաբանի։ Խնդիրը հենց այդ է, մենք դրա համար ենք դատարանի ուշադրությունը հրավիրում ցուցմունքների բովանդակության վրա։ Եթե գործով կան դատակոչված վկաներ, դա չի նշանակում, որ այդ վկաների վրա ազդեցություն ունենալու հավանականությունը կարող է լինել։ Դա ուղղակի ձևական կողմն է, որը դատարանները բոլոր գործերով դնում են կալանքի հիմքում, թե վկաների վրա ազդեցություն ունենալով կխոչընդոտի, ուրեմն պետք է մնա կալանքի տակ»,- պատասխանեց պաշտպանը։

Բայց արդյոք վկաների ցուցմունքից հետո այդ հիմքը չի՞ վերանում՝ անկախ նրանից, թե ի սկզբանե Տոնոյանին առաջադրված մեղադրանքը ինչքանով է կապված վկաների ցուցմունքների հետ, և որքանով է դատարանը ձևականորեն վկաների վրա հնարավոր ազդեցությունը դրել կալանքի որոշման հիմքում՝ հարցրինք Հովհաննիսյանին․

«Այո, ճիշտ եք, եթե Ձեր ասածից ելնենք, ապա այո, վկաների հարցաքննությունից, կամ որոշ մասի հարցաքննությունից հետո այդ հիմքը, եթե ընդունենք, որ այն առկա էր, կամ նվազում է, կամ առհասարակ վերանում է, բայց դրան հասնելն այդքան էլ հեշտ չէ, որովհետև գործով դատակոչի մեջ են ընդգրկել այնպիսի վկաների, որոնք առհասարակ նույնիսկ չնչին տեղեկություններ չեն հայտնում գործով պարզման ենթակա հանգամանքների մասին, բայց իրենք էլ են դատակոչված։ Ընդհանուր կարծեմ 15 վկա է դատակոչված, դե պատկերացրեք՝ ամենաքիչը մի 15 նիստ միայն վկաների հարցաքննություններն  են տևելու։ Այսինքն՝ դա գնաց արդեն մինչև հունվար- փետրվար, գուցե մարտ։ Ես չեմ կարող ասել, թե քննության որ փուլում դատարանը կգնահատի այդ չեղած ռիսկը նվազած, հնարավոր է՝ բոլոր վկաների հարցաքննությունից հետո դատարանը համարի, որ նվազած է, կարող է՝ այդ ժամանակ էլ չհամարի, կամ 5 վկայի հարցաքննությունից հետո․․․։ Դավիթ Տոնոյանին ընդամենը 1 վկայի հետ է առերեսում կատարվել, մնացած 14 վկաների հետ ընդհանրապես ոչ մի գործողություն չի կատարվել։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ վկան հնարավորինս շուտ հարցաքննվի, և եթե անգամ առկա է եղել խոչնդոտելու ռիսկ, դա այս պարագայում վերացած կլինի»։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով յուրացումը)։ Տոնոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։