Բերբոքը ՌԴ-ին և Բաքվին կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը

Բերբոքը ՌԴ-ին և Բաքվին կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը

Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները Բեռլինում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել Լաչինի միջանցքի արգելափակմանն ու այդ ամենի հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

«30 տարուց ավելի է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կա, որը մեծ աղետների է հանգեցրել: Բազմաթիվ մարդկային կյանքեր են կորսվել, բազմաթիվ տներ և շինություններ են ավերվել: Մենք գիտենք, որ առկա վերքերը շուտ չեն բուժվելու»,- ասել է Բերբոքը:

Նա կարևորել է Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև կայացած քառակողմ հանդիպման արդյունքները, որով կողմերը վերահաստատել են 1991 թվականին ընդունված Ալմաթիի հռչակագիրը՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը: 

Անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին՝ Գերմանիայի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում առկա մարդասիրական բարդ կացությունը հակամարտության տխուր հետևանքներից մեկն է: 

«Կարևոր է, որպեսզի Լաչինի միջանցքի շրջափակումն ավարտվի, և կարծում ենք, որ այստեղ Ադրբեջանն ու Ռուսաստանը պետք է կատարեն իրենց պարտականությունները»,- շեշտել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ի թիվս այլ խնդիրների, Բերբոքն արձանագրել է, որ էներգամատակարարման և գազամատակարարման խափանումների պատճառով Լեռնային Ղարաբաղում դադարեցվել է կրթական հաստատությունների աշխատանքը: