«Հրապարակ». Ո՞նց են գործերդ, «Նաիրիտ»

«Հրապարակ». Ո՞նց են գործերդ, «Նաիրիտ»

Ներդրումների սպասումը «Նաիրիտում» հին ավանդույթ է:  Տասնամյակների հանրային պահանջն է, որ այս գործարանն աշխատի:Սակայն «Նաիրիտը» վաղուց՝ 2010 թվի գարնանից չի աշխատում, իսկ 2016 թվականի նոյեմբերին սնանկ է ճանաչվել, բայց գործարանի նախկին աշխատողները սպասում են հրաշքի: Համակարգող խումբ ունեն, որը պարբերաբար բանակցություններ է վարում կառավարության հետ՝ փորձելով վաճառքից փրկել երբեմնի քիմիական գիգանտի մնացորդները: 

Համակարգող խումբը հասավ այն բանին, որ 2019թ. հունիսի 18-ին հանդիպեց ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերեց առ այն, որ գործարանի գույքի մասնատումն ու վաճառքն առանձին մասերով դադարեցնեն: Որոշվեց, որ այն պետք է վաճառքի հանվի ոչ թե մաս-մաս, այլ մեկ ընդհանուր լոտով: Այս դեպքում հնարավոր էր արտադրական եւ ենթակառուցվածքների մասի ամբողջական վերագործարկման համար բիզնես-ծրագիր ներկայացնել, որը պետք է քննարկեր կառավարությունը: Բայց բիզնես ծրագիր այդպես էլ չեղավ: 
«Նաիրիտ» գործարանի տնօրեն Գրիշա Մակարյանը կարծում է, որ նոր ներդրողի մասին խոսակցությունները փուչիկ են: «Մենք հիմա կանգնած ու լուծարված վիճակում ենք, չէ՞: Գուցե թե հենց այդ համակարգող խմբի շարժումը խանգարեց, որ որեւիցե մեկը գա ու վերագործարկի»:
Մենք մի քանի հարց ուղղեցինք «Նաիրիտի» տնօրենին, որոնք հետաքրքիր են հատկապես «Սուրմալու»-ի պայթյունից հետո, քանի որ, փաստացի, քաղաքի խիտ բնակեցված մասում ունենք գործարան, որտեղ երբեք կաուչուկ չեն արտադրելու, բայց որտեղ կան մեծ քանակությամբ քիմիական դյուրավառ եւ մարդկանց համար վտանգավոր նյութեր: Տեղեկություն ունենք, որ «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ կառավարությունն ԱԱԾ-ից ժամանակին նույնիսկ զեկուցագրեր է ստացել, որտեղ ներկայացվել է, որ գործարանի տարածքում պահվող վտանգավոր թափոնները պետք է տեղափոխվեն եւ սահմանված կարգով ոչնչացվեն կամ թաղվեն, եւ սա լուրջ անվտանգային խնդիր կարող է դառնալ Երեւանի համար: 

- Ճի՞շտ է, որ այսօր էլ գործարանում պայթյունավտանգ նյութեր կան:  

- 2010 թվականից, երբ գործարանը կանգնեց, վնասազերծման կարիք ունեցող նյութեր կան, որոնք ոչ թե պայթյունավտանգ, այլ մեր արտադրությունում օգտագործվող նյութերն են, որոնց մի մասը վաճառվում է, եթե կա գնորդ: Ամեն ինչ չէ, որ պետք է ոչնչացնել: Վաճառքը ժամանակ է պահանջում: 

- Այսինքն՝ հիմա է՞լ է ընթանում այդ նյութերի վաճառքը: 

- Այո, դա սնանկության գործով կառավարիչների գործն է: Դա նոր բան չէ, էվրիկա չէ: 

- Մենք սենսացիոն տեղեկություն չենք ուզում ստանալ, այլ «Սուրմալու»-ի դեպքից հետո պետք է կառավարությունն ուշադիր լինի, թե որտեղ կա նման աղետի վտանգ, որտեղ կան վտանգավոր նյութեր, եւ ինչ է պետք անել դրանց հետ: 

- Այդ նյութերը կան 1939 թվականից, միշտ եղել են, որովհետեւ մեր գործարանի բնույթն է դա: Տանն էլ մի քիչ քիմիա ունենաս, անզգույշ վերաբերվես, անպայման կարող է եւ պայթյուն լինել, այրվածք լինել: Հասարակ կերակրի սոդայից էլ կարող է թունավորում լինել: Բնական գազը, որ մենք օգտագործում ենք, քանի՞ դժբախտ դեպք է եղել: Դա անզգուշությունից է: 

- Հիմա «Նաիրիտում» կա՞ն ոչնչացման ենթակա վտանգավոր նյութեր, թե՞ ոչ: 

- Դրանց լինելության փաստը, կարգավիճակն արդեն շուրջ 10 տարի քննարկվում է հանրապետության առաջավոր քիմիական ակադեմիական ինստիտուտների, առաջավոր գիտնականների կողմից, արտակարգ իրավիճակների նախարարության, առողջապահության նախարարության, բնապահպանության նախարարության կողմից: Այդ բոլորը համատեղ զբաղվում են վերահսկողությամբ: Այդ հարցը գտնվում է քննարկումների փուլում, եւ 2016 թվականից մինչեւ հիմա այդ նյութերի մոտ 50 տոկոսը վաճառքի հետեւանքով պակասել է: Այն, ինչ որ մեզ մոտ պահվում է, ոչ մի գործարան չի գալիս վերցնում, կան տեղափոխման խնդիրներ, որոնք բարդ են, քանի որ մենք գտնվում ենք շրջափակման մեջ: Դրա համար էլ մնացել են այդ նյութերը: Լուծումների անընդհատ փնտրտուքի մեջ է գործարանը՝ կառավարության հետ: Եվ այդ բոլորի վերահսկողն ու, այսպես ասած՝ քավորը ԱԻՆ-ն է: 
ԱԻՆ-ից մեր հարցերին պատասխանելու համար գրավոր հարցում ուզեցին, որին կպատասխանեն 5 օրում: «Գործարանի ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 160 հեկտար, որից 137,7 հեկտարը Երեւանում է, խիտ բնակեցված թաղամասում: Տարածքն այսօր պահպանվում է: Մոտ 220 աշխատակից կա այստեղ: Ոչ մի արտադրամաս չի աշխատում, բացի ազոտի արտադրամասից: Օզոնն արտադրվում է անվտանգության տեխնիկայի համար: Այնտեղ տեղեր կան, որտեղ հրավառվող նյութեր են պահվում, որպեսզի օդի հետ շփում չլինի, օզոնային բարձիկների միջոցով պահում ենք, որ դրանք չվառվեն»,- մեր հարցերին պատասխանեց «Նաիրիտի» աշխատողներից մեկը: Ավելի ճշգրիտ տեղեկություններ տրամադրեց սնանկության կառավարիչ Մուրադ Պետրոսյանը, որի խոսքը փոքր-ինչ հակասում է տնօրենի ասածին: Ըստ նրա՝ պայթյունավտանգ նյութերը չեն վաճառվում: «Դրանք չեն վաճառվում, ենթակա են վնասազերծման, թե այրման, թե այլ եղանակով: ներկայում հայտարարված են վնասազերծման տենդերներ, որոնցով զբաղվում են ԱԻՆ-ը եւ ԱԱԾ-ն»: 

- Ի՞նչն է պատճառը, որ վնասազերծումը ձգձգվում է, արդեն 6 տարի է՝ սնանկության գործընթացի մեջ ենք: 

- Դուք հարցրեք՝ 30 տարի է, ինչո՞ւ չի վնասազերծվել, Դուք 30 տարուց խոսեք: Որ մենք այդ 6 տարում բերել հասցրել ենք տենդերների, այս վիճակի, մեզ պետք է դրա համար մի հատ էլ գովասանագիր տաք: Դուք հետ գնացեք, նայեք, թե ինչ են արել այդ 30 տարիներին: Դա հեշտ բան չէ: ՇՄԱԳ պետք է անցնի վնասազերծող կազմակերպությունը, որ իրավունք ունենա վնասազերծում իրականացնել: 2 տարի է ՇՄԱԳ-ի համար պահանջվում: 

- Իսկ այդպիսի մոտավորապես ինչքա՞ն նյութեր կան «Նաիրիտում»: 

- Մոտավորապես չեմ կարող ասել, բայց շատ: 

ՀԳ. Եվ այսպես, քաղաքի բանուկ մասում դրված է մի ռումբ, որը որքան էլ խիստ հսկվի, մի օր կարող է պայթել: Այդ ժամանակ «Սուրմալուին» երանի կտանք։