Տխուր հանդիպում

Տխուր հանդիպում

Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպումը տխուր մտորումների առիթ տվեց։ Մեր հայրենակիցներից շատերը, որոնք երեւի առեւտուրն ու շինաշխատանքները թողել, շտապել էին հանդիպման՝ չհասցնելով անգամ հագուստը փոխել, խելոք լսում էին ՀՀ վարչապետի խոսքը՝ առանց առարկելու։ Կարելի էր կարծել, որ հեռավոր Շնող գյուղում եւ Վլադիվոստոկում նույն մտածողությունն ու խեղճությունն է տիրում, եթե երեկ չզանգահարեին մեզ եւ չտեղեկացնեին, որ հանդիպումը շատ ավելի երկար է տեւել, շատ սուր հարցեր են հնչել, սակայն ցուցադրվել են իշխանությունների համար շահեկան հատվածները։ Առավել տխուր մտքերի տեղիք տվեց ՀՀ վարչապետի խոսքը, որին հետեւելիս ամեն անգամ ցնցող բացահայտումներ ես անում եւ հասկանում, որ ժամանակը բոլորովին մեր օգտին չի աշխատում։

Փորձառություն, հավասարակշռություն, խոհեմություն, պետականամետ մտածողություն որդեգրելու փոխարեն, ամեն անգամ մի նոր ու զարմանահրաշ միտք է արտահայտում մեր երկրի ղեկավարը։ Միտք, որին ո՛չ էմպիրիկ, ո՛չ պրակտիկ առումով հնարավոր չէր հանգել, այլ կարելի էր հանգել միայն սեփական երեւակայության ծալքերը փորփրելով եւ տգետ զանգվածի համար ընդունելի նոր կերակուր հորինելով։ Պարզ օրինակ բերենք․ եթե առաջ նախկիններին մեղադրում էր 30 տարի բանակցային պրոցեսը ձախողելու, երկիրը թալանելու, բանակը նորմալ չզինելու համար, ինչի հետ կարելի էր համաձայնել կամ չհամաձայնել, բայց գոնե դրանց մեջ ճշմարտության հատիկ կարելի էր գտնել։ Ապա այսօր առավել ֆանտաստիկ մեղադրանքներ են առաջ քաշվում, որ Միքայել Արզումանյանի, Ջալալ Հարությունյանի եւ մյուս զինվորականների գործողությունները կառավարել են նախկինները եւ մեզ միտումնավոր տարել պարտության, որ իրենից իշխանություն խլեն։ Այս աբսուրդին անգամ անդրադառնալն անիմաստ է։