Կվերադարձվե՞ն մեր Փայտասարն ու Տանձուտ սարը 

Կվերադարձվե՞ն մեր Փայտասարն ու Տանձուտ սարը 

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքների՝ Ադրբեջանին հանձնելու գործընթացն ամեն կերպ ուզում է կոչել փոխզիջում, սահմանագծում, սահմանազատում, բայց ակնհայտ է, որ դա հող հանձնել է: Եւ դա անելու համար հիմք է ընդունում անհասկանալի ժամանակների ինչ որ անհասկանալի քարտեզներ, որոնք միայն ադրբեջանանպաստ են: Մինչդեռ մենք այս տարածքում ունենք կարեւորագույն սարեր, դիրքեր, բարձունքներ, արոտավայրեր, որոնք 90-ականների պատերազմի ժամանակ գրավել է Ադրբեջանը ու մինչ օրս այդտեղ տեղակայված են ադրբեջանական զինված ուժերը, որտեղից պարբերաբար թիրախավորում են մեր գյուղերի խաղաղ բնակչությանը: Օրինակ՝ Բերքաբերի լճի մյուս ափին գտնվող մեր Փայտասարը: Ադրբեջանցիներն այն անվանում են Օդընդաղ: Մինչեւ վերջին իրադարձությունները՝ դեռեւս անցած տարվա ամռանը, ես Բերքաբերում էի, զրուցում էի բերքաբերցիների հետ, որոնցից շատերը գոհ էին Փաշինյանի վարած քաղաքականությունից: Ասում էին, որ իրենց գյուղ եկող ճանապարհն ասֆալտապատել է: «Փաշինյանն ինչ եկել է, ոչ մի կրակոց չկա գյուղի վրա։ Խաղաղություն է բերել Փաշինյանը Տավուշին».- ասում էին գյուղամեջում նարդի խաղացող տղամարդիկ: 

Բերքաբերը 90-ականներին Փայտասարի կողմից պարբերաբար հայտնվել է կրակահերթերի տակ: Մի անգամ, երբ դրան ի պատասխան մերոնք հուժկու պատասխան են տվել եւ կրակել իրենց ուղղությամբ, ադրբեջանցի գյուղացիները բարձրացել են սարի բարձունքում գտնվող իրենց դիրքեր ու վիճել իրենց զինվորականների հետ, թե.«Բավական է Բերքաբերի գյուղացիների վրա կրակեք՝ հայերն էլ ի պատասխան մեզ վրա են կրակում: Թողեք հանգիստ մեր հողով, մեր գործով զբաղվենք»: Դրանից հետո Բերքաբերի վրա կրակոցներ չեն եղել: Լճի բարիքներից հավասարապես օգտվել են հայերն ու ադրբեջանցիները: Սակայն, Փայտասարը եղել է եւ մնում է կարեւորագույն ռազմական բարձունք, որտեղից խոցելի է գրեթե ամբողջ Տավուշի մարզը: Այն ռազմավարական կարեւորագույն բարձունք է: 

1994-ի Տավուշի թեժ մարտերից մեկի ժամանակ, ադրբեջանցիները տեսնելով, որ Չինարի գյուղի Տանձուտ սարն անպաշտպան է,  գրավել են: Մերոնք դրանից հետո երկու անգամ փորձել են ետ վերցնել սարը, սակայն չի հաջողվել, քանի որ աշխարհագրական դիրքը թույլ չէր տալիս ներքեւից գրոհել սարի բարձունքում գտնվող թշնամուն: Մարտերի ժամանակ զոհված չինարեցի Վահրամ Սաղոյանի անունով սարը կոչվեց Վահրամասար: Այդ ժամանակ Տավուշի հրամանատարը Յուրի Խաչատուրովն էր: Հետագայում ոմանք գեներալին մեղադրում էին Վահրամասարը «հանձնելու» մեջ: Սակայն փորձառու զինվորականները պնդում են, որ սարը հնարավոր չէր ետ վերցնել: Ինչեւէ, այդ ժամանակից ի վեր Վահրամասարը չինարեցիների համար դարձավ վտանգի աղբյուր բարձունք. այնտեղից գյուղի բոլոր տները ուղիղ թշնամու խոշորացույցի ու նշանառության տակ են: Հաճախ են չինարեցիները Տանձուտից ենթարկվում ռազմական սադրանքների: Այստեղ ասում են, որ մեր մոտ պատերազմը երբեք չի ավարտվել, քանի որ մեր գլխավերեւում նստած է «թուրքը»: 

«Սահմանագծում եւ սահմանազատում» «օպերացիայի» ժամանակ Փաշինյանը մի փոքրիկ հանգամանք է «մոռացել»՝ Փայտասարի ու Տանձուտի վերադարձի հարցը…Նա տալու կողմնակից է, ետ բերելը նրան բնորոշ չէ։