Ես ճանաչում եմ արյունով գծված սահմանը․ դեմ եմ հայկական դիրքերի հետ քաշմանը․ Բաղանիսի ղեկավարը մանրամասնում է

Ես ճանաչում եմ արյունով գծված սահմանը․ դեմ եմ հայկական դիրքերի հետ քաշմանը․ Բաղանիսի ղեկավարը մանրամասնում է

«Հրապարակը» երեկ տեղեկացրել էր, որ մինչև ուշ գիշեր Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի վարչական ղեկավարները մասնակցել են սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգոյանի, իսկ հետո նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ սահմանազատման վերաբերյալ։

Այսօր կապ հաստատեցինք Բաղանիսի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանի հետ։ Նա ասաց, որ եղել է հանդիպմանը եւ հենց հանդիպման ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանին ինքն ասել է, որ դեմ է սահմանազատմանը։

«Ես իրենց ասել եմ, որ ճանաչում եմ արյունով գծած սահմանը, ես դեմ եմ հայկական դիրքերի հետ քաշմանը»,-ասաց Սահակյանը։

Բաղանիսի վարչական ղեկավարը շեշտեց նաև, որ հենց հանդիպման ժամանակ էլ ի գիտություն ներկաների հայտարարել է, որ հրաժարվում է այդ հանձնաժողովում իր մասնակցությունից։ Խոսքը աշխատանքային խմբի մասին է, որը ստեղծվել է Փաշինյանի հրամանով՝ սահմանազատման հանձնաժողովին կից եւ տեղի բնակավայրերի վարչական ղեկավարներն էլ են ընդգրկվել, որպեսզի հետո ասեն՝ տեղացիների համաձայնությամբ ենք հողերը հանձնել։

Թե ինչպես է Փաշինյանն արձագանքել, Սահակյանն ասաց, որ այդ հարցին չպատասխանելն իր իրավունքն է։