Հայկոն դերասան է, կարող է կանացի շոր հագնել, ձեր թիմը վաղուց է կանացի հագուստի մեջ

Հայկոն դերասան է, կարող է կանացի շոր հագնել, ձեր թիմը վաղուց է կանացի հագուստի մեջ

Զավեշտալի չէ, երբ ավագանու նիստին Հայկ Մարությանին, նույն ինքը Հայկոյին,  սարկազմի են ենթարկում, ծաղրում։  Այս իշխանությունը, նրա ավագանու նիստը ամբողջովին սարկազմի նյութ է։ Նիկոլը կյանքի գնով պահում է իր բերդը՝ հանձինս ՔՊ-ական ավագանու կազմի։

Զավեշտալին այն է, որ Հայկոյին այնպիսի բաներ են ասում, երբ իրենք ողջ ՔՊ-ական կազմով նույն բանի մեջ են։ Լսենք նրանցից մեկին՝ Հայկ Սահակյանին, որին հավանաբար ինչպես ես, այնպես էլ ձեզանից ոչ մեկը չի ճանաչում։ Քիչ է, որ չգիտենք, թե նա ով է, ինչացու է, ավելանում է դրան, որ սույն անձը «Հանրապետություն» խմբակցության անդամ է, որն արդեն ինչ որ բան ասում է նրա մասին։ Տեսեք ինչ է ասում․ 

«Երեք տարում երեք տարբեր կուսակցություն փոխած Հայկ Մարությանն իրավունք չունի խոսել արդարությունից և բարոյականությունից: Ես նրան խորհուրդ եմ տալիս վերադառնալ բեմ, որովհետև կանացի հագուստը նրան շատ է սազում։ Ժամանակն է, որ  ամեն մարդ վերադառնա այնտեղ, որտեղից եկել է։ Ժամանակն է, որ Հայկ Մարությանը վերադառնա արդեն աղբահանության ենթարկված իր «Կամազների» մոտ»։ 

Խորհուրդ է տալիս մարդը, վատ բան չի ասում։ Բայց եթե Հայկոն երեք տարում երեք կուսակցություն է փոխել, իրենք երեք տարում երկրի կեսը հանձնել են։ Հայկոն դերասան է և կարող է կանացի հագուստ հագնել։ Դրա մեջ ոչ մի ծիծաղելի բան չկա։ Բայց  այ,   որ ողջ «Հանրապետություն» կուսակցությունը, կներեք ՔՊ-ն երեք տարի կանացի հագուստ է կրում, այդ ֆոնին մի տեսակ չի լսվում։ Երեք տարի պարտության ցնցոտիներով գոյություն քարշ տվողը, Արցախը  հանձնողը, Հայաստանը  մաս- մաս թշնամուն նվիրողը, մեր ազգային արժեքները փոշիացնողը դերասանին խորհուրդ է տալիս, որ կանացի հագուստ հագնի։ Հայկոն դերասան է, կարող է կանացի շոր հագնել, բայց դուք ողջ թիմով վաղուց կանացի հագուստի մեջ եք։ Պարտվողը, երկիրը թշնամուն հանձնողը ժողովրդի աչքում կանացի շոր կրող է․․․ Դուք այդ կանացի շոր հագնողների մասն եք և Հայկոյի վրա՞ եք ղժժում։ 

Թշնամուն պարտված իշխանությանը կանացի հագուստը ավելի կսազա․․․ Իսկ Հայկոն դերասան է, ինչ շոր ասես կարող է հագնել։