Ռուսաստանն այս պատերազմում մեզ չի դավաճանել. 2

Ռուսաստանն այս պատերազմում մեզ չի դավաճանել. 2

Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ դավաճանության երկրորդ գործոն է ընկալվում Աղդամի շրջանում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացումը, որի նպատակը Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելն է։ Այդ կենտրոնի գործունեությամբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռազմական ներկայություն ապահովեց Հարավային Կովկասում։

Կառույցն, ըստ լրատվական կայքերի, գտնվում է շփման գծից 8 կիլոմետր, Ստեփանակերտից մոտ 40 կիլոմետր, Ասկերանից 26 կիլոմետր հեռավորության վրա։ Սակայն նման կենտրոն հիմնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթը «դավաճանության» փաստ է ընկալվում արդեն ոչ թե անգրագետ նիկոլապաշտ կենսազանգվածի, այլ գրագետ, նախքան պատերազմում մեր պարտությունը «թավշյա հեղափոխության» կողմնակից, Նիկոլի համակիրների շրջանում: Դա ձևակերպվում է որպես Արցախը, իմա՝ Հայաստանը, աքցանի մեջ վերցնելու ռուս-թուրքական պայմանավորվածության դրսևորում: Իսկ կիսագրագետ զանգվածի կողմից էլ տվյալ «հիմնավորմանն» ավելացվում է ընդդեմ Հայաստանի՝ ռուսական ռազմական ներկայության ապահովումն Արցախում: Եվ հաշվի չի առնվում, որ Հայաստանում վաղուց գոյություն ունի ռուսական ռազմաբազա, իսկ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն ապահովելու են արցախցիների անվտանգությունն առաջիկա 5 կամ 10 տարում (եթե 5 տարի անց ադրբեջանցիները չպահանջեն խաղաղապահ ուժերի դուրսբերումը այդ տարածքից): Սակայն հենց ադրբեջանցիների տեսակետից դա ոչ ընդունելի՝ ռուսական ռազմական ներկայություն է Ադրբեջանի տարածքում՝ ինչպիսի անվան տակ էլ այդ ուժը գործունեություն ծավալի հայ-ադրբեջանական շփման գծում: 

Վերադառնանք, սակայն, ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացմանը: Չեմ կարծում, թե առաջիկա 5 տարում Հայաստանն այնքան կհզորանա, որ կկարողանա ադրբեջանական ագրսորներին հեռացնելու Արցախից: Հատկապես, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի փաշինյան նիկոլը հեռացվի իշխանությունից, իսկ դա ոնց որ թե չի ստացվում կամ չի ստացվում այնքան արագ, որքան կցանկանայինք մենք:

Ասվածը նշանակում է, որ հայկական կողմին որևէ ձևով չպետք է անհանգստացնի  ռուս-թուրքական միացյալ կառույցը: Ուրիշ հարց, որ փաշինյան նիկոլի իշխանությունն այնքան երկարի և Ռուսաստանի Դաշնության իշխանության հետ Հայաստանի Հանրապետության ղեկավարության հարաբերություններն այնքան փչանան, որ ռուսական կողմն աչք փակի ադրբեջանական ագրեսորների սանձարձակությունների վրա: Բայց որքան էլ անկանխատեսելի լինի մեր երիտասարդների կյանքի ու առողջության հաշվին Արցախի մեծ մասը թշնամուն հանձնած և Հայաստանի սահմանները վտանգած անմեղսունակ ու դավաճան անձը, որն այսօր զբաղեցնում է վարչապետի աթոռը, չեմ կարծում, թե նա կանի այնպիսի քայլեր, որոնք կսպառնան իր միանձնյա իշխանության պահպանմանը: Այնպես, որ այդ հարցում ևս որևէ քննադատության չի դիմանում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի հիմնումը որպես ընդդեմ Արցախի ու Հայասանի ռուս-թուրքական դավադրության արտահայտություն:

Վախթանգ Սիրադեղյան