Այս ռեժիմը պետք է հասկանա՝ քանի դեռ հանձնում է մեր հայրենիքը, մարդկանց նյարդերը կարող են տեղի տալ

Այս ռեժիմը պետք է հասկանա՝ քանի դեռ հանձնում է մեր հայրենիքը, մարդկանց նյարդերը կարող են տեղի տալ

Երեկ՝ ժամը 17:00-ի սահմաններում երեք զինված քաղաքացիներ Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժման փորձ էին կատարել, նռնակ կիրառել, նրանցից երկուսը վիրավորվել են: Ոստիկանության աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։ Նրանցից մեկը` Ստեփան Հովակիմյանը «Սասնա ծռեր»-ի անդամ է, մյուս երկու` «Սասնա ծռեր»-ի համակիրներ:

Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ իրականում նրանք երեքն էլ իրենց համակիրներն են եղել, անդամագրված չեն եղել, իսկ Բևեռից որևէ մեկը տեղյակ չի եղել նրանց մտադրությունների մասին. «Պարզապես տղաները պոռթկացել են», - նշում է նա:

- Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ նրանցից մեկը` Ստեփան Հովակիմյանը 2021-ին պատգամավորի թեկնածու է եղել: Եթե նա ձեր թիմակիցը չէ, ինչպե՞ս էիք նրան ցուցակում ընդգրկել:

- Չգիտեմ, ինչպես եք տարբերություն դնում, Բևեռը բաց հարթակ է, այլ ոչ թե սովորական կուսակցություն, ինչ վերաբերում է ընտրություններին, ապա Հայաստանում ընտրություններ չեն եղել ու մինչ օրս չկան, իսկ Բևեռը ընտրություններին մասնակցել է մեկ նպատակով, մեդիահարթակի օգնությամբ մարդկանց բացատրելու, թե ինչ է տեղի ունենում իրականում ու ինչպես պետք է այս ծայրահեղ ծանր վիճակից դուրս գալ: Այս կոչին միացել են տարբեր մարդիկ, այդ թվում նրանք, ում մասին ասում եք:

- Ստացվում է, որ ձեր թիմակիցն է, էլ ինչո՞ւ եք համակիր անվանում: Վերին օղակներից այդ մարդկանց հրահանգ եղե՞լ է, թե՞ ոչ:

- Այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել ինքնաբուխ, այդ մարդիկ ինքնուրույն պոռթկացել են, սա միանշանակ կարող եք արձանագրել: Եկեք հասկանանք, թե ովքեր են կարծում, թե ուղղորդված է եղել մեր կողմից, մարդիկ, ռուսահպատակ կուսակցությունները, նրանց ներկայացուցիչները, այսօրվա իշխանության սազանդարները, մարդիկ, ովքեր անընդհատ արել են նման բաներ ու շարունակելու են անել: Նրանք հրաշալի տիրապետում են սովետական կլյաուզիայի հնարքներին և դրանց կիրառմամբ փորձում են ազդել մեզ վրա, բայց մեր պայքարը չի դադարելու, մենք թափանցիկ ենք, մեր որոշումներն էլ մեր հանրության համար բաց են: Այն, որ մեր իրականության մեջ լինելու են պոռթկացող մարդիկ դա անկասկած է: Երկրի իշխանություններն ամեն ինչ հանձնում են թշնամուն, իսկ այն մարդիկ, ովքեր դիմակայում են այդ ամենին, նրանց նկատմամբ ռեպրեսիվ գործողություններ են իրականացնում, ձերբակալում են, կալանավորում են և այլն: Նման պայմաններում բոլորը չէ, որ կարող են իրենց սթափ պահել: Այո, կլինեն մարդիկ, ովքեր կպոռթկան: Այդ ամենի պատասխանատուն Հայաստանի օրվա իշխանություններն են:

- 2016 թվականին «Սասնա ծռերը» ՊՊԾ գունդը զինված գրավեց, գուցե դա՞ է պատճառը, որ այժմ էլ ամեն մի նման քայլ ձեզ են վերագրում:

- «Սասնա ծռեր»-ի գործողությունը հստակ գիտակցված էր ու կազմակերպված: Դա քաղաքական գործողություն էր, ապստամբություն ռեժիմի դեմ, որպեսզի Արցախը մնա հայկական ու չհանձնվի: Հեատագայում, թե Ադրբեջանից, թե Հայաստանից և թե Մոսկվայից բոլորը ասացին, որ Արցախի հանձնումը 2016-ին կանխել է «Սասնա ծռերը»: Այսինքն, դա այսօրվա նման էմոցիոնալ պոռթկում չէր, հստակ գիտակցված քաղաքական ապստամբություն էր: Այն, ինչ տեղի ունեցավ երեկ` զուտ մարդկանց պոռթկումն էր: Մարդկանց նյարդերը տեղի են տվել: Նրանք երեքն էլ 44-օրյա պատերազմի մասնակից են, Արթուր Մովսիսյանը ոչ միայն մասնակից է, այլև որդեկորույս հայր, նա անգամ իր որդու թաղման արարողությանը չմնաց, մեկնելով ռազմաճակատ: «Սասնա ծռեր»-ը մտնելով ՊՊԾ գունդ հստակ հայտարարել էր, որ ապստամբություն է սկսվում` Արցախը պաշտպանելու և ռեժիմից ազատվելու նպատակով: Այսօր նման պրոցես չկա, տղաների նյարդերը տեղի են տալիս, տեսնելով, թե ինչպես է այս իշխանությունն ամեն ինչ հանձնում, պետությունը տանելով ոչնչացման ու մի բան էլ` խաղաղ հավաքի մասնակիցներին նախապես կանչում ու ասում են` եթե գնաք Ոսկեպար ձեր նկատմամբ ռեպրեսիաներ կսկսվեն: Տեսնում են դա էլ չի անցնում, հաջորդ օրը 50 մարդ են ձերբակալում: Այս ռեժիմը պետք է հասկանա, քանի դեռ հանձնում է մեր հայրենիքը, մարդկանց նյարդերը կարող են տեղի տալ ու լինի այն, ինչ եղավ: