Իրական հերոսներին բանտարկում է, ինքն իր համար նոր հերոսներ կերտում…

Իրական հերոսներին բանտարկում է, ինքն իր համար նոր հերոսներ կերտում…

Երկու օր է համացանցը քննադատում է «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը, որի մրցանակները հանձնեց վարչապետ Փաշինյանը: Մրցանակներ շնորհվեցին «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 12 մասնակիցներին, ովքեր հիմնականում ստեղծարար մարդիկ են: Ինչ խոսք, այս իրավիճակում Հայաստանում բիզնես, գործ եւ աշխատատեղ ստեղծելը, հարկեր վճարելը դրվատանքի է արժանի: Խնդիրը մրցանակաբաշխությունը կազմակերպողների եւ հանձնողի մեջ է. մարդու, ով խրոնիկ ատելություն ունի ազգայինի ու ազգային հերոսների նկատմամբ, ով ատում է ու հիմքից քանդում հայկական բանակը, վարկաբեկում հերոսական ճանապարհ անցած մարդկանց, նրանց՝ հերոսից դարձնելով հակահերոսներ, հանցագործներ, դավաճաններ: Երկիրը չավարտվող պատերազմի մեջ գցած մարդու մեջ է խնդիրը: Իսկ պատերազմող երկրում հերոսությունը առաջին հերթին այդ երկրի անվտանգության զինվոր լինելն է:

Այսօր անազատության մեջ են արցախյան առաջին պատերազմի խորհրդանիշներից մեկը՝ Պավել Մանուկյանը, գեներալ Գրիգորի Խաչատուրովը, երեք տարի է դատական քաշքշուկների մեջ է գեներալ Անդրանիկ Մակարյանը, ով արցախյան առաջին պատերազմի առանցքային դեմքերից է, Մանվել Գրիգորյանը մահացավ քաղաքական կտտանքներից, գնդապետ Գնել Մանուկյանը՝ Մասիսի ջոկատի հրամանատարը՝ նույնպես: Հերոսաբար զոհված զինվորների ծնողներին քաշքշում են Եռաբլուրում, բանտարկում: Ցանկը կարելի է երկար թվարկել, թե ինչպես է վարվում Փաշինյանը իրական հերոսների հետ: Հիմա իր հերոսներն է կերտում: Իսկ այդ «հերոսներից» մեկը, ոգեւորված, որ վերջապես իրեն նկատեցին, կարծես դարակազմիկ իրադարձություն է տեղի ունեցել, հայտարարում է, թե վերջապես պետություն ենք կերտում: Իսկ թե մինչեւ հիմա որտեղ, որ երկրում է ապրել եւ որտեղ է դասավանդել այդ ուսուցիչը, հայտնի չէ: Իհարկե, սրանում կա նաեւ նախկինների մեղքը, որոնք էլ իրենց «հերոսներն» ունեին և իրենց շրջապատից այն կողմ մարդ չէին տեսնում. կոչումների էին արժանանում այն մտավորականները, մշակույթի գործիչները, ովքեր քծնում էին երկրի առաջին դեմքերին, երջանկահիշատակ Ռիտա Սարգսյանին, գովեստի էին արժանանում այն ուսուցիչները, ովքեր ընտություններին ձայն էին բերում իշխանությանը: Փաշինյանը փայլուն պոպուլիստ լինելով, գնաց հակառակ ուղղությամբ՝ գտավ ու գնահատեց անտեսվածներին: Այլ հարց է, թե ինքն առհասարակ, բարոյապես իրավունք ունի խոսել հերոսությունից ու հերոսականությունից:

Իսկ ինչ վերաբերում է մաթեմատիկայի ուսուցչին, ով, ինչպես նրան շատ ճանաչողներ են ասում, մաթեմատիկայի լավ մասնագետ է, պետք է ասել, որ հայկական դպրոցի մանկավարժը առաջին հերթին պետք է լինի հայ, հայեցի, պետականամետ: Իսկ եթե մարդուն թվում է, թե աշխարհը պտտվում է իր շուրջ եւ մի կոչումի համար զրոյացնում է մեր երեսուն տարվա պետականությունը, ապա նման մարդը, որպես մանկավաժ, հակացուցված է հայկական դպրոցում: 

Հ/Գ Իսկական հերոսը որեւէ կոչում չէր վերցնի մի ղեկավարի ձեռքից, որ առաջ է տանում թշնամի երկրի շահերը, Արցախը հանձնեց թշնամուն, Եռաբլուրը մեծացրեց եւ Հայաստանը համարեց ապօրինի պետություն՝ քանի որ «չունի կադաստրի վկայական»:

Իրական հերոսը շատ հարցեր կունենար Փաշինյանին…