Ռուսների հանդեպ վստահությունը ավելացել է, ամերիկացիների հանդեպ՝ նվազել

Ռուսների հանդեպ վստահությունը ավելացել է, ամերիկացիների հանդեպ՝ նվազել

Թուրքական մասնավոր Gezici սոցիոլոգիական կենտրոնը ուսումնասիրություն է իրականացրել, թե որքանով են թուրքական հասարակության ներսում վստահում Ռուսաստանին եւ ռուսներին։ Հարցմանը մասնակցել է 2464 մարդ՝ թուրքական պետության 24 նահանգներից։ Ընդ որում, սոցհարցումն իրականացվել է հետեւյալ կերպ՝ որքանով են շարքային թուրքերը վստահում Ռուսաստանին, որքանով՝ Միացյալ Նահանգներին։

Նշենք, որ այս սոցիոլոգիական կենտրոնը հիմնականում իրականացրել է պետական պատվերով սոցհարցումներ։ Նկատի ունենալով այս հանգամանքը, արդեն ի սկզբանե  արձանագրենք, որ սույն սոցհարցումը ըստ էության կարող է նաեւ թուրքական իշխանությունների՝ թուրքական պետության համար օրակարգային հանդիսացող Անկարա-Մոսկվա, Անկարա-Բրյուսել /ՆԱՏՕ եւ ԵՄ/ Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում առկա խնդիրների մասով ունեցած մտայնությունների արդյունքը լինել։ Եւ այսպես, վերոնշյալ սոցհարցումը ցույց է տվել, որ թուրքական հասարակությունում 90 տոկոսը համարում է, որ Միացյալ Նահանգները Թուրքիային թշնամի երկիր է, 62,1 տոկոսի կարծիքով Ռուսաստանը Թուրքիային բարեկամ երկիր է։ Այս վիճակագրությունը հիմք ընդունելով, թուրքական փորձագիտական շրջանակներում սկսվել են քննարկումներ առ այն, որ Թուրքիան ավելի ու ավելի հեռանում է Արեւմուտքից եւ վստահում Ռուսաստանին։

Արեւմուտքից եւ հատկապես՝ Միացյալ Նահանգներից Թուրքիայի հեռացման գործընթացը, ըստ էության նոր երեւույթ համարել չի կարելի եւ այն սկսվել է 16 թվականի հուլիսի 15-ին ձախողված պետական հեղաշրջումից հետո։ 18 թվականին օրինակ, արտաքին քաղաքական եւ Մերձավոր Արեւելքի հարցերով հետազոտություններ անցկացնող Optimar կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունների համաձայն, թուրքական հասարակության 71,9 տոկոսը հակաամերիկյան տրամադրություններ է ունեցել, 22,7 տոկոսը հայտարարել է, որ մասամբ ունի հակաամերիկյան տրամադրություններ, եւ միայն  5,4 տոկոսն է հայտարարել, որ ամերիկացիներին դեմ չէ։

Հետաքրքրական է այն, որ թուրքական փորձագիտական-վերլուծական հանրույթում Ռուսաստանի հանդեպ թուրքական հասարակության 62,1 տոկոսանոց վստահությունը համարում են նշանակալի եւ դրական իրողություն, որը հատկապես շահավետ է իշխանությունների համար ընթացիկ՝ Թուրքիայի համար նախընտրական տարում, քանի որ ինչպես հայտնի է, այդ երկրի նախագահ Թայիփ Էրդողանը իր վերջին երկու նախընտրական արշավներն իրականացրել է հակաամերիկյան կարգախոսների խաղարկմամբ եւ հասել լավ հաջողությունների, նաեւ շնորհիվ դրա պահպանելով իշխանությունը։ 
Regnum.ru