Լոս Անջելեսի հայերը գործողությունների են անցնում

Լոս Անջելեսի հայերը գործողությունների են անցնում

Միավորված Սփյուռքն ուզում է ոգևորել և հույս տալ Հայաստանում և Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու: «Հրապարակի» հետ զրույցում ասաց Armenian National Association-ի նախագահ Դոնալդ Վիլսոն Բուշը: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի չորսին Լոս Անջելեսում ավտոերթ էր կայացել ՝ «Հանուն Արցախի, հանուն կյանքի» կարգախոսով: Ավտոերթը մեկնարկել էր Լոս Անջելեսի հայկական Սբ. Լևոն եկեղեցու մոտով, իսկ ավտոերթի ճանապարհն անցնում էր Բուրբանք, Գլենդել, Հոլիվուդ, Փոքր Հայաստան թաղամասերով: Ավտոերթի ավարտին ցուցարարները շրջապատել էին Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի առանձնատունը:

Վիլսոն Բուշը «Հրապարակին» տեղեկացրեց, որ ավտոերթը կազմակերպել էր մի շարք կազմակերպությունների ջանքերով, սակայն Լոս Անջելեսի հետ բանակցող անձը ակցիայի մասնակիցների կողմից եղել է ինքը:

Մեր հարցին, թե արդյոք Հայաստանի կառավարությունը որևէ աջակցություն ցուցաբերել են իրենց ավտոերթը կազմակերպելու համար, Դոնալդ Վիլսոն բուշը պատասխանեց.« Հայաստանի կառավարությունը չի օգնել կամ աջակցել այս ավտոերթը կազմակերպել: Սակայն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջունել էր այս քայլը իր անձնական ֆեյսբուքյան էջում ակցիայի մասին դրական հրապարակում անելով՝ «Լոս Անջելեսի մի խումբ մտահոգ հայերի գործողությունների շնորհիվ Լոս Անջելեսը քայլեր է ձեռնարկում»»:

Վերջինս նշեց, որ շատ ուրախ է, որ Հայաստանի կառավարությունը ոգևորված է Լոս Անջելեսում իրենց միավորող գործողություններով: 

«Մենք պատրաստ ենք աջակցել և աշխատել ժողովրդավարական ձևով ընտրված Հայաստանի և Արցախի ցանկացած կառավարության հետ»,- մեզ հետ զրույցում ասաց Վիլսոն Բուշը:
Ցուցարարները բեռնատարներով կաթվածահար էին արել Կարեն Բասսի Վինդզոր հրապարակում տեղակայված տան շրջակայքի փողոցների երթևեկությունը: 
Armenian National Association-ի նախագահը տեղեկացրեց, որ Լոս Անջելեսի քաղաքապետի տունը պաշարելուց անմիջապես հետո ոստիկանությունն է ժամանել և խնդրել ցուցարարներին ապաշրջափակել քաղաքապետ Բասսի տունը, սակայն վերջիններս չէին համաձայնել ու Վիլսոն Բուշի գլխավորությամբ հանդիպում էին պահանջել քաղաքապետի հետ: Նրանց պահանջը մեկն էր՝ հայտնել կոնկրետ դիրքորոշում Արցախի շրջափակման վերաբերյալ:
Հանդիպումն ի վերջո կայացել էր՝ միայն վեց ժամ հետո:
Բուշը տեղեկացրեց, որ այսքանով Արցախի աջակցությանն ուղղված ակցիաները չեն դադարում: Հաջողությամբ կայացած ավտոերթը Լոս Անջելեսում բնակվող հայերին էլ ավելի է ոգևորել:
«Հունվարի տասնմեկին ի աջակցություն Արցախի ևս մեկ երթ ենք իրականացնելու՝ ավտոերթ հանուն կյանքի: Մեկնարկը սկսվում է  Լոս Անջելեսի հայկական Սուրբ Գրեգորի եկեղեցու մոտից ՝ ժամը 14.50-ին: Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն մեքենա, խնդրում ենք միանալ մեր ավտոերթին՝ ի աջակցություն Արցախի, այնտեղ ապրող մարդկանց»,- «Հրապարակին» ասաց Armenian National Association-ի նախագահ Դոնալդ Վիլսոն Բուշը:

Հ.Գ. Ավելի ուշ Դոնալդ Վիլսոն Բուշը մեզ տեղեկացրեց, որ ավտոերթը հետաձգվել է։