Իսրայելը Հոլոքոսթ ապրած ազգից վերածվել է Հոլոքոսթ իրականացնողի

Իսրայելը Հոլոքոսթ ապրած ազգից վերածվել է Հոլոքոսթ իրականացնողի

Անցնող 2023 թվականն ամփոփելու և 2024-ին սպասվող զարգացումների հնարավոր տարբերակների մասին «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

 

- Որո՞նք են այն քաղաքական իրողությունները, որոնք ճակատագրական էին մեզ համար ու դեռ շարունակելու են հետևանք կամ ազդեցություն թողնել նաև 2024 թվականի քաղաքական գործընթացների վրա։

 

- Անցնող տարին դժվար է բնորոշել․ ամենաողբերգական, ճակատագրական իրավիճակն Արցախի հայաթափումն էր՝ հարյուր հազարից ավելի մարդկանց բռնագաղթը, զոհերը, որոնք էլի եղան՝ հարյուրավոր զոհեր Արցախում և սահմաններում, Հայաստանի քաղաքական և գոյության անորոշությունը և այն սահմաններն առանց Արցախի, որոնք, ըստ էության, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան չեն ճանաչում և շարունակում են իրենց նվաճողական քաղաքականությունը, որը կշարունակվի նաև հետագայում։ 

 

- Շատերն ասում են, որ 2024 թվականն աշխարհաքաղաքական գործընթացների համար շատ կարևոր տարի է լինելու, և բազմաթիվ հարցեր լուծում են ստանալու՝ աշխարհաքաղաքական բևեռներ, կոնֆլիկտների լուծումներ։ Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ։

 

- Այդ տեսակետի հետ ես համաձայն չեմ, որ 2024 թվականին ինչ-որ լուծումներ են լինելու, մոտակա տարիներին աշխարհը շարունակելու է ցնցումների մեջ լինել, և մենք, կարծում եմ, կտեսնենք հին պատերազմների շարունակություն, նոր պատերազմներ աշխարհի տարբեր մասերում, չի բացառվում նաև մեր տարածաշրջանում պատերազմների շարունակությունը, և այս շղթան մոտակա տարիներին գնալու է։ Մի քանի տարի հետո կարող է ինչ-որ հանգուցալուծում լինի, նոր աշխարհակարգ ձևավորվի՝ ինչ-որ նոր սկզբունքների վրա, որոնք մինչև հիմա դեռևս պարզ չեն, և նոր վերաբաժանումների։ Ընդամենը 2024 թվականը, կարծում եմ, այդ շղթայի մի մասն է միայն։ 

 

- 2024-ին Ադրբեջանն ի՞նչ խնդիրներ է դնելու իր առաջ Հայաստանի մասով, ու ի՞նչ նպատակով է Ալիևը գնում արտահերթ ընտրությունների՝ ինչ-որ գործողություններ լեգիտիմացնելու համա՞ր։

 

- Ինձ թվում է՝ Ալիևն Ադրբեջանում լեգիտիմանալու խնդիր չունի՝ ինքն Արցախի հարցում և պատերազմում հաղթելով՝ որևէ հարց չունի լեգիտիմիության հետ կապված։ Այլ հարց է, որ ինքը խնդիրներ ունի աշխարհաքաղաքական առումով, որովհետև ինքն իր վրա որոշակի պարտավորություններ է վերցրել, որ իրեն թույլ են տվել Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնել, և հիմա ինքը որոշակի աքցանի մեջ կարող է հայտնվել Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Արևմուտք կոնտեքստի մեջ։ Ադրբեջանը լիքը հակասություններ ունի Արևմուտքի հետ, կարծում եմ՝ գլխավոր հակասություններից մեկն այդ Հյուսիս-հարավ ճանապարհն է, որ Իրանը, Ռուսաստանը պիտի կապի մինչևՊարսից ծոց, ինչը Միացյալ Նահանգների և Արևմուտքի ծրագրերի մեջ չի մտնում։ 

 

- 2024-ին կարո՞ղ ենք ակնկալել Իրանի վրա հարձակում, որի ժամանակ Ադրբեջանը որպես պլատֆորմ կարող է օգտագործվել։

 

- Մի քիչ դժվար եմ դա պատկերացնում։

 

- Այսինքն՝ Ալիևը հարվածի տակ չի՞ դնի Ադրբեջանը, ամեն պարագայում։

 

- Ինքը, իհարկե, հարվածի տակ չի դնելու, բայց իրեն կարող են հարվածի տակ դնել։ Թե ինչպես, չեմ կարող ասել, որովհետև սցենարները, ինչպես տեսնում ենք, բավականին սրամիտ են լինում։ Կարող են դադարեցնել Ադրբեջանից նավթի գնումը, հազար ձևի կոմպրոմատներ կան, ներսից դժգոհության ալիք, ֆինանսական ճնշումներ, պատժամիջոցներ, բացահայտումներ ինչ-որ, ամեն ինչ կարող է լինել։

 

- Գազայում Իսրայելը կարողացա՞վ հասնել իր նպատակին, փակե՞ց Պաղեստինի հարցը։

 

- Գազայում, իհարկե, ինչ-որ հարցեր ինքը լուծեց, բայց խոսել, որ Պաղեստինի հարցում Իսրայելը հաղթում է՝ դա երկար գործընթաց է լինելու, և այդ հաղթանակը ես դժվար եմ պատկերացնում՝ դա իմ կարծիքն է։ Նախ, Իսրայելի իմիջն ամբողջ աշխարհում վարկաբեկվել է, ինքը հոլոքոսթ ապրած ազգից վերածվել է հոլոքոսթ իրականացնողի, իսկ պաղեստինցիները ոչ մի տեղ չեն անհայտանում Երկիր մոլորակից, և Իլոն Մասկն է լավ ասել՝ եթե առաջ որոշակի քանակությամբ տեռորիստներ կային պաղեստինցի, հիմա այս երեխաները, այս ամեն ինչը տեսնելով, մեծանալու են, նրանց թիվը տասնապատիկ անգամ ավելի է շատանալու։ Ստրատեգիական և բարոյական առումով Իսրայելը պարտություն է կրում, բայց դա չի նշանակում, որ հողի վրա պարտություն է կրել։

 

- Արաբական աշխարհը չնայած պառակտված է, սակայն Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, որոնք ավանդաբար արևմտյան ազդեցության տակ գտնվող թագավորություններ են, այս տարի Պուտինին ընդունեցին՝ արևելյան շքեղությամբ։ Արդյո՞ք խոսք է գնում արևմտյան կապանքներից փոքր-ինչ ազատվելու մասին։

 

- Երբ որ միաբևեռ աշխարհից անցում է կատարվում բազմաբևեռ աշխարհի, և երբ որ Միացյալ Նահանգներն արդեն տնտեսական հեգեմոն չեն, և իր մեջքին արդեն շնչում է Չինաստանը, երբ որ կոնֆլիկտները շատանում են, և Միացյալ Նահանգները չեն հասցնում այդ կոնֆլիկտներին միաժամանակ բազմաթիվ ուղղություններով արձագանքել, բնականաբար, մյուս երկրների հնարավորությունները մեծանում են։ Իսկ այդ՝ «մեծ երկրներ» հասկացությունը վերաբերում է նաև արաբական աշխարհի երկրներին, դա օբյեկտիվ պրոցես է։

 

- Կարո՞ղ ենք ասել, որ այս երկու արաբական թագավորություններն ընտրեցին ոչ արևմտյան բևեռը՝ Ռուսաստան, Իրան, Չինաստան բևեռն ընտրեցին։

 

- Ես կարծում եմ՝ իրենց առաջ ընտրություն դրված չէ՝ իրենք իրենց գործողություններում ուղղակի ավելի ազատ են և ավելի ազատ են քաղաքականություն վարել ըստ իրենց ազգային շահերի։ Իրենք ընտրության խնդիր չունեն, իրենք ուղղակի ավելի ինքնուրույն են դառնում։

 

- 2024-ին ակնկալո՞ւմ եք, որ կստորագրվի խաղաղության պայմանագիր։ 

 

- Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանն արձանագրի Արցախից վերջնականապես պայմանագրային տեսքով հրաժարումը, որպեսզի արցախցիների նաև պետական միավորումից հրաժարվեն, և երկրորդը՝ Ալիևն իր վրա պարտավորություն չի վերցնում՝ Հայաստանի սահմանները ճանաչելու։ Այսինքն, սա պարտության պայմանագիր կարող է լինել, որը հետագայում նոր պատերազմների կարող է բերել։