«Նիկո'լ, դավաճանը» հնչեց նաև Արցախում

«Նիկո'լ, դավաճանը» հնչեց նաև Արցախում

Այսօր Ստեփանակերտում Արցախի անկախության օրվա առթիվ բազմաթիվ քաղաքացիներ երթ անցկացրեցին` ի պաշտպանություն Արցախի: Կազմակերպիչը դարձյալ Դաշնակցությունն էր: Երթի ընթացքում հնչում էին նույն երգերն ու լոզունգները, ինչ Երևանում կազմակերպվող երթերի ժամանակ: Երթի առջևից ընթանում էր սպիտակ պիկապը, որի վրա բարձրախոսներն էին տեղադրված, և երկու երիտասարդ, հավանաբար` դաշնակցական, վանկարկում էին արդեն բոլորիս ծանոթ ֆռազաները. «Արցախին ասում ենք` այո, Հայաստանին ասում ենք` այո, Նիկոլին ասում ենք` ոչ»:

Ընթացքում ժողովուրդը վանկարկում էր նաև. «Նիկոլ, դավաճան»: Պիկապի դիմացից քայլում էին նաեւ Արցախի հսկայական դրոշը բռնած երիտասարդները: Ի դեպ, սպիտակ պիկապը, որի վրա կանգնած էին երկու երիտասարդները և վարում էին երթը, պետական մեքենա էր` Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության պետական ծառայության (ԱԻՊԾ) պետհամարանիշներով: ԱԻՊԾ-ն Արցախի ներքին գործերի նախարարության կազմում գործող կառույց է: Իսկ Ներքին գործերի նախարարն էլ Կարոն Սարգսյանն է, որը, ի դեպ, վերջերս խնամիացել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի Արթուր Վանեցյանի հետ: Զարմացանք, թե ինչպե՞ս է ստացվել, որ պետական ապարատի ավտոմեքենան ծառայում է ընդդիմադիրների երթին: Ասացին` նախարարությունն է տրամադրել, նախարարն էլ տեղյակ է: Իսկ Հայաստանում ընդդիմադիր ուժերն իրենց սեփական պիկապներն են օգտագործում երթերի ժամանակ: Երթը ավարտվեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ արդեն մեկնարկեց հանրահավաքը: Նշենք, որ Երևանում ևս այսօր Արցախի անկախության օրվա առթիվ ընդդիմությունը երթ և հանրահավաք էր կազմակերպել:

Տեսանյութը՝ քիչ ուշ